Արմեն Մարտիրոսյան «ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԾԻԱԾԱՆԸ»

Armen Martirosyan

Քո գալուն, իմ սեր, սպասում են ծարավ

իմ երակներում լողացող հույսի ճառագայթները,

ինչպես սունկը՝ իր անձրևին,

որ իրենց մեջ զարթնի երազը քնած

և շարժեն իրենց մակույկը վտքրիկ

դեպի կանչը նախնիների,

որտեղ անցյալ է ժամանակը և նախնական։

Մի շարժում ծնում է մյուսին,

և Ադամը ծնում է իր Աբել որդուն,

և Ադամը ծնում է իր Կայեն որդուն,

որ կատարյալ դառնա գետը գոյության,

քանի որ ինքը ճանապարհորդ է,

քանի որ ինքը ճամփորդության է եկել իր միջով

դեպի կղզին ապագա ժամանակի։

Եվ հենց որ դու գաս,

կարթնանան հույսի ճառագայթները իմ երակներում,

և կարելի է արդեն նավարկել

դեպի կղզին ապագա ժամանակի։

Հետևի՛ր, ճանապարհորդ, հետևի՛ր ավերածությանը,

որ քո մեջ կատարում է փոթորիկը տարիների,

ուր մի պահ խարիսխ է գցել Ադամը՝

փոթորիկներից հանգստանալու…

Զգո՛ւյշ, շա՛տ զգույշ շարժիր թիակները,

որ չփշրվի կես ճանապարհին մակույկը հույսի,

որով ելել ես ինքդ քո միջով ճամփորդելու

դեպի կղզին ապագա ժամանակի,

ուր քո գերեզմանը կանգառն է առաջին։

Հետևի՛ր, ճանապարհորդ, հետևի՛ր ավերածությանը,

որ քո մեջ կատարում է փոթորիկը տարիների,

որ քիչ էլ, մի քի՛չ էլ երկարի ճանապարհը

դեպի կանգառը առաջին։

Գերեզմանները կանգաոն են աոաջին,

որտեղ նորոգվում է փշրված քո մակույկը,

թող քի՛չ էլ, մի քի՛չ էլ երկարի ճանապարհը

դեպի կանգստը առաջին։

Բ

Այդ կինը ծնվել էր չարագուշակ ամպի փրփուրներից

և շարունակ գանգատվում էր բախտից,

և միալար մաշող կաթիլքի պես կրկնում էր տխուր.

«Աղքատ ենք»,- ասում էր կաթիլքը՝ ցուրտ-մտրակ,

«Աղքատ ենք,- կրկնում էր կինը,- մինչև ոսկոր աղքատ,

և աղքատությունը մահաբեր արատ է մեր օրերում»։

Նրան տվել էի սերս անդավաճան,

պարզվեց, որ դա, ավաղ, մի հնչյուն է դատարկ ու սնամեջ,

ջահելության փքուն խաղալիք է սերը՝

սկզբում՝ իր ներքաշող ու բռնկան բոցով,

հետո՝ կամաց-կամաց խուլ շիջանող,

հետո՝ կամաց-կամաց մանրափշուր ջարդվող։

Ես կանգնել եմ սիրո փլատակի կողքին՝

և՛ թևաթափ խոնարհ, և գլխիկոր։

Հնարավոր չի, չէ, տաշեղի պես մանր

փշուրները նորից իրար գցել

և նորոգել սերը նախկինի պես հավաք ու անթերի։

Ում որ ես սիրեցի – ինձ ուրացավ արագ,

ում որ աղոթեցի – նա հեռացավ անդարձ։

Բոլոր կանայք կինն են ոսկե ձկան մասին հին հեքիաթի,

թե՛ թագուհի լինեն, թե գեղջկուհի,

կինն են այդ միևնույն-անբռնելի օտար և ընչաքաղց։

«Եթե տայի նրան արքայական հանդերձ

և գանձ արքայական,

միևնույն է՝ պիտի նա տրտնջար նորից բախտից իր չար»,-

ասում եմ ես մի պահ իմ դառնության միջից

և սարսափում ասված իմ այս խոսքից,

այդպես, ախր այդպես՝ ես ձեռնոց եմ նետում սատանային՝

կնոջ պատյանի մեջ ծանրածանր բազմած,

թեև կինը հաստատ հակառակն է պնդում,

թե ամենուր նման խմորից են հունցված տղամարդիկ,

ախ, չէ, այդ կի՛նը չի,

նրա միջի պարող սատանան է այդպես արձագանքում

վերցնելով նետված իմ ձեռնոցը գետնից՝

իբրև չոր պատասխան,

իմ այս անհավասար մարտի հրավերի,

և սեր-խաղալիքը միշտ մնում է նախկին գետնափոր տան առջև,

կոտրած տաշտակի պես հին հեքիաթի

անփառունակ ընկած և անհավաք։

Գ

Հեռանում է օրը՝

Մայրամուտի անտես խաչը իր թիկունքին՝

Այս աշխարհում թողած իր ստվերը գունատ

և պատկերը հոգու – մի հին և դասական քարե արձան,

և ննջում է խոնարհ, և թաղվում է օրը

մթի խոր լճերի խաղաղ ծփանքներում։

Ոչ ոք չի ընդհատի նրա քունը քաղցրիկ,

ո՛չ ճանապարհ կերթա երազների հոսքով գետանման,

ո՛չ կարթնացնեն նրան մարդը, արեգակը,

ո՛չ ցրտաշունչ հողմը ժամանակի։

Նա մեռյալի նման քնել է խոր, անշարժ ու աներազ

և քանի որ լուռ են, ախ, չխոսկան լուռ են

մարդկանց հայացքներից ու շուրթերից կախված

պղնձյա զանգերը բազմահնչյուն խոսքի,

ոչ ոք չի քաղելու

տառապանքի ծառի պտուղները հասուն,

որոնց օրը սնեց՝ իր հատնումով գտած

ձայնի և հնչյունի պարարտ սևահողով։

Օրը այս հեռացած-մի հին և դասական քարե արձան։

Այս չխոսկան երկրում անհարկավոր ընկած՝

կփշրվեն նրանք՝ արձանները,

իրենք իրենց մամռոտ շիրմաքարը դարձած,

և պղնձյա զանգի մարող ղողանջներում

այս ցերեկվա նման հնամենի հալվող ու մոռացվող

այս ցերեկվա նման գիշերի մեջ հանգած՝

ես տեսնում եմ քարե իմ պատկերը հեռվում-

մի հին և ճաքճքած, և դասական արձան՝

խոր լճերում մութի անայցելու մրսող։

Դ

Կանաչ հոգիների կամարապատ փռված ծիածանի տակով

անցնում են Հավատքի երեխաները՝

ջրասույզի խցան-հագուստներով

սովորական մարդկանց փոթորկաշատ ծովում

մյուս լողորդներից իրենց անջրպետող։

Հավատքի երեխաները-ջրասույզի խցան-հագուստներով.

ցողաթաթախ, ինչպես թռչունների զրույց առավոտվա,

որ շարժում են օրը

կանաչ մաղթանքների և ավետիսի երկար փողոցներով

դեպի խաչմերուկը ապագայի հույսի և սպասման։

Այդ մանկական այգում հավերժականչ-չկա տերևաթափ,

չկան հիվանդ, հյուծված, խարանակիր։

Իմն է այգին կանաչ, իմն է ծիածանը

և արթնացումը այս-պայծառատես,

ուր ամենքը, ով կա, ով լինելու է դեռ

լուռ անցնում են հոգու ծիածանի տակով հավատավոր։

Հոգու ծիածանը-ապաշխարման գոտի-

այս աշխարհի կնճռոտ անցուդարձի վրա դափնետերև, փռված։

Ես տեսնում եմ գույներ, որ ինձանից առաջ դեռ չի տեսել ոչ ոք,

ես լսում եմ ձայներ, որ ինձանից առաջ ոչ ոք դեռ չի լսել,

իմը կորուստն է իմ-անգտնելի,

իմը-սպասումը,

թե այն, ինչ կորել է, գտնելու են հետո

երեխաները իմ հավատավոր։

Սպասումի, հույսի խաչմերուկով անցնում է ծերունին

և երեխա դառնում խարտիշագեղ,

երբ մաղթանքի, լույսի, ավետիսի

թագ է կրում գլխին արծաթահեր,

և այս կինը պառավ,

որ հազիվ է հատում խաչմերուկը,

դողդոջ իր ոտքերի հենակներին հենված

աղջնակ է դառնում կայտառ ու թռվռուն։

Իմ միամիտ, անձայն արթնացման մեջ ծերունիներ չկան՝

տարիների բեռից սապատավոր։

Նրանք անցնում են լուռ

կամարակապ փռված ծիածանի տակով

և երեխա դառնում աղավնադեմ,

և երեխա դառնում, և երեխա։

Իմ այս՝ աշխարհի մեջ միակ խաչմերուկում

հավաքվում են նրանք՝

թեկուզ կնճռոտ, դողդոջ, թեկուզ հենակավոր,

ամեն կողմից գալիս անվերջավոր

և ծնվում են նորից,

և Հավատքի երեխաները չեն պակասում։

Ե

Մանկության ծիածանը փայլատակեց մի պահ հորիզոնում ամպոտ

երբ անձրև էր ու լույս երկնածրար,

երբ ներդաշնակ իրար էին ձուլված

անխամրելի գույներ ու խելահեղ ամպրոպ

և արեգակ արդար։

Կորած մանկությունը աղմկում է արթուն

հոգու և բնության

նշխար ներդաշնության գտածուրիկ ժամին։

-Գիշերակյա՛ց պոետ, պոե՛տ տարիքդ առած,
արդյոք ի՞նչ է տալու և, քո ինչի՞ն է պետք
ծիածանի նման քո մեջ վերադարձող
մանկությանը գունեղ,

որին ձգտում ես դու անսանձելի կրքով։

Այդ մոռացված, կորած անցյալից է կարծես

կախված քո ապագան.

քո մեջ թաղված անցյալ՝ ապագայի ցողով ու զմուռսով

նորից կենդանացած։

-Այդպես ես զգում եմ ննջած առարկայի արթնացամը քնից,
այդպես երեում են անցած իմ մանկության ոսկորները նշխար՝
անարձագանք չորուկ, անհենասյուն ցցուն կախաղանի նման՝
իր նեղացող, խեղդող ճոճօղակում

հորիզոնում փայլող ծիածանը կախած,

այդպես կյանք է գուցե պատրանքածին

կախվածի հետ դանդաղ, կաթիլ–կաթիլ դանդաղ

իմ օրերի մարող վերջալույսը հատել.

իմ տարիքում այս ուշ

կարելի է միայն պատրանքի հետ քայլել՝

կախաղանի ճոճվող օղակի մեջ,

և տարիքում այս ուշ

նա, ով մանկությունը մոտեցնում է իրեն,

մոտենում է ինքը իր ավարտին։

Այս էր և այսքանը մանկությունս կորած.

նրան սիրում էի, երբ երեխա էի մի միամիտ,

և սիրում եմ հիմա, երբ թողել եմ արդեն,

որ մանկությունը իմ-ծիածանի նման

կախաղանի կանչող օղակի մեջ ճոճվի՝

իմ հայացքի դիմաց շարմաղ շողշողացող

և ծիածան որպես` երբեք չտաքացնող։

Զ

Կանաչ եղինջների շարքերի միջով շրջում է գարունը
և փշերի մեջ իր զգեստները պատառոտելով՝
որոնում է իմաստը իր ծննդի

(այն, ինչը նրա ճակատագիրն է),

և չապրելով այն, ինչում ապրում է,

չգտնելով այն, ինչում գտնվում է՝

և՛ պատառոտված, և՛ արյունլվա

ննջում է գարունը իր երազների ճյուղերի վրա:

Հարստացիր, երթ քեզնից հեռանում է վայրկյանը,

հարստացիր՝ իմաստ փնտրելով հեռացումի մեջ,

որովհետև այն, ինչը քո միջից կորչում է անդարձ,

լքված մի վայր է թողնում քո հոգում,

որտեղ աճում է հիշողությունը։

Հիշողության շղթա՝ մեռած վայրկյանի թողած անապատում,

իբրև աղբյուրը քո մեջ արարվող բանաստեղծության։

Հեռացող տարիներից, որ փողոցի պես ծաղկել է շուրջդ,

հավաքիր այն ամենը, ինչը կարող ես՝

սառը, հանգիստ, խաղաղ,

կարծես թե գնում ես մեռնելու

քո ապրումի երկար փողոցներում,

որտեղ քո բառը լուսավորում է մարմինները քնատ

և շարժում է քնած հատիկները օրվա։

Հավաքիր այն ամենը, ինչը կարող ես՝

սառը, հանգիստ, խաղաղ,

կարծես թե բախում ես դուռը բանաստեղծության,

որովհետև այն, ինչը քեզանից հեռանում է,

քո մեջ դառնում է բանաստեղծություն

և ջերմացնում է քնած հատիկները օրվա,

և քնատ մարմինները ջերմացնում է՝

իբրև ճառագայթ և թագավոր,

իբրև թագավոր ճառագայթող։

Արեգակի նման՝ գլխին լուսապսակ անխամրհլի.

դու քո կորուստների թագավորն ես միակ։

Comments

comments