ԿԱՐԾԻՔՆԵՐ

«ՆԱՐՑԻՍ» գրական-մշակութային ամսագրի խմբագրակազմին

Հարգելի բարեկամներ,
ջերմորեն ողջունում եմ Ձեր գործունեությունը, մաղթում ստեղծագործական երկար ճանապարհ:
«Նարցիս» ամսագիրն իր առաջին իսկ համարներով գրասեր հանրությանը ներկայացավ որպես կայացած ու կենսունակ պարբերական և կարճ ժամանակահատվածում իր շուրջը համախմբեց արդի հայ արվեստում բարի համարում ու պատկառելի վաստակ ունեցող ուժերի: Դուք ամսագրի յուրաքանչյուր նոր համարով ամբողջացրիք Ձեր ստեղծագործական հավատամքը և ցույց տվեցիք, որ նարցիսականների համար կյանքի չափանիշը արվեստն է, իսկ արվեստի չափանիշը կատարելության հասնելու ձգտումը: Այսօր «Նարցիսի» էջերում տպագրվելու ակնկալիքը շատերին է ստեղծագործական լիցքեր հաղորդում և դրդում գրիչ վերցնելու, և դա պերճախոս վկայությունն է ամսագրի օրեցօր աճող հեղինակության:
Ցավոք, ստեղծագործական անուրանալի հաջողություններով հանդերձ, ամսագիրը կանգնած է ֆինանսական դժվարությունների առաջ, և ցանկալի կլիներ նրա շուրջը համախմբված տեսնել նաև գործարար անհատների:
Վերստին ողջունում եմ «Նարցիսի» հաջողությունները և պատրաստակամություն հայտնում համագործակցության:

ՀՀ մշակույթի նախարար
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈԱՅԱՆ

***
«Նարցիս» գրական-գեղարվեստական մշակութային հանդեսը, իրոք, թարմ շունչ հաղորդեց մեր գրական մամուլի, ընդհանուր առմամբ, դժգույն մթնոլորտին: Դասականի և արդիականի հմուտ զուգակցում, ճաշակավոր փորձարարություն, նոր անուններ, թարգմանական ընտիր էջեր, – և այս ամենը ոճի ու ձևի ներդաշնակ մատուցմամբ:

Շատ բարձր եմ գնահատում խմբագրակազմի ազնիվ ջանքերը հանդեսը դարձնել ճշմարիտ գրականության ամբիոն, դրանով իսկ նպաստելով, ըստ իս, արդի գրական կյանքի ամենախոցելի երևույթը հաղթահարելուն` կապված խաթարված գրական չափանիշների վերականգնման հետ:

Հայաստանի գրողների միության նախկին նախագահ
ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ

***
«Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսը< մուտք գործելով գրական դաշտ, բերեց արժեքային նոր սանդղակ և մինչև օրս պահպանում է այդ արժեքայնությունը: Այս դարձդարձիկ օրերում «Նարցիսը» մի հանդես է, որ տուրք չտվեց գռեհկաբանություններին, ժամանակակից ցածրարժեք մշակութային (իբր) տարրերին:
Բարձր գեղագիտական ճաշակով են ընտրված բոլոր նյութերը, իսկ թարգմանական գրականությունը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն շփվել տարբեր երկրների գրողների հետ, այլև զուգահեռներ անցկացնել մեր գրականության հետ:
Հավատացած եմ, որ «Նարցիս» հանդեսի դերը մեր գրական–մշակութային կյանքում մշտապես լինելու է առաջատար:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան
բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր
ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆ

***
Գրական չափանիշների և մանավանդ ճաշակի գրեթե իսպառ ոչնչացման մեր օրերում «Նարցիսը» հայտնվեց որպես բարձր գրականության նվիրյալ և մինչ օրս շարունակում է իր առաքելությունը: Սակավամարդ խմբագրակազմը և հրատարակչական սուղ միջոցները չխանգարեցին, որ պարբերականը հավատարիմ մնա իր սկզբունքներին: Ցանկալի է, որ «Նարցիսն» ունենա հիշյալ միջոցները՝ ավելի մեծ նպատակներ իրագործելու և ընթերցող լայն հասարակության մշտական սիրելին դառնալու համար:

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ
Բանաստեղծ

***
Մեր գրական կյանքում «Նարցիս» գրական-գեղարվեստական-մշակութային հանդեսի ծնունդը եղավ հաճելի և կարևոր երևույթ: Գրական չափազանց քիչ հանդեսների կողքին «Նարցիսը» դարձավ նկատելի և անմիջաբար արժանացավ ընթերցողի համակրանքին, գրաքննադատության ուշադրությանը: Կարելի է ասել, որ առ այսօր էլ չի նվազել այդ սերը և արժեքավորումը: «Նարցիսը» շատ կողմերով, հատկապես արտասահմանյան գրականության և գեղարվեստի վկայակոչումներով, գեղագիտական մտքի հետ ծանոթացումներով շահեկանորեն տարբերվում է մեզանում եղած գրական հանդեսներից: Նկատելի է նաև որոշակի ճաշակ գեղարվեստական նյութի ընտրության հարցում: «Նարցիսի» յուրաքանչյուր նոր համարին սպասողներ միշտ կան:
«Նարցիսին» երկար ճանապարհ եմ մաղթում:

ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի
հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ
դոկտոր-պրոֆեսոր ՎԱԶԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

***
20-րդ դարի հայ գրականությունը հարուստ է գրական մամուլով: Հիշենք Վ. Տերյանի «Գարուն» (1912) ալմանախը, Կ. Զարյանի «Մեհյան»-ը, «Բարձրավանք»-ը, «Մենք»-ը, «Հայրենիք»-ը… Եվ այս անունների կողքին, անշուշտ, «Նարցիս»-ը ոչ միայն իր ամբողջ էությամբ հակված է նորին ու դարի պատկերացումների կրողն է, այլև ունի իր որոշակի տեսական-գեղագիտական ծրագիրը:

ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ
գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

«Նարցիսի» հայտնությունը

Ցանկացած ժողովրդի գրականության ճակատագրում անփոխարինելի դեր ունի գրական մամուլը, որը ոչ միայն հրահրում, բորբոքում է գրողին ստեղծագործելու, այլև ժողովրդականացնելով ստեղծագործությունը, հասարակությանը դարձնում է ընթերցող:
Այսօրվա հայաստանյան, կարելի է ասել, անգրականամամուլ մթնոլորտում «Նարցիսի» հայտնությունը իսկապես հայտնություն է ոչ միայն նոր անուններ, այլև նորացված անուններ, ոչ միայն նոր հայացք, այլև նորացված հայացք հին արժեքներին:
Եվ չնայած իր կարճ կենսագրությանը, այսօր ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց «Նարցիսի», այսինքն թե` մեր ամսագիրը, ես ուզում եմ այդպես անվանել, ինձ` հին, բայց ոչ հնացած ընթերցողիս, նորից դարձրեց ընթերցող պատանի, երբ ամսագրի ամեն համարը բացելիս սիրտդ թրթռում է, որ կհանդիպես մինչ այսօր չգրված, չտպագրված մի քարագիր անանց տողի:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
գրող, հրապարակախոս, «Անդին» ամսագրի գլխավոր խմբագիր

***
«Նարցիս» ամսագիրը վերջին տարիների լավագույն գեղարվեստական չափանիշ հաստատողն է: Նաև գեղարվեստի փիլիսոփայության ասպարեզում:
Նորովի են ներկայանում մեր արձակագիրներն ու բանաստեղծները, հայտնվում են շնորհալի երիտասարդ գրողներ:
«Նարցիսը» չի հմայվում ինքն իրենով, ուրիշներով է ոգեշնչվում:
Թող շարունակվի այս կերպը:

Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի տնօրեն,
Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ
ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

***
«Նարցիս»-ը շատ կարճ ժամանակամիջոցում դարձավ մեր գրական կյանքի կարևորագույն մի հատվածը. այն, ինչ հանդեսը մինչ օրս տպագրել է, արտացոլում և վերարտադրում է այն ամենը, ինչը հատկանշական է ժամանակակից բանաստեղծությանը, արձակին, քննադատությանը: Հանդեսը մեր օրերում լցնում է մի հսկայական տարածք, այն ընթերցված է, ամենակարևորը՝ իր ճաշակավոր մատուցումներով դարձել է մեր գրական առօրյայի արդեն անփոխարինելի երևույթը: Ամեն գրական հանդես չէ, որ կենսականորեն ապահովություն է ձեռք բերում: «Նարցիսը» արդեն հասել է դրան:

ՀՀ մշակույթի նախկին նախարար
բանաստեղծ, թարգմանիչ
ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ

***
Հեռուն, որ մեզ ներկայանում է «Նարցիս»-ի էջերում, մեր ինքնահաղթահարումի կորովն է, բաց շնչառություն՝ վաղորդայնի թարմությամբ, հոգևոր մի տարածք, ուր ազատ է գրիչն իր մտածումներում, շարժումի ու գեղագիտական դավանումներում։ Մեր մշակութային իրականության մեջ իրեն արդեն իսկ հաստատել է «Նարցիս»-ը՝ վերջին տարիների թերևս ամենահետաքրքիր ու ինքնատիպ պարբերականներից մեկը, ուր բառը եւ հայացքը աշխարհվում են մաքուր։ «Նարցիսն» անխաբ հաղորդություն է ինչպես մեր ազգային, այնպես էլ համաշխարհային մշակույթի ու գրականության գեղեցիկ որոնումների հետ։ Եվ համոզված եմ, որ Ծաղիկը ոչ միայն ինքն իրենով էր հիացած (չմոռանանք, որ առանց ինքնահիացումի չկա հիացում), այլեւ իր արտացոլանքն այնքան բարձր արվեստով ներառած գետ ու գրի հնարավորություններով։

ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԼՂՀ ԳՄ նախագահ,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
ք. Ստեփանակերտ

***
Ներկայիս գրական-մշակութային հանդեսների շարքում «Նարցիս» ամսագիրն ունի իր ուրույն դեմքը: Այն, ըստ իս, կարող է բավարարել խստապահանջ ընթերցողին իր ժանրային բազմազանությամբ և տպագրական բարձր որակով: Կարդում եմ հաճույքով և անհամբեր սպասում յուրաքանչյուր համարին: Մաղթում եմ նրան մրցակցային հմտություններ և անկողմնակալ ընտրությունների խոհեմություն:

ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ
բանաստեղծ, ՀՀ ՊՆ Միջազգային ռազմական համագործակցության
և պաշտպանական ծրագրերի վարչության ավագ սպա, փոխգնդապետ

***
Ընդամենը մեկ տարի առաջ առիթ ունեցա ծանոթանալու «Նարցիս» ամսագրին: Այն ինձ անմիջապես գրավեց: Ամսագիրը տպագրում է նյութեր ամեն ինչի մասին: Դրանք ընտրված են մեծ բծախնդրությամբ և գրական բարձր ճաշակով: Ես ուրախ եմ, որ արդեն «Նարցիսի» ընթերցողն եմ: Յուրաքանչյուր նոր համարի ես անհամբերությամբ եմ սպասում:

ՂԱԶԱՐՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ
ՀՀ ԶՈՒ գնդապետ

***
«ՆԱՐՑԻՍ» գրական-գեղարվեստական ամսագիրն այսօր մեր մշակութային կյանքի անժխտելի իրողությունն է:
Ամսագիրը տպագրվել սկսեց մտավոր վաակումի պայմաններում, երբ չէր հրատարակվում արժեքավոր ոչինչ, եկավ ապացուցելու, որ առաքելություն ունի, որը և, փառք Աստծո, հաջողությամբ իրագործում է առ այսօր:

Երվանդ Քոչար թանգարանի տնօրեն
ԼԱԼԱ ՔՈՉԱՐ

***
Հարգելի՛ խմբագրություն,

«Նարցիս»-ը իր բովանդակությամբ ու խորքով, նյութերի բազմազանությամբ ու նոր անուններով, ինչպես նաև խնամված ու գեղեցիկ տպագրությամբ հիրավի կարող է դասվել մեր ժամանակակից գրականության ու արվեստի լավագույն հրատարակությունների շարքին:
Մաղթում եմ ձեզ ուժ և կորով, կանաչ ճանապարհ ու հարատևություն:

Սիրով
ԿՈԼԻԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
պարսկահայ արձակագիր,
գրական ամսագրի գլխավոր խմբագիր

***
«Նարցիսն» ինձ դուր է գալիս: Իր դեմքն ունի: Նկատի ունեմ և՛ ձևավորումը, և՛ բովանդակությունը: Լավ է, որ հեղինակների թվում են տարբեր սերունդների գրողներ՝ Աղասի Այվազյանից մինչև ամենանորերը: Շատ լավ է, որ հանդեսը ներկայացնում է արտասահմանյան գրականությունը և գրական միտքը: Լավ է, որ, օրինակ, տպագրվում է Ռոլան Բարթի ամենահայտնի գործերից մեկը՝ «Հեղինակի մահը»: Տա Աստված, որ «Նարցիսը» երկար գործի մեր գրական դաշտում:

Գրականության ինստիտուտի նախկին տնօրեն
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

***
«Նարցիսի» առաջին իսկ համարներն արդեն վկայում էին, որ հանդեսն իր մանկությունը «արգանդային» շրջանում է ապրել: Առաջին համարից սկսած և շարունակաբար մյուս համարներում առկա են շատ որոշակի սկզբունքներ ու չափանիշներ: Վերջին մեկուկես տասնամյակի գրական զարգացումների առանձնահատկությունները կրող գործեր են տպագրվում «Նարցիսի» էջերում, իսկ նման համապատկերը հանդեսի խմբագրության լայնախոհության արդյունք է:
Պետք է ամեն գնով պահպանել մեր ազգի համար խիստ կարևոր այս մշակութային օջախը: Երկար կյանք քեզ, «Նարցիս»:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախկին դեկան
բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
ԳԱՌՆԻԿ ԱՆԱՆՅԱՆ

***
Ողջունում եմ «Նարցիս» ամսագրին: Չնայած գրական հանդեսի համար նա գրեթե տարիք չունի (երրորդ տարին է), այնուամենայնիվ ձեռք է բերել բնավորություն, հայացք ու ճաշակ է մշակում, մեր այսօրվա գրողների ու արվեստագետների ճշմարիտ խոսքն է հասցնում ընթերցողներին: Նորօրյա գրականության նկատմամբ ունեցած իներտ միջավայրում այն ձեռք է բերել այնպիսի ձգողական ուժ, որ գրողները, մշակույթի ու գիտության գործիչները՝ ահել թե ջահել, ցանկանում են տպագրվել հենց այս ամսագրում: Ես հավատում եմ, որ այդպես է:

ԶԱՎԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս
գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

***
Մշակութային ազգ հասկացողությունը աբստրակտ չէ. այն բաղկացած է կոնկրետ մշակութային երևույթներից: Այդ թվում «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսը, որն այս երեք տարվա ընթացքում դարձավ Հայաստանի մշակութային և գրական կյանքի անփոխարինելի մի մաս: Բարձր գեղարվեստական չափանիշները, գրական խիստ ճաշակը առանձնացնում են այդ հանդեսը մեր, ցավոք սրտի, ոչ այդքան հարուստ մշակութային միջավայրից:
Ես անչափ ուրախ եմ, որ բախտ ունեմ լինել այս հանդեսի մշտական ընթերցողը: Մաղթում եմ «Նարցիսին» շարունակել նույն եռանդով իր աշխատանքը, քանի որ այն սերմը, որ ցանում է հանդեսի խմբագրությունը, անկասկած բերում է և կբերի ապագայում բարձր գրական արժեք ունեցող գործեր:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար
արվեստի վաստակավոր գործիչ
ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆ

***
«Նարցիս» հանդեսի մասին շատ լավ կարծիքի եմ: Ե՛վ գրական տեքստերի, և՛ մշակույթի տարողունակ շրջանակի, և՛ նյութերի մատուցման առումով: Աստված տա` միշտ այսպես շարունակեք, չենթարկվեք պարտադրանքի, մնաք ձեր խղճին ու ճաշակին, ձեր ուսերին չառնեք Գրողներր միության թացուչոր բեռը ու չլծվեք նրա սայլին:

ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ
գրականագետ,
«Նորք» գրական պարբերականի խմբագիր

***
«Նարցիսը» առաջին համարից իսկ որպես անխախտ սկբունք համարձակորեն ընդունեց բարձր ինտոնացիայի ստեղծագործությունների հրապարակումը: Որքան նկատել եմ, համարներում չկան նյութեր, որ տեղ են գտել հենց այնպես, առանց հանդեսի մշակութաբանական քաղաքականության պահանջի:
Ամենաքմահաճ ընթերցողին հանդեսը ծածկում է բավականության զգացումով: Այս իմաստով ծանր-պատվաբեր բեռ է ուսել «Նարցիսը»:
Մեր գրական-մշակութային հետաքրքիր խմորումները,– նաև թարգմանական բարձրաճաշակ նյութերը,– նա ձգտում է հասցնել ընթերցողին: Այդ նպատակը, պետք է ասել, հրաշալիորեն իրագործվում է խմբագրի և խմբագրակազմի ջանքերով՝ ի հակառակ ժամանակի անբարենպաստ հողմերի և կյանքի նյութականացման վայրագ հորձանքի:

«Նարցիսը» մեր հոգին փրկող խիզախ մեկն է:
ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ
բանաստեղծ, ՊՆ տեղեկատվական վարչության
գլխավոր խմբագիր

***
Ամեն նորի ծնունդ աչքալուսանք է՝ ցանկությունների առատությամբ: «Նարցիսը» այդպես ծնվեց և միանգամից սկսեց վստահ քայել: Ակամայից զուգահեռներ են առաջանում՝ մշակութային, գրական հանդեսի առնչությամբ՝ Գարեգին Լևոնյանի «Գեղարվեստ», Արշակ Չոպանյանի «Անահիտ», Վարդգես Պետրոսյանի «Գարուն» ֆենոմենների հետ ու այսօր նրանցից լավն է: Էրուդիտների խմբագրակազմը ու արդեն լույս տեսած համարները դրա վառ վկայությունն են:

Բանասիրության գիտությունների դոկտոր պրոֆեսոր
ՄԵԼԱ ՍԱՆԹՈՅԱՆ
ք. Վանաձոր

***
Գրա-մշակութային ցանկացած պարբերականի խնդիրը Խոսքը ընթերցողին հասցնելն է, գրական-մշակութային պրոցես ձևավորելը և հանրային ճաշակ դաստիարակելը: «Նարցիսը» ազնվորեն և անվրեպ է կատարում այս առաքելությունը. նյութերի խստապահանջ և ճաշակավոր ընտրություն, որոշակի, զուտ «Նարցիս»-ական հստակ ուղղվածություն, նոր ու թարմ ասելիքի շարունակական որոնում, տեքստերի հոգատար ու դիպուկ խմբագրում, հետաքրքիր ձևավորում և այլն:
Թվարկումը կարելի է շարունակել, բայց ցանկանում եմ շեշտադրումն անել ամենագլխավորի վրա. կարճ ժամանակահատվածում, որը մեկ այլ հանդեսի կբավարարեր ընդամենը իր տեղը գրա-մշակութային դաշտում նշակետելու համար, «Նարցիսը» այս որակների շնորհիվ ոչ միայն արդեն «պարսպապատել» է իր ազդեցության դաշտը, այլև սիրելի ու փնտրված է շատ ու շատ հեղինակների ու ընթերցողների համար, եղանակ է ստեղծում հանրային մտածողության մեջ, իր բարձրաճաշակ ոլորտն է առնում նորանոր մշակութային ուժեր, հատկապես երիտասարդներին, ինչը ենթադրում է այս վաղուց սպասված հոսանքի շարունակականություն:
«Նարցիսը» էլիտար հանդես է լավագույն իմաստով, այսինքն հատընտիր, բարձրաճաշակ, ավանդապահ ու նորարար միաժամանակ և մնում է միայն դրա համար շնորհակալություն հայտնել խմբագրակազմին, որ սրտով ու խորիմացությամբ է անում իր գործը, մաղթել «Նարցիսին» վստահ ընթացք, իսկ բոլորիս՝ արդյունավետ համագործակցություն սիրելի հանդեսի հետ:

ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ
02 շաբաթաթերթի խմբագիր
Բանաստեղծ, թարգմանիչ
բանասիրական գիտությունների թեկնածու

***
«Նարցիս» հանդեսի մուտքը մեր իրականություն և մանավանդ գրական-մշակութային կյանք բեկումնային եղավ: Չափանիշների անկումային այս օրերին «Նարցիսը» եկավ հաստատելու, որ դեռ չի անցել և չի անցնի երբեք բարձր գեղարվեստական-էսթետիկական ճաշակի ու ըմբռնման ժամանակը: Թող «Նարցիսի» ընթացքը միշտ աներեր ու հաստատուն լինի:

Գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն
ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ

***
«Նարցիս» գրական-գեղարվեստական մշակութային հանդեսն իր ծնունդն ազդարարեց հայ գրականության համար անորոշ ժամանակներում և հույսի պես էր, քանի որ նոր գրական մամուլի լույսընծայումը վկայությունն էր նրա, որ վիճակն այնքան էլ անհույս չէ, եթե շարունակվում է հետաքրքրությունը գրականության և մշակույթի նկատմամբ: Հանդեսն իր էջերում ներկայացնելով մեր գրականությունն ու մշակույթը բազմաժանր և բազմաբովանդակ, իր համար չափանիշ որդեգրեց բարձրագույն արժեքները և շարունակում է հավատարիմ մնալ իր դավանանքին: Ամենակարևորը, որ մեծ է հանդեսի ներուժը և, ուրեմն, ընթերցողների ակնկալիքներն են մեծ:
Եվ յուրաքանչյուր նոր համար այդ ակնկալիքների բավարարումն է, յուրաքանչյուր նոր համար ավանս է հետագա առավել հաճախ հանդիպումների:

ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆ
Բանաստեղծ , հրապարակախոս, դրամատուրգ

… Անդրադառնալով “Նարցիս” հանդեսին` պետք է ըստ ամենայնի գնահատեմ նրա երևույթը գրական մամուլի սուղ պայմաններում, ուր մի որոշ ընտրությամբ ասպարեզ ունեն գրողներն ու քննադատները, և հնարավորինս պահպանում է գեղարվեստական չափանիշների ընդհանուր սահմանագիծը։ Միանգամայն ուսանելի է հանդեսի արդիական ուղղվածությունը, նրա ուղղակի հաղորդակցումը համաշխարհային գրականության ժամանակակից միտումներին։

Ակադեմիկոս` ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ

***

Յուրաքանչյուր մշակութային ժամանակ ունենում է իր մագնիսական կենտրոնները, որտեղ հավաքվում են այդ ժամանակի հատկապես նոր սերունդը, և դրանով իսկ ձգում այլ սերունդների ևս: Մեր երիտասարդության տարիներին այդպիսի մի մագնիսական կենտրոն էր «Գարուն» ամսագիրը, իսկ վերջին տասնամյակում այդ դերն իր վրա վերցրեց «Նարցիս»-ը: Շատ կարճ, շատ արագ դարձավ այն հասցեն, որը փնտրում էր գրականության, արվեստի մարդը, հատկապես այսօրվա ստեղծագործողը, նա, ով այս Հայաստանի հետ էր մտնում կյանք: Սա այս Հայաստանի հետ կյանք մտած արվեստագետների հարթակն է: Եվ այդ իմաստով կարևոր, որովհետև հիմա, եթե թերթենք «Նարցիս»-ը, ապա կարող ենք նաև մեր վերջին տասնամյակի մշակութային քարտեզը տեսնել: Ես ճիշտն ասած մտահոգված եմ, որ իր գոյության տասնամյակի շեմին «Նարցիս»-ը պակաս պարբերականությամբ է լույս տեսնում: Եվ ուրախ կլինեի, եթե իր գոյության տասնամյակը «Նարցիս»-ը դիմավորեր վերականգնված պարբերականությամբ: Այսպիսի հանդեսները մեր օրերի կենսատարածքն է, որը կարելի է անվանել «կանաչ գոտի» : Ընթերցողը սովորել է «Նարցիս»-ի գոյությանը իր կյանքում: Գրող, բանաստեղծ,արվեստաբան, մշակութաբան , հրապարակախոս մարդիկ սովորել են «Նարցիս»-ի գոյությանը իրենց կյանքում: Եվ կարծում եմ, որ կգտնվեն Հայաստանում մարդիկ, ովքեր կարող են ձեռք մեկնել հանդեսի հրատարակությունն իր պարբերականությամբ վերականգնելու և ընթացքը շարունակելու համար: Դու պետք է պահես մշակույթը, որ մշակույթն էլ քեզ պահի: Դու պետք է խնամես քո պարտեզը, որ այն քեզ պտուղներ վերադարձնի: Ես նաև ուզում եմ արժանին մատուցել բոլոր նրանց, ովքեր «Նարցիս»-ը հիմնադրեցին, քանի որ «Նարցիս» -ը ընդարձակեց մեր տեսողությունը, որովհետև ոչ միայն հայկական մշակութային կյանքն է արտացոլում, այլև բերում է մեզ շրջապատող աշխարհի մշակույթը: Մի խոսքով, «Նարցիս» հանդեսի գոյությունը մեր վերջին տաս տարիների կենսագրության մի մասն է և այդ կենսագրությունը շարունակելը հոգևոր, հասարակական ու բարոյական պարտավորություն է: Ես հույս ունեմ, որ կհաջողվի պահպանել հանդեսը մեր մշակութային իրականության մեջ: Առասպելական «Նարցիս»-ը իրեն տեսավ ջրի մեջ ու սիրահարվեց, քանի որ նա չգիտեր, որ դա ինքն է: Ստեղծագործող մարդն էլ այդպիսինն է: Նա իր ներսի գեղեցկությունն է արտացոլում իր ստեղծագործությամբ:
«Նարցիսն» օգնում է տեսնել գեղեցկության տեղը:

ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Դրամատուրգ-կինոգետ, Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր

«Նարցիս»-ը յուրօրինակ և ինքնատիպ ձեռագիր ունեցող գրական-մշակութային այն հանդեսն է, որ առաջին համարից իսկ կարողացավ մեկտեղել մեր ժամանակակից Մտքի լավագույն կրողներին, ստեղծեց գրական մշակութային այն ջերմ մթնոլորտը, առանց որի անհնար է գրականության և մշակույթի առաջընթացը ժամանակին համաշունչ:
Ցանկացած ոք, ով դառնում է «Նարցիս»-ի ուղեկիցը, լինի նա գրող, թե հովանավոր< վաղը իր ժառանգներին հպարտությամբ է ասելու.
– Ես ել մեկն եմ Նրանցից…

ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ
Դրամատուրգ, «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիր

Խոսք «Նարցիս»-ի մասին

«Նարցիս»-ի մասին խոսք ասել` հեշտ է ու դժվար: Ասել, թե «Նարցիս»-ը մի նոր շունչ բերեց արդի հայ գրականություն, թե «Նարցիս»-ը տպագրում է միայն որակյալ գրականություն, երիտասարդներին է ճանապարհ հարթում և իր ամեն մի նոր համարը մի նոր միտք ու զգացում է բացահայտում. Կարծում եմ հայտնի է բոլորին: Սակայն ես ուզում եմ խոսել Գեղեցիկի ու Գեղեցկության մասին, որի պակասը այնքան տեսանելի է այսօր:
Գեղեցիկի ու Գեղեցկության մասին, որ «Նարցիս»-ի մասին է, հրաշալի տողեր ունի «Նարցիս»-ի վաղամեռիկ գլխավոր խմբագիր, հանճարեղ պոետ Վահան Վարդանյանը իր «Նարցիս» արձակ բանաստեղծության մեջ`
– Գեղեցկությունը այս ո՞վ է բերել այստեղ, ի՞նչ վայրերից, արդյո՞ք անտառներից ու լեռներից մի հեռվի, արևելքի±ց արդյոք, թե՞ հյուսիսից միայն` գեղեցկությունը քո, գեղեցկությունը քո անբնական…
Եվ այս «անբնական» Գեղեցկությունը ամեն անգամ բերում է «Նարցիս»-ի նոր համարը:

ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆ