Գառնիկ Անանյան «ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ»

Garnik-Ananyan

Հինավուրց պատմություն ունեցող ժողովուրդները մեկ անգամ չէ, որ հայտնվել են իրենց ինքնությունը փոխելու անհրաժեշտության առջև:

Թեև ամեն անգամ մարտահրավերը հիմնավորվել է առավել լուսավոր կյանքի հեռանկարով, հոգևոր աշխարհում արմատական շրջադարձները անխուսափելիորեն ուղեկցվել են հնի և նորի սուր բախումներով, երբեմն` ինքնաոչնչացման սպառնալիքներ պարունակող բախումներով: Պատմության քառուղիներով իրենց երթը շարունակել են նրանք, ովքեր ընդառաջ են գնացել նորագույն սպառնալիք – զարգացումներին, որ բոլորովին էլ չի ենթադրում հլու- հնազանդ ենթարկվածություն նրանց հրամայականներին: Հողի ընդերքում, երբեմն էլ բաց երկնքի տակ մեզ հասած մեռած մշակույթները քաղաքակրթությունից ետ մնացողների հոգևոր դամբարաններն են: Տնտեսական ու գիտական զարգացումներին համընթաց փոխվել է մարդկությանն ուղղված մարտահրավերների բնույթը, բայց նպատակը` թույլերին հեռացնել պատմության թատերաբեմից կամ կախման մեջ գցել հզորներից, մնացել է անփոփոխ: Կարծես թե նույնն են մնացել սպառնալիքները դիմագրավելու պատրաստակամությունն ու համառությունը ևս:
Տեսակների վիթխարի բազմազանությունը բնության ու մարդկային հասարակության հարստությունն է, որ, ավաղ, անդառնալի կորուստներ է կրում ոչ միայն բնական աղետներից, այլև տարաբնույթ միտումներով օժտված քաղաքակրթության հարվածներից: Այս ընթացքը, սակայն, երբեք այնքան սպառնալի չափեր չի ընդունել, որքան XX դարի վերջին և XXI-ի շեմին:
Ժողովրդի ինքնության կարևոր, նաև կայուն բաղադրիչներ են տարածքը, որի վրա ապրել և ապրում են սերունդները, լեզուն, որ մնում է նույնը` ինչպիսի փոփոխություններ էլ կրի, պատմական հիշողությունը, ոչ իբրև դեպքերի և իրադարձությունների շարան, այլ նրանցից բխող փիլիսոփայություն, լայն առումով մշակույթը, որ հոգեկերտվածքի արտահայտություն լինելով, միաժամանակ հովանավորում-պաշտպանում է այն կենսական ավանդույթների տեսքով:
Ազգային ինքնության որոշ առանձնահատկություններ որքան էլ օժտված լինեն հարատևությամբ, ամբողջության մեջ ինքնությունը ընթացք է: Պատմական որոշ, թեկուզ և երկարատև շրջաններում /միջնադար/ բավական կայուն լինելու պարագան անգամ ազգային ինքնությանը չի օժտում անշարժությամբ: Ավանդույթի նկատմամբ իմաստավորված վերաբերմունքը պարտադրում է խոր ուշադրություն նոր իրողությունների հանդեպ, որքան էլ որ զարգացման կենդանի ընթացքը օժտված լինի կորուստներով ևս: Խնդիրը մնայուն և ժամանակավոր նորությունները իրարից զատելու կարողությունն է: Եվ, այնուամենայնիվ, կուրորեն չպետք է ենթարկվել զարգացումների տարերքին:
Ազգային ինքնությունը ընդհանուր առանձնահատկություններ է դրսևորում այլ ինքնությունների հետ: Այս ընդհանրությունների հայտնաբերումը չպետք է մոռացության տա տարբերությունները, որոնք կարող են դրսևորվել պատմական անցյալի, հոգեկերտվածքի, մշակույթի, արդի գործունեության այլ և այլ ոլորտներում: Հենց վերջիններն են ձևավորում այն յուրահատուկը, որով մի ինքնություն առանձնանում է մյուսից: Առանձնահատկությունների անտեսումը հանգեցնում է աշխարհաքաղաքացիության, ընդհանրությունների մոռացումը` ազգային եզակիության: Մինչդեռ ճշմարտությունն ընկած է երկու ծայրահեղության մեջտեղում. ընդհանրությունների ընդունում` ինքնատիպ գծերի պահպանումով:
Ազգային ինքնությունը, այո, մեկընդմիշտ տրված և հավերժորեն անփոփոխ հատկանիշ կամ հատկանիշների հանրագումար չէ: Դարերի հոլովույթում շատ բան է փոխվում: Միշտ չէ, որ դա բնականոն զարգացման հետևանք է, պատահում է` դրսի ուժեր են թելադրում պայմանները: Գեների մասին գիտությունը վաղուց հայտնաբերել է տեսակի պահպանության զարմանալի գաղտնիքներ: Քիչ չեն աչքին և մտքին հասանելի երևույթները:
Հազարամյակներով չափվող մեր անցած ճանապարհի օրինաչափությունը, որ նույնիսկ ուրարտական սեպագրերի ՙգրաֆիկայում՚ է արտահայտվել, քաղաքակրթության ձեռքբերումները յուրացնելու, դրանք սեփական ինքնության դրսևորմանն ու զարգացմանը ծառայեցնելու, աշխարհի քաղաքակրթությունը մերով հարստացնելու զարմանալի կարողությունն է:
Ինքնության շուրջ բանավեճերը սուր բնույթ են ստանում հատկապես անցումային շրջաններում: Գրավոր աղբյուրներով ավանդված առաջին լուրջ հեղաշրջումը կապվում է Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու իրողության հետ: Մարդու և ժողովուրդների վերածնունդը նոր վարդապետությունը կապում էր անցյալի հոգեբանությունից ու սովորություններից վերջնականապես ձերբազատվելու հետ:
V դարի մեր աղբյուրները նույն մոտեցումը ցուցաբերում են մեր ժողովրդի անցյալի ու ներկայի գնահատումներում: Խորենացին հրաշալի գիտի և ընդգծում է նոր վարդապետության նշանակությունը մեր պետականության ամրացման ու մշակույթի նորացման գործում: Բայց մի էական հարցում տարբերվում է ժամանակակիցներից. հեթանոսության ու քրիստոնեության ճակատային ու ճակատագրական հակադրումը, որ հանգում էր առաջինի անվերապահ ժխտման, փոխարինում է ՙհին՚ ու ՙնոր՚ ժամանակների ժառանգորդական կապի հայտնաբերմամբ ու իմաստավորմամբ` դրանով իսկ առաջ անցնելով իր ժամանակից և հակադրվելով ժամանակին: Հին հավատքի ու ժամանակների դեմ անհաշտ պայքարի փոխարեն Պատմության էջերում հառնում է հեթանոսական Հայաստանի զարմանալիորեն ամբողջական, նաև միշտ սիրելի պատկերը` իր վարչա-քաղաքական կառուցվածքով, իմաստասեր և անիմաստասեր թագավորներով ու իշխաններով, մեհյաններով, հավատալիքներով ու կենցաղով, նաև, մանավանդ` նաև մշակութային վիթխարի ժառանգությամբ: Ինչ սիրով ու ջերմությամբ է հիշում փանդռահար գուսաններին, ՙախորժելով պահած՚ նրանց երգերը, որոնք անհրաժեշտ է համարում զետեղել պատմության էջերում: Մինչդեռ Խորենացու ժամանակակից կաթողիկոս Հովհան Մանդակունին նույն գուսաններին հիշում է սատանաների շարքում, որոնք մոլորեցնում են հավատացյալներին:
Թեև V դարի եկեղեցին լուրջ քայլեր է ձեռնարկում ազգային նոր դիմագիծ ձևավորելու ուղղությամբ, Մովսես Խորենացին է, որ ՙՀայոց պատմության՚ մեջ կերտում է ամբողջական հայրենիքի և նրանում ապրող հավաքական ու տոհմիկ ժողովրդի իրական պատկերները` անկախ կրոնական ու քաղաքական համոզմունքներից: Այսպես է հեթանոսության հանդեպ անհանդուրժողականության մթնոլորտում ձևավորվում Քրիստոնեության, իբրև նախորդ ժամանակների ժառանգորդի, ըմբռնումը: Իսկական քրիստոնյայի համար աշխարհը հայրենիք է, իր հայրենիքը` աշխարհի մի մասը: Անմնացորդ հավատացյալի համար կարևորը հավատն է առ Աստված, ոչ թե այս կամ այն ազգ ու տոհմի պատկանելը: Խորենացին վերակենդանացնում է հայի հայրենիքի անցյալը` լցնելով այն շնչող ու ապրող ոչ քրիստոնյա հայերով, քրիստոնեական Հայաստանը դիտելով իբրև նախնիների հայրենիքի շարունակություն:
Ստեղծեցինք քրիստոնեական երևելի մշակույթ, բայց այսօր անգամ կարգին խաչակնքել չգիտենք: Քրիստոնեական ինքնությունը, որ մեզ համար նոր որակ էր, հարստացրինք հեթանոսական անուրանալի արժեքներով: Քրիստոնեությունը V դարում նորածին էր, ՙպորտալարով՚ կապված հեթանոս խորթ մորը: Սա ստեղծագործական մոտեցում էր, և ավանդույթը սա է…
Այս իմաստով բացառիկ է Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունը:
Քրիստոնեական համաշխարհայնացման համապատկերում է ներկայանում Գր. Նարեկացու հանճարեղ պոեմը: Մարդու մարդացման փառաբանությունը, որ դրսևորվում է մարդկային արատների մերժումով, գեղարվեստական ընդհանրացման արդյունքում վերազգային երազանք է: Պոեմը մարդերգություն է, անկախ ազգային, եթե կուզեք` նույնիսկ կրոնական պատկանելությունից. նա, ով սեփական արատների հաղթահարումով կհասնի Աստծուն, իր Աստծուն` Բուդդան է նա, Մուհհամեդը, թե Քրիստոսը, կարևոր չէ, կներկայանա իբրև Նարեկացու գրական հերոս:
Ժամանակակից գլոբալիզացիայի ուղղորդվող միտումներից մեկը հենց վերազգային, ապաքաղաքական, անդրկրոնական մարդու ձևավորումն է, և այս չափով այն նույնանում է Նարեկացու երազանքին: Ի տարբերություն միջնադարի հսկայի, սակայն, որի նպատակը մարդու աստվածացումն է` արդի գլոբալիզացիան մարդուն մղում է դեպի ստրկական կախում մարդուց դուրս ինչ-ինչ ուժերից: Չմոռանանք նաև, որ ՙվերազգային՚ Նարեկացին ոսկեղենիկ գրաբարը դարձրել է Աստծո հետ զրուցելու լեզու: Իբրև իսկական հանճար, նա խտացնում է իր ժողովրդի նախորդ շրջանների հոգևոր-մշակույթային հարստությունը, ներառյալ հեթանոսական շրջանի շատ արժեքներ: Ակնհայտ են հատկապես ժողովրդական բանահյուսության հետ աղերսները: Աստվածամոր արտաքինը նկարագրելիս օգտագործում է հեթանոս աստվածներին վերապահված պատկերավորման միջոցներ, ասել է թե` քրիստոնյա հայը շարունակում է ժառանգորդական կապը նախաքրիստոնեական ավանդույթների հետ: Հետո գալու էին թուրք-սելջուկները, և սեփական ինքնության պահպանումը ավելի էր մեծացնելու աղերսները հեթանոսության հետ: Սա մեր միջնադարի շատ արգասավոր ավանդույթն է:
Ինքնության շուրջ բուռն քննարկումներ ծավալվեցին միջնադարից նոր ժամանակներին անցնելիս: Խ. Աբովյանի սկսածը լայն հանրությանը հասցրեց լիբերալ ՙՀյուսիսափայլը՚, շուտով ձևավորվեց պահպանողական թևը ՙՄեղու Հայաստանիի՚ շուրջը: Երկու կողմերն էլ հանդես էին գալիս ժողովրդի անունից. մեղվականները ժողովրդի դեմքը կորցնելու վտանգն էին դարձնում փորձաքար, հյուսիսափայլականները` ետ մնալով ազգային ինքնությունից զրկվելու սպառնալիքը: Ստ. Նազարյանը ելնում էր ՙյուրյանց հայությունը եվրոպական իմաստությամբ զարդարելու՚ անրաժեշտությունից: Հետագա տասնամյակներում պահպանողականությունը նկատելիորեն ընդառաջ գնաց լուսավորչականության պահանջներին, լիբերալիզմը փորձեց կռվաններ հայտնաբերել պահպանողականության հիմնավորումներում: ՙՄուրճի՚ որդեգրած այս ողջամիտ քաղաքականությունը XX դ. սկզբին մանրատվեց քաղաքական կուսակցությունների ծրագրերում:
Ինքնության խնդիրը նոր մարտահրավերների հանդիպեց կապիտալիզմից սոցիալիզմին անցնելու յոթանասնամյա շրջանում: Սոցիալիզմով աշխարհը նորացնելու մարդկության մի մասի երազանքը, ռուսական մոդելի անկատարության պատճառով, փլուզվեց: Սակայն այս բարդ, հակասություններով բնութագրվող ժամանակը թողել է անուրանալի արժեքներ ևս: Բարդությունն ու հակասականությունը դրսևորվում էին ազգային հարցում ևս. մի կողմից ազգության և ազգայինի կոպիտ ժխտում` հանուն խորհրդային հանրության, խորհրդային հայրենիքի, և այլն, և այլն, մյուս կողմից ազգային ինքնության ծաղկման, այն էլ` բուռն ծաղկման հնարավորություններ: Կրկին սկսելով ՙնոր մարդու՚ ձևավորումից, գրականությունն ու մշակույթը, հաղթահարելով ձախությունների, կուսակցական կոպիտ միջամտությունների տևական, իրար հաջորդող դժվարությունները, մոռացության չտվեցին անցյալի կեցության ու կենսափիլիսոփայության լուսավոր հատկությունները: Չմոռացանք ոչ հայրենիք, ոչ ազգություն, ոչ եկեղեցի … Հեղափոխության բուռն տարիներին անգամ մոռացության չտրվեց ՙոսկի երակը հնամյա ցեղիս՚ /Ե. Չարենց/:
Մարտահրավերները շատ ավելի սպառնալից են սոցիալիզմից կապիտալիզմին վերադարձի մեր օրերում: Համաշխարհայնացումը, որ շատ դեպքերում նույնանում է ամերիկանացման հետ, գերարդիական տեխնոլոգիաներով, իբրև գաղափար սոցիալիզմի չափ գրավիչ, բայց իրականում սոցիալիզմից էլ վտանգավոր, թափանցում է ժողովրդի կյանքի բոլոր ծալքերը` ամենժամյա, ամենօրյա ազդեցությամբ, հաճախ աչքի համար աննկատ ազդեցությամբ, մեր իսկ հողում մեզ հեռացնելով մեզանից: Նախորդ շրջաններում ինքնության դեմ վարած կացնային քաղաքականությունը հանդիպել է բացահայտ դիմադրության: Տնտեսության փլուզումը, գաղափարազրկության, սեքսի ու բռնության քարոզչությունը, որին այնպես հետամուտ է հայկական հեռուստատեսային դաշտը /մասնակի բացառություններով/, ցածրաճաշակ, հակազգային ՙսերիալների՚ արշավանքը, գիտությունն ու մշակույթը նվիրյալների ջանքերին թողնելը, հայրենասիրությունը գավառական հետամնացություն դիտելը, պատմական հիշողության դեմ ոտնձգությունները ազգային դիմագիծը խաթարելու լուրջ սպառնալիքներ են:
Մեր հեռուստաէկրաններից հորդացող ապազգային-հակազգային մշակույթի հեղեղի, ցածրաճաշակ, պարզապես անճաշակ հաղորդումների հորձանուտում, ժողովրդավարությամբ երկիր խուժած աղանդների խաչակրաց արշավանքների, մեր անտարբերության ու հանդուրժողականության պայմաններում կարողանալու՞ ենք լինել ՙոսկի երակը հնամյա ցեղիս՚ …
V դարում մի Մովսես Խորենացի աշխարհին ցույց պիտի տար` ով ենք մենք, որտեղից ենք գալիս: XIX դարում մի Խ. Աբովյան Հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում հարցադրումով պետք է հաստատեր մեր արթնացման, մեր ինքնագիտակցության, հարատևելու մեր կամքը: XX դարում մի Ե. Չարենց նորից պիտի կախեր հարցադրումը` ո՞վ ենք մենք, որտեղից ենք գալիս, ուր ենք գնում, պատասխանի փնտրտուքը պարտադրելով ժամանակակիցներին ու հետնորդներին:
Ո՞վ է լինելու XXI դարի մարգարեն:
Առաջին երեքը գերեզման չունեցան:
Մեր նոր մարգարեն ունենալու՞ է:

Նարցիս 1, 2007 թ.

Comments

comments