Ալիս Հովհաննիսյան «ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱ»

SONY DSC

Դժվար չէ ենթադրել, որ մեր Տեր Աստծո ստեղծած աշխարհի տարբեր ծայրերում, նույնիսկ անապատում ու օվկիանոսի հատակին, Նրա ստեղծած արարածների գործողությունների մեջ անհաշվելի են նույնանմանները: Նույն այն պահին, երբ ոտքերիս մոտ ընկած մրջնի դիակը մի քիչ տնտղելուց, մի քիչ շուրջը պտտվելուց և նրա վաղաժամ մահվան առթիվ որոշ զգացումներ ունենալուց հետո մի ուրիշ մրջյուն, գուցեև նրա ամենամոտիկ արյունակիցը, նրան քարշ տալով տարավ` որպես ձմեռվա պաշար, օվկիանոսի հատակին մի ոչ այնքան քաղցած ձուկ հայտնաբերեց անզգուշության զոհ դարձած ձկնիկի հոգեվարքն ու դժկամորեն խժռելով նրա գալարվող մարմինը`

վերջ տվեց նրա չարչարանքներին:

Նույն այդ ժամին ու րոպեին, դաստակի մեջ քիչ առաջ մխրճված փամփուշտի ցավն անտեսելով, զինվորը փորձում էր գրկել ընկերոջ արնաքամ, ծանրացած մարմինը, մշուշվող ուղեղով հասկանալ` ո՞ր ուղղությամբ գնա, որ չընկնի թշնամու ծուղակը: Նույն այդ ժամին ու րոպեին երեք հարյուր ոսկեխույզ բանվորներ` կողք-կողքի կանգնած գետի հունի երկայնքով, կատարում էին նույն գործողությունը` ձեռքից-ձեռք էին փոխանցում ոսկի պարունակող տիղմի տոպրակները` որոշած լինելով գոնե մինչև մայրամուտ չերևակայել օրավարձը ստանալու երանելի պահը, որից հետո թույլատրվում է լողանալ և խաղաղ հոգով ջարդված մկանները տեղավորել ճաշարանի երկաթե աթոռներին, անշտապ ծամել ճաշի մեջ եղած միսը, ատամներով քամել ու ամբողջ քիմքով ներծծել դրա հյութը, որ վաղվա աշխատանքի համար պահանջվող ուժի գլխավոր պաշարն է: Նրանք` երեք հարյուրն էլ, նույն բանի մասին էին մտածում` չմտածել ոչ մի բանի մասին:

Նույն այդ պահին ու րոպեին, մեկ ամիս տևողությամբ զորավարժություններում նույն գործողությունների մեքենայական արագությանը վարժվելուց հետո, զինվորական վաշտը կրկնում էր նույնը` փորձելով հավատալ, որ վաղն սպասվող թեժ կռիվը ոչնչով չի տարբերվելու այսօրվա վարժանքից:

Նույն այդ պահին ու րոպեին աշխարհի միլիոնավոր մեքենավարներ, նավապետներ, տարիներ շարունակ կրկնվող նույն երգը մռմռալով, Երկրի մութ և լույս կիսագնդերում տարածություններ ընդգրկելու սովոր իրենց հայացքները սահեցնում էին նույն երթուղիներով ու մտքերում նույն կանայք ու նույն սիրուհիներն էին, որոնք ամեն մի հանդիպմանը հասցրած էին լինում ավելի ու ավելի պառավել:

Նույն հազարամյակի նույն հարյուրամյակում, նույն օրը, նույն ժամին ու նույն, նույն րոպեին Սիբիրում Մամիկոնը նույն Իվանի հետ սղոցում էր նույն անծայրածիր անտառի 1001-րդ ծառը և սապոգների մեջ կուտակված քրտինքի, գոլորշու ու բորբոսի մեջ ոտնամանների համար բնազդորեն մի չնչին շարժում ստեղծելու ճիգն էր գումարում մարմնի մեքենայական շարժումներին և քթի տակ ժպտում էր: Նրա ու Իվանի ուղեղներում նույնպես` ոչ իրենց կամքով, ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան դաջել էր ոչնչի մասին չմտածելու վճիռը:

Եթե Բրազիլիայի կիսաստրուկ ոսկեխույզները արևամուտին էին սպասում` իրենց օրավարձի մասին երևակայելու երջանիկ միտքն ունենալու համար, Մամիկոնն ու Իվանը նույն պահին արևածագին էին սպասում` գիշերային հերթափոխը հանձնելուն` օրավարձի հեռավոր հույս իսկ չունենալով: Ամենամեծ ակնկալիքը, որ կարելի էր ունենալ այստեղ, ետդարձի ճամփին հատուկենտ հանդիպող սնկերն էին, որ կարտոֆիլի կտորների հետ խաշվելով` անմահական բուրմունք կտարածեին` քաղցրացնելով օրապահիկը ստամոքս ուղարկելու բաղձալի պահը:

Իսկ Մամիկոնի ժպիտը ո՛չ սնկի, ո՛չ կարտոֆիլի, ո՛չ Սևանի անպտուղ ափին բուսած իր ծննդավայր գյուղի (այնտեղ չէր եղել 15 տարի և չէր լինելու էլի 90 տարի), ո՛չ էլ հարազատների մտապատկերից էր առաջ գալիս: Նա նորից ու նորից մտքում կրկնում էր ցմահ բանտարկյալների էտապով Ռուսաստանի խորքերից` Պետրովկա գյուղից, այստեղ մեկնելու ճանապարհին հանդիպած կնոջ անունը` <Ասինուլա>: Բայց ժպիտը նրա չէր վերաբերում ո՛չ կնոջ շքեղ կրծքերին, ո՛չ նրա ճերմակ պարանոցին, ո՛չ էլ գոնե գեղեցիկ փայլ ունեցող աչքերին, որովհետև այդ բարեմասնություններից ոչ մեկով չէր օժտել նրան Տեր Աստված: Ա¯յ քեզ անուն: Կյանքում չի լսել այսքան անսովոր մի անուն` <Ասինուլա>: Տեսն ես ի՞նչ ազգից էր: Տեսնես ո՞ւր տարան դրան: Մամիկոնը մատով իսկ չէր դիպել իրեն կիպ կպած ծնկանը, մի քաղցր խոսք անգամ չէր ասել` որպես նրա տխուր պատմությունն իմանալու նախաբան: Միայն անունն էր հարցրել, ու նա նվաղուն ձայնով ասել էր`<Ասինուլա>:

Հսկա ծառի բունը սղոցելով` արդեն կեսին էին հասել ինքն ու Իվանը: Իվանը վայրի լուսանի իր հայացքը մի պահ անգամ չէր կտրում ծառաբնի մեջ հետզհետե մխրճվող սղոցից, որ գուցե տեսներ Մամիկոնի ժպիտը: Այնպես որ, Մամիկոնն ազատ ու հանգիստ իր համար ժպտում էր ու զարմանում. <Է¯դ ինչ անուն է, Ասինուլա>: Հենց այդ նույն պահին երեք հարյուր ոսկեխույզ բանվորներից Խորխեն արդեն հազար ու մեկերորդ ոսկեխառն տիղմով լի պարկը ձախ հարևանի ձեռքից վերցնելով` փոխանցում էր աջ հարևանին ու նույնպես ժպտում էր: Նրա ուղեղի մեջ, դեպի ուր արգելված էր ամեն տեսակ մտքերի մուտքը, հայտնվել էր <ծիրան> բառը: Չէր երևակվում ո՛չ իր հայ ուսուցչուհին, որին մայրը վարձել էր որդուն իր նախնիների լեզուն սովորեցնելու խելահեղ վճռականությամբ, ո՛չ իրենց տունը` Սուրինամի խաղաղօվկիանոսյան ափին գտնվող ձկնորսական ավանում, ուր իր հնամաշ ավտոմեքենայով շաբաթվա երկու օրը հայտնվում էր ուսուցչուհին, ո՛չ էլ նրա անունն էր հիշում: Խորխեի ժպիտը շարժողը <ծիրան> բառն էր: Ուսուցչուհին բազմաթիվ անգամներ ուղղեց Խորխեին, մինչև սա սովորեց ճիշտ արտասանել այդ մրգի անունը, որ չէր տեսել երբեք:

<Ոչ թե <զռան>, այլ <ծիրան>: <Զռան նշանակում է էշի պես զռացող>:

<Ոչ թե <Սիրան>, այլ <ծիրան>: <Սիրանը կանացի հայկական անուն է>:

<Ոչ թե <ցիռան>, այլ <ծիրան>: <Ցիռանը> հայերենում մի ուրիշ տգեղ բառ է հիշեցնում>: <Ոչ թե ձիռան>, այլ` <ծիրան>: Հայերենում կա Ծ, Ձ, Ց: Ծիրա¯ն>: Խորխեն ժպտում էր <ծիրան> բառի համար ու փոխանցում տիղմով լի պարկը, որ մեկ շատ ծանր էր լինում, մեկ` շատ թեթև, իսկ ժպիտը չէր հեռանում նրա շուրթերից, <ծիրան> բառը` ուղեղից:

Նույն այդ ժամին ու րոպեներին Լիլին արդեն երրորդ կեռասենին էր մերկացնում իր պտուղներից: Սա էր իր գործը: Կեռասն ինքն էր հավաքելու մորաքրոջ` Սալոնիկի մերձակայքում գտնվող այգում, ինքն էր ընտրությունը կատարել, ծիրանը` քույրը` Մարին: Սա էլ ծիրան հավաքելն էր նախընտրել, իսկ Ասինուլան, քանի որ կաղ էր ու մի ձեռքն էլ գրեթե չէր աշխատում, այլ կախ ընկած էր ձախ ուսից, ելակ էր հավաքում: Լիլին կեռասենու բարձր գագաթից հետևում էր քրոջ շարժումներին ու ավելի էր սիրում նրան, որովհետև Ասինուլան, այդքան փոքրիկ ու այդքան թույլ լինելով, ամեն ինչ անում էր ծառերը մագլցող քուրիկներից աշխատանքով թե ուրախությամբ ետ չմնալու համար: Արդեն երեք մեծ զամբյուղ ելակ էր հավաքել մեկ հատիկ աջ ձեռքով: Ասինուլան ժպտում է: Տեսնես ինչի՞ վրա է ժպտում: Ուրախ է, որ այսքան գործ է արել: Բայց վեց տարեկան Ասինուլան ժպտում է <Մամիկոն> անվան վրա: Մամիկոնը իրենց նոր հարևանն է, որի ընտանիքը վերջերս է հայտնվել գյուղում` ինչ-որ հեռավոր Հայաստան երկրից: Մամիկոնն առավոտյան շոյել էր Ասինուլայի գլուխը: <Անունդ ի՞նչ է>,- հարցրել էր Ասինուլան կապույտ աչքերով այդ հսկա տղային: <Մամիկոն>,- ասել էր նա: Ասինուլան հավաքել էր այգու մարգերում աճած ամբողջ ելակից երեք լեփ-լեցուն զամբյուղ: Ամբողջը պետք է ինքը հավաքի, եթե ոչ այսօր, գոնե` վաղը: Ո՛չ, այսօր, հենց այսօր: Մի քիչ կնստի, ահա այսպես:

Մի քանի անգամ կկրկնի Մամիկոն անունը: <Մամիկոն, Մամիկոն, Մամիկոն>: <Այդ ի՞նչ ես ասում>,- հարցրեց Լիլին կեռասենու բարձր ճյուղից:

<Ես ասում եմ` Մամիկոն>,-պատասխանեց Ասինուլան` ոտքերը տարածած, նստած ելակի թմբի մոտ: <Ճի¯շտ ես անում, մի քիչ նըստիր, հանգստացիր, հետո կշարունակես>,- ասաց Լիլին: Նա չէր լսել, թե ինչ է ասում Ասինուլան: Մարին ծիրանենու ամենաբարձր ճյուղից մի սիրուն ծիրան նետեց ուղիղ Ասինուլայի գոգը:

Այդ նույն պահին Խորխեն տիղմով լի պարկը փոխանցեց իր անանուն հարևանին: Նա շոշափելիության չափ պարզ տեսնում էր <ծիրան> կոչվող միրգը` շողշողուն, հյութեղ, բուրումնավետ: Նա իր ձախ հարևանից ոչ թե տիղմ էր ստացել, այլ` ծիրան ու փոխանցել էր ոչ թե մի պարկ տիղմ, այլ` մի պարկ ծիրան:

Այս տարի Հայաստանում չափից դուրս առատ էր ծիրանի բերքը: Այգետերերը որքան հասցրին, հասցրին մշակել, ծախել, նվիրել հեռու ու մոտիկ ազգականներին: Առավոտյան գյուղերի վրա զեփյուռը տարուբերում էր թարմ, ոսկե ծիրանի ու մեծ կաթսաների մեջ եռացող մուրաբայի բուրմունքը: Տանտիրուհիները ուխտ էին անում` հենց որ ծիրանային այս մակընթացությունն անցնի, մեկական ոչխար զոհաբերել մոտակա սրբի դռանը: Իսկ տղամարդիկ փորում էին հողը ու հողի հետ խառնում թթվող ծիրանի խոշոր կույտերը, որ չէին հասցրել հավաքել, մշակել, ծախել, նվիրել կամ օղի թորել: Ոչ ոք պատրաստ չէր այսպիսի առատության:

Նույն այս միջոցին Անգլիայում, որտեղ ծիրանը ոսկու գին ունի, բանվոր ական ընտանիքներից մեկի հայրը` Սթեն Ջեֆերսոնը, երեկոյան աշխատանքից վերադառնալիս 4 հատ ծիրան էր գնել իր չորս երեխաների համար` նրանցից ամենափոքրի` Ջոյի ծննդյան օրվա առթիվ: Անգլիայի հյուսիսում այս օրը հայտարարված էր ոչխարների ողջակիզման օր: Բոլոր ագարակներից դեպի Յորքշիրի բաց դաշտերն էին քշվում հազարավոր, տասնյակ հազարավոր ոչխարներ: Սրանից հետո երկա¯ր օրեր ու շաբաթներ շրջակայքի ագարակատերերի սիրտը խառնելու է խանձվող բրդի, կաշվի, փորոտիքի, մսի հոտից: Իսկ մենք հիշում ենք, թե <Ղևտացիների> գրքում որքա¯ն մանրամասնությամբ ու նախանձ ախնդրորեն է նկարագրվում ողջակիզվող կենդանու մարմնի յուրաքանչյուր մասի մշակումը, պատկանելությունը: <Եվ մի քահանա, որ մատուցում է որևէ մեկի ողջակեզը, այդ ողջակեզի մորթին այդ քահանայինը պետք է լինի>: Ամեն ինչ կարգով ու սարքով նկարագրելուց հետո ասվում է. <Սրանք անուշահոտ պատարագ են Եհովայի համար>:

Իսկ Անգլիայում հազարավոր ոչխարներ զոհ պետք է գնան այսօր ոչ թե Եհովային կամ մեկ ուրիշ աստծո, այլ` հիվանդության մեջ կասկածվող մի գառնուկի, որ դեռ ուրախ ցատկոտել էր ուզում քույրերի ու եղբայրների հետ ծաղկավետ հովիտներում:

Նիգերում իր հազարավոր եղբայրների ու քույրերի հետ նույն այս պահին քաղցից մեռնում է փոքրիկ Մուպուտու 15-րդը, որ նույնպես շատ էր սիրում խաղալ հասակակիցների հետ: Եվ հիվանդության մեջ կասկածվող գառնուկի մսից մի պատառը ուժ կտար նրան շարունակելու կյանքը:

Իսկ Մուպուտու 15-րդի ավագ քույրերից Ֆլորան հենց այս նույն պահին Հայաստան երկրի Երևան մայրաքաղաքում` Նորքի զանգվածում, Հնդկաստանում ծնված, մեծացած իր ամուսնու` Էշլի Մինասի հիմնած հիվանդանոցում, փրկում է մի փոքրիկ տղայի փչացած ատամը, որի անունը կարող էր և՛ Մամիկոն լինել, և՛ Խորխե, և՛ Մուպուտու…

 

 

Comments

comments