Արփի Ոսկանյան ԼՈՒՍԱԲԱՑ

Arpi Voskanyan

ԼՈՒՍԱԲԱՑ

Ինչպես հաստ, ծանր վարագույր,
խավարը փեշն է քաշում,
բեմեզրի լույսերի մեջ փունջ-փունջ
մխում է սիրտս արնախում,
գալարվում եմ ու ոռնում արևից՝

մագիլներս խրած մարմնիս մեջ,
վրայիցս թափվում եմ շերտ-շերտ…
Անկոտրում ծարավով սրտերին
վաստակած հանգստի են կանչում
դագաղները, ինչպես սիրեններ։

 

ԱՆՀԱՍԱՆԵԼԻ

Շուրթերս ծալեցի դրեցի գրպանս
աչքերիս փայլը նույնպես
ստինքներիս հրամայեցի հետ աճել
հանեցի աչքերս ու կտրեցի լեզուս
որ չգայթակղվեմ ու չգայթակղեմ
որ չտեսնեմ ձեզ որ ինձ մոռանաք
որ չպաչպչեք ինձ յուղոտ բերանով
չտրորեք մարմինս քրտնած ափերով
կիսամեռ ծաղիկներ չնվիրեք
հիմա ես չեմ վախենում կնճիռներից
անգին արժեքների ցուցակում չկամ
ես ինձ հանեցի ցուցափեղկից
ուր բզզում էի բարձր ու գունեղ
թունավոր բլոճի նման։

 

ԱՆՀՆԱՐ

Ես պատմում էի նրան իմ սիրո մասին՝
շփոթված, հևասպառ,
ինչպես կապավորը՝ այլմոլորակայինների հետ
ունեցած իր հանդիպման,
նա լսում էր ինձ ու ժպտում՝
թերահավատ, ներողամիտ,
մանանեխի հատիկի չափ հավատ
չունեցող մարդկանց նման՝
աչքերը լայն փակած իրականության դեմ,
որում իրենք անհնար են։

Նարցիս, 1, 2006 թ.

Comments

comments