ՉԱՓԱՆԻՇԸ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է…

Sona Van 002

Հարցազրույց Սոնա Վանի
և Նուբար Ջանոյանի հետ

– Ինչո՞ւ «Նարցիս» …

Ս. Վ. – Իր առողջ դրսևորման մեջ արվեստագետը մշտապես հակված է իր ներքին հայելուն և մեզ մատուցում է հենց այն արտացոլքը, որին անպայման ինքը առաջինը պիտի սիրահարված լինի:

Եթե ոչ՝ ինչպե՞ս կհամարձակվի այն մատուցել հազարներին: Սա Նարցիսի ցանկալի մեկնաբանությունն է, որն ամրակայված է շատերի մոտ, թեպետ կան նաև այս երևույթի չափազանցված արտահայտությունները: Տեսակետը, թե մարդը առասպելի Նարցիսի պես անկարող է արձագանքել մեկ այլ մարդու կամ սիրել մեկ ուրիշի, ամուլ է, և այդպես մտածողին կարելի է կարեկցել միայն: Սա հոգեբանական բարդույթ է, որը համամարդկային է ու վերժամանակային: Պարզ, բայց անվերջանալի թեմա, որը չի վրիպել ոչ մի մեծ արվեստագետի, փիլիսոփայի աչքից: Բազում գործեր կան թե՛ կերպարվեստում, թե՛ գրականության և թե՛ երաժշտության մեջ: Սրանով զբաղվում են նաև հոգեբույժները, հոգեբանները և հավատում, որ լավ հոգեթերապիայի միջոցով կարելի է մասամբ ապաքինել կրկնակի մենությունից տառապող հիվանդագին Նարցիսին (մեկը մեզ տրվում է ժառանգաբար): Ավելացնեմ, որ վերնագիրն ընտրվեց հինգ րոպեում: Մինչ այդ հարյուրավոր վերնագրերի հետ մտել էի անկողին և առավոտյան արթնացել արդեն ձանձրացած: Այսպիսի բնավորություն ունեմ: Նարցիսը ծնվեց պահի մեջ, ինձ հետ անցավ գիշերի միջով և առավոտյան արթնացավ ինձնից առաջ: Հասկացա անմիջապես՝ ինքն է: Խմբագրությունը դիմադրեց, բայց ես պնդեցի՝ ելնելով տնօրենի իմ իրավունքից: Հետագայում սրտապնդվեցի նաև ինձ համար կարևոր մարդկանց հանկարծակի ոգևորությունից՝ մի պահ մտածելուց հետո: Իսկ Վարուժան Վարդանյանը, որի արվեստն ու մտածողության երանգը ինձ համար թանկ են ու հոգեհարազատ, հենց առաջին իսկ հանդիպման ժամանակ մի քանի րոպեում՝ հընթացս, իր ծնկի վրա ստացավ ամսագրի լոգոն, որն իր մեջ կկրի այդ պահի հոգևոր եղբայրության թրթիռը:
Գրական բարձր ճաշակ: Բնատուր զգայական շնորհ: Խոսքի կուլտուրա: Գրողի և մտավորականի հստակ կեցվածք: Պատասխանատվության զգացում՝ հանդեպ իր արտաբերած բառը: Թվացյալ խաղաղ բնույթի մեջ ծայրահեղորեն ոգևորվելու հատկություն: Լավը, կարևորն անմիջապես նկարագրելու և իր վերաբերմունքն արտահայտելու մղում: Սրանք շատ եմ կարևորում նորընծա ամսագրի կայացման համար:

– Բժիշկ Ջանոյան, հայտնի է, որ «Նարցիս» ամսագիրը գրահրատարակչական Ձեր երկրորդ մտահղացումն է, երկրորդ հայրենանվեր ձեռնարկը այդ ոլորտում: Առաջինը՝ «Եղիցի լույս» ամսագիրը, տպագրվում էր Լոս Անջելեսում և ունեցավ ընդամենը մեկ տարվա կյանք: Այն փակվել է, ինչպես իմացա, խմբագրի հետ ունեցած գաղափարական հակասության պատճառով: Զարմանալի է, որ այդ միջադեպը Ձեզ չի խանգարել նոր պարբերականի հրատարակության նախաձեռնմանը մայր հայրենիքում: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս եք պատկերացնում նորաստեղծ ամսագրի գործունեությունը այդ պայմաններում:

Ն.Ջ. – Նախ ասեմ, որ առաջին ամսագրի ծնունդը հայրենանվեր լինելուս հետ կապ չուներ, թեպետ ընդունակ եմ այդպիսի զեղումների: «Եղիցի լույսը» տղամարդու նվեր էր իր սիրած կնոջը… Չեմ կարծում, թե սա նվազեցնում է արարքի վեհությունը: Կա՞ ավելի վեհ բան, քան սիրահարված տղամարդ լինելը: Սոնան նոր էր վերջացրել մագիստրոսի իր դասընթացը: Որոշեցի անակնկալ մատուցել նրան և անել մի բան, որն իմ կարծիքով կարժևորվեր ավելի, քան որևէ այլ քայլ: Մինչև հիմա հիշում եմ նրա սկզբնական ոգևորությունը: Ավելի շատ սա եմ հիշում, քան հակասությունը իմ և խմբագրի միջև: Երևի հենց այդ պատճառով էլ դա չկասեցրեց ինձ: Ասեմ նաև, ամսագրի փակվելը ևս Սոնայի՝ նվերի տիրոջ ցանկությամբ եղավ: Այլ կերպ չէր կարող լինել հասկանալի պատճառներով: Խմբագիրը լրջախոհ տղա էր, նրա հետ կարելի էր և եզրեր գտնել, բայց Սոնան ընկճվել էր: Այդպես պատահում է նրա հետ: Բանաստեղծական քմահաճո՞ւյք է գուցե: Դրությունն այս անգամ այլ է: Մենք հենց սկզբից ենք հրաժարվում ամսագիրը հսկողի դերից: Սա մեր գործը հեշտացնում է: Ամսագրային նյութերի առումով միակ պատասխանատուն գլխավոր խմբագիր Վահան Վարդանյանն է՝ գրական մի քանի մրցանակների տեր բանաստեղծ, առողջ, թարմ մտածողությամբ, որի խոսքը ոգևորության պահերին ստեղծագործական հարահոսի է նման: Նա շատ բան ունի ասելու: Հույս ունենք, որ նա ճիշտ խմբագրակազմ կընտրի և իր շուրջը կհամախմբի ստեղծագործ ու ամսագրի ճակատագրով մտահոգ մարդկանց: Ամսագիրը խմբային աշխատանք է և կկայանա միայն լուրջ ստեղծագործողների ու մտավորականների շարունակական բանավեճի մթնոլորտում: Այսպիսի մթնոլորտ ստեղծելն ամսագրի առաջնային նպատակներից է: Հոնորարային և մրցանակային խրախուսանքի միջոցով կարելի է ապահովել նաև պահանջված հոդվածները, հարցազրույցները, չափանիշները և արժեքները՝ գրախոսություններն ու մշակութաբանական ուսումնասիրությունները: Սրանք ցանկություններ են, որոնց իրականացման համար ժամանակ է անհրաժեշտ և խմբագրական լուրջ աշխատանք: Իրագործվելու դեպքում կշահեն թե՛ ընթերցողը և թե՛ հեղինակը: Չիրագործվելու դեպքում պետք չէ մեղավորներ փնտրել: Ուրեմն չկար ծրագիրն իրագործողը կամ էլ կար ուրիշ պատճառ: Ի՞նչ կարևոր է դա: Ես բժիշկ եմ, և երբ մահանում է մարդը, պատճառը դառնում է անկարևոր:

– Պարոն Ջանոյան, բժիշկ լինելուց բացի, Դուք նաև գրող-հրապարակախոս եք: Ձեր երկրորդ գիրքը՝ «Կյանքը՝ ինչպես ապրեցի», խրատական, դաստիարակչական շեշտադրումներ ունի: Կարծո՞ւմ եք, որ գրականությունը, արվեստը այսպիսի նպատակներ պիտի հետապնդեն մեր օրերում, երբ բարոյական չափանիշները օրըստօրե փոփոխվում են: Ի՞նչ եք սպասում արվեստագետից և այս նոր ամսագրից:

Ն. Ջ. Արվեստագետից սպասում եմ արվեստ, գրչի մարդուց՝ գրականություն: Չափանիշը պիտի լինի գեղարվեստականությունը: Խրատաբանությունը բարոյախոսի գործն է, փիլիսոփայությունը՝ փիլիսոփայի: Եթե իմ գրքում այդ շեշտադրումը նկատելի է, ապա պատճառն այն է, որ ես գրող չեմ բառիս ճշմարիտ իմաստով: Գրվածքներս բժշկի խոհագրություններ են, հիմնականում ինձ հետ կատարված դեպքերի նկարագրություններ:
Նոր ամսագրից սպասում եմ արվեստի, գեղեցիկի պաշտամունքի մի նոր ձև, նոր շնչի առկայություն, եզակիությունը տեսնելու և առաջնորդելու շնորհ, սեր և համարձակություն: Երկար և օգտակար կյանք:

Ս.Վ. – Մենք երկուսով այնքան ենք զրուցել այս թեմաների շուրջ, որ համարյա համակարծիք ենք բոլոր հարցերում: Ես նույնպես կիսում եմ վերը նշված սպասումները: Իսկ ցանկության առումով ավելացնեմ, որ կուզենայի տեսնել մի ամսագիր, որը ոչ միայն լիիրավ մասնակիցը լինի գրական-մշակութային կյանքի, այլև իր բարերար ներգործությունն ունենա նրա վրա: Դե, բանաստեղծ եմ, մեղավոր չեմ. սիրում եմ մեծ բաներ երազել:

Զրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Նարցիս, 1, 2006

Comments

comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>