Անուշ Ասլիբեկյան «ՀԱՅՐԻ՞Կ»

anush aslibekyan

Սա իմ տնակն է: Այնտեղ կնոջ  ուժ կա` իմ բույրը, կնոջ շունչ կա` իմ հառաչը, կնոջ ցավ` իմ սիրտը, իմ սերը, իմ կարոտը:

Փոքրիկ մատուռ կա` իմ մեծ հավատն է, և խաղը` իմ փոքրիկ կյանքը: Սա իմ ապուրն է` այնտեղ աղը շատ է, իմ պահարանն է` գունառատ է, գրա­դա­րա­կս` անմեռ ու մեռած հոգիներով: Սկավառակներս մի քանի Z-ով: Շունս` սապատ ունի: Սա իմ մայրն է` 91 տարեկան է, հայրս` սպիտակ մորուք ունի, հառաչում է, քույրս` նա հղի է, նա հուզված է, իմ եղբայրը` ողջու՜յն, նա ժպտում է, տատս` կարմիր շրթներկ ունի, պապս`շքանշաններ, թոռներ, ծոռներ: Այսօր նրա ծննդյան տոնն է, այսօր մայիսի 15-ն է, դա մի ժամանակ հորս ծննդյան օրն էր: Հարևանուհին` նա անասնագոմ ունի, ծառայողները` նրանք ագահ են, վարորդը` երկու երես ունի, հետո ինչ, Լուլուն նրան օդային համբույր է ուղարկել: Ֆելիքսը Լյուսիին դարձյալ բռնաբարել է, դրանք մեր կատուներն են: Այգեգործը այդ ամենը տեսավ: Նա կույր է, հետո ինչ, մեծ բան, կույր է:

Ձմռանը բոլորը միասին վառարանի մոտ հավաքված թեյ են խմելու, դա լավ է: Իսկ հիմա խոհանոցում սարսափելի աղմուկ, սարսափելի տարերք է, դա իմը չէ: Խորտիկները տեսակ-տեսակ, յուղոտ, շքեղ ու խղճալի, դա իմը չէ, նա էլ` այլևս… Նա ունի չսափրած, անտարբեր, հարազատ դեմք, իմը չէ: Դա կմնա  իմ ամենամեծ ու ամենասարսափելի ինչուն, միգուցե և ցավը մինչև վերջ, չգիտեմ: Մենք թաքստոց ունենք, մենք այնտեղ ատում ենք բոլորին, մենք այնտեղ միայն երգում ենք: Հետո իրար ձաղկում ենք ուռենու դալար շիվերով ու արյամբ ցողում օդը: Դա նա չէ: Ես ձեռքս սահեցրի Երկրորդի ճերմակ որովայնի վրայով, հասա մինչև կուրծքը, անսովոր է, նա տղա չէ: Չորս տարի անց Երրորդն ու ես բազմաթիվ մոմեր գնեցինք, հալված մոմի կաթիլներից ձուլված հարսանեկան հագուստ հագա. մեր մոմե հարսանիքն էր: Նա ուրախ չէր, նա դժբախտ չէր, տխուր էր, նա է: Դա նա է: Ես մոմե հիմարավուն ժպիտով կանգնած եմ, մեր մոմե հարսանիքն է, ես` մոմե հարսնացու: Նա՞… Ինչի՞ն ես սպասում. հալչելու եմ, վաղը չկա: Հիմա՛ զգա: Մեր մոմե տարիները աննկատ վերջացան: Հիմա անագե տիկնիկ եմ:

Վաղը` տանն եմ: Սա իմ տունն է, սա իմ գլուխը, անկյունում էլի գլուխներ կան` ես եմ կտրել, նրանք  են ուզել, ոչ, խնդրել են, աղերսել են, նրանք գիտեին, որ ես բարի եմ ու կխղճամ և չէին սխալվել: Հիմա վերջ: Ամեն գիշեր ես ապտակում եմ նրանց, սթափեցնում, հետո ձեռքերով ծածկում եմ դեմքս ու հեկեկում… աչքերը, որոնք միշտ կիսափակ են, քնատ, որոնք չեն ուզում ապրել:

Հայրի՞կ, դու՞ ես, հայրիկ, ինչպե՞ս ներս մտար, իմ տան տեղը ոչ ոք չգիտի հայրիկ, դու ինչպե՞ս գտար այն… Դու հպվում ես այտիս, եկել ես օգնելու՞, թանկագինս, խնդրում եմ, կարո՞ղ ես մեղմել. կրծքավանդակում տանջող ցավ ունեմ, շարունակ արտասվում եմ, պատռում եմ լուսանկարներս, չեմ հասկանում ինչ է կատարվում, սպանել եմ բոլոր ամուսիններիս, հետո անթաղ թողել: Ինչպե՞ս, մեկին քնած ժամանակ խեղդեցի, մեկի բաժակում թույն լցրեցի, մյուսին դանակով, դե, չգիտեմ, ինչպես դա արվում է սովորաբար: Չհոգնեցի՞, չէ, չէ, մի՛ անհանգստացիր, մի փոքր միայն, բայց հետո մեկ ամիս քնեցի` ամեն ինչ անցավ, ամեն ինչ հանգստացավ, հանդարտվեց: Ոչինչ չե”ս հասկանում, ոչինչ, հոգ չէ, բայց… բայց դու ինձ վրա չե՞ս բարկանում, հայրի՛կ, սիրելի՛ս, ոչ՞, դու ինձ ներու՞մ ես, հրեշտակս, ես այդպես էլ գիտեի: Նրանք  ինձ վախեցնում էին, փորձում էին համոզել, թե դա սարափելի է, թե դու շատ կզայրանաս ու, երևի, չես ների: Բայց ես ինչպե՞ս կարողացա հավատալ նրանց… Ասենք չէի հավատում, միայն ջղաձգություններ էի ունենում, տենդի նոպաներ, բայց գիտեի, որ կգաս: Դու միայն ուզում ես իմանալ ինչու արեցի, ինչու՞, երբեք չեմ մտածել այդ մասին, տարօրինակ է… Մի՛ արտասվիր հայրիկ, նրանք ինձ սիրում են, հայրի՛կ, նրանք երբեք չեն զայրանում ինձ վրա, չեն նեղանում, չեն նեղացնում ինձ: Իսկ այս մեկը, այս մեկին ամենավերջում, դե, հասկանու՞մ ես, նա, հինգ տարին ամենաերկար ժամկետն է, որ… նա մի տեսակ մանկան պես է սիրում ինձ, անսահման գորովանքով: Անգամ մեռած` նա ինձ պաշտպանում է, բայց պահանջկոտն է հա, պիտի գոնե օրը մեկ անգամ նրան շոյեմ ու մի անուշ խոսք ասեմ: Մյուսներն էլ սիրում են ինձ, սիրում են երկար նայել, հետևել շարժումներիս, քարանում են, որ հանկարծ մի անզգույշ շարժում չանեն ու չխռովեն հրեշտակային անդորրս, չեն խոսում, որ միամիտ չվախեցնեն անհանգիստ հոգիս, չեն դիպչում, որ չաղարտեն տեսիլքներս, նրանք ինձ սիրում են անսահման քնքշանքով և այնքան են նայում, մինչև արցունքներ են հոսում նրանց աչքերից, չգիտեմ ինչու, հոգիս, չգիտեմ, բայց հաճելի է:

Ամեն ինչ այնպես է, ինչպես դու էիր ուզում, հիշու՞մ ես, դու հենց այդպես էլ ուզում էիր, դու ասում էիր, որ ես միլեդի եմ, որ ինձ փայփայել է պետք ու պաշտպանել քամիներից անգամ… Հայրի՛կ, դու վախենում էիր ինձ համար, վախենում էիր ինձ աշխարհ թողնել, դու համբերատար ու հայրական հոգատարությամբ տետրի թղթի վրա ճանապարհներն էիր նկարում ու բացատրում էիր ինչպես հասնել տեղ: Ես ոչինչ չէի հասկանում, ինչպես դու` հիմա, բայց հավատում էի քեզ, ես գիտեի, որ դրանք աշխարհի ամենագեղեցիկ, ամենաճիշտ, ամենաբարի խաչմերուկներն էին, իսկ ես ուրիշ աշխարհում էի, ուրիշ փողոցներում, ուրիշ, հայրի՛կ: Դու նորից էիր նկարում, նորից էիր բացատրում, էլի ու չէիր հոգնում, հիշու՞մ ես, իսկ ես վախենում էի այդ աշխարհ մտնել, ես աղերսում էի ինձ չուղարկել այնտեղ: Դու համառում էիր, դու ուզում էիր կոփել փխրուն հոգիս, գիշերները երկա՜ր-երկար մտածում էիր` աչքերդ առաստաղին հառած ու չգիտեիր ինչ` անել: Հաջորդ օրը դու բռնում էիր դողացող ձեռքս ու ուղեկցում էիր ինձ մինչև կեսճանապարհը ու խնդրում էիր, համոզում էիր, հրամայում էիր շարունակել ինքնուրույն, բայց ես արտասվաթոր հայացքս քեզ էի ուղղում ու դու ճարահատված  ուղեկցում էիր ինձ մինչև վերջ: Քեզ հետ այնքան ապահով էր, հայրի՛կ, ոչինչ չէր վախեցնում ինձ, բայց ես ոչինչ չէի հասկանում բոլոր այդ փողոցներից ու խաչմերուկներից, ինչպես դու` այս ամենից հիմա, ու գիշերները, երբ տուն էինք վերադառնում, ես ձեռքդ ամուր բռնած լուռ քայլում էի` աչքերս փակ, կամ աստղերին հառած, ես հավատում էի քեզ:

Դու ճշտապահ էիր ժամացույցի պես, ազնիվ էիր ու ատում էիր սուտը, երբեք չէիր խոստանում այն, ինչ չէիր անելու ու ես միշտ վախենում էի` իսկ եթե չկարողանաս ու փակում էի աչքերս, որ քեզ հուսահատ չտեսնեմ: Ախ, հայրիկ, որքան ժամանակ է չենք հանդիպել, դու մեզ էլ ուզում էիր այդպիսին տեսնել կյանքում… Իսկ դու չես փոխվել: Ստե՞լ, ոչ, հայրիկ, ես երբեք, ասենք, չգիտեմ, նրանք ինձ հաճախ էին մեղադրում ստելու մեջ, բայց դա զրպարտանք է, դու կզգայիր, գիտեմ, անպայման կզգայիր, այնպես չէ՞ սիրելիս, պարզապես խոսքս, որ սուտ է ընկալվել այստեղ, ճշմարտություն էր այլ իրականությունում, այն, որը իմ տունն է… Տեսնու՞մ ես, ես անգամ հասցրի տուն կառուցել, թեև նրանք ասում են ` անտուն է:

Իսկ դու  ինչպե՞ս գտար ինձ, սիրելի՛ս: Ես քո կարիքն այնքան ունեի հայրիկ, ես սպասում էի քեզ: Ես քեզ սիրում եմ: Ես մենակ եմ, հայրիկ, մի՛ գնա, ես հիվանդ եմ, մրսած, հյուրեր չեմ ունենում վաղուց, շրջապատում բոլորը քնած են, լռությունից թոքախտ է բուրում: Արի՛ պարենք, ես վաղուց չեմ պարել, այ այսպես, ինչ լավ է, արի պարենք, էլի… Ես կփակեմ աչքերս` ինչպես այն ժամանակ, ետդարձի ճանապարհին ու կհավատամ քեզ, իսկ դու կտանես ինձ ձեռքիցս բռնած, խնամքով շրջանցելով գիշերվա թաքցրած բոլոր որոգայթները, ինչպես այն ժամանակ, ետդարձի… հայրի՞կ: Հաաաաաաաաա­աաա­ա­աաաա՜այ-րիիիիիիիիիիիիիիիիի՜կ…

Դու ցնորք ես, հայրի՛կ:

Նարցիս 6, 2006

 

Comments

comments