Կառլոս Ֆուենտես «ՆԱ, ՈՎ ՎԱՌՈԴԸ ՀՈՐԻՆԵՑ»

Carlosjpg

Մեկն այն փոքրաթիվ մտավորականներից, որոնք դեռ մնացել էին աղետին նախորդող օրերին, ասել էր, որ գուցե այդ ամենի մեղքը Էլդոուս

Հաքսլիինն էր: Սոցիոլոգիայի ամբիոնի այդ տիտղոսավոր մտավորականը, որ այն նշանավոր տարվա ընթացքում, երբ համայն մարդկությանը Honoris Causa դոկտորական կոչում շնորհվեց, և բոլոր համալսարանները փակեցին իրենց դռները, դեռ հիշում էր Music at Night-ում տպված մի էսսե. մեր դարաշրջանի սնոբիզմը չիմացության և վերջին նորաձևության սնոբիզմ է, և դրա շնորհիվ են պահպանվում առաջընթացը, արդյունաբերությունը և արդի քաղաքակրթության գործունեությունը: Իմ բարեկամը հիշում էր, որ Հաքսլին մեջբերում էր մի հյուսիսամերիկացի ճարտարագետի արտահայտած մտքերից մեկը. ՚Ով կառուցի մի այնպիսի երկնաքեր, որը քառասուն տարուց ավելի կանգուն մնա, շինարարական արդյունաբերության դավաճան էՙ: Եթե որևէ մեկը բավականաչափ ժամանակ ունենար խորհելու իմ բարեկամի դատողության մասին, թերևս ծիծաղեր, կամ լաց լիներ դեպքերի և հետևանքների բարդ խաղին հետևելու նրա անպտուղ փորձի վրա, գաղափարների, որոնք գործողություն են դառնում, գործողություն, որը սնում է գաղափարները: Սակայն այդ օրերին ժամանակը, գաղափարները, գործողությունները մահվան շեմին էին կանգնած:
Ըստ էության, իրավիճակը նոր չէր: Միայն թե մինչ այդ մենք` մարդիկ ինքներս էինք ստեղծում այն, և դրանով իսկ արդարացնում, հումորով և ըմբռնումով ընդունում այն: Մենք էինք հին ավտոմեքենան փոխում վերջին տարվա ավտոմեքենայով: Մենք էինք անպետք իրերը նետում աղբանոց: Մենք էինք ընտրություն անում միևնույն իրի տարբեր մակնիշների միջև: Երբեմն կոմիկական իրավիճակներ էին լինում. հիշում եմ, որ իմ երիտասարդ ընկերուհիներից մեկը փոխեց դեզոդորանտը մեկ ուրիշով միայն այն պատճառով, որ գովազդները վստահեցնում էին, որ նոր արտադրանքն ի զորու է դիմացինի սրտում սեր արթնացնել առաջին հայացքից: Տխուր իրավիճակներ էլ էին լինում. մարդ վարժվում էր իր ծխամորճին, հարմար կոշիկներին, ձայնասկավառակներին, միայն թե դրանք նոր-նոր էին սկսում փարատել վաղեմի կարոտը, բայց պետք է դեն նետեր, տար հնավաճառին կամ աղբը նետեր՝ ահա և տխրելու առիթ:
Այդպես էլ երբեք ժամանակ չեղավ պարզելու, թե ինչ-որ մի սատանայական ծրագրի՞ էր ենթարկվում այդ ամենը, թե՞ արագահաս պոռթկումն էր մի բնական երևույթի, որն ըստ մեզ` մեր կամքին էր ենթարկվում: Պարզ չեղավ նաև, թե որտեղ սկիզբ առավ անհնազանդությունը, պատիժը, ճակատագիրը՝ չգիտենք, թե ինչ անուն տանք եղածին: Բանն այն է, որ մի օր գդալը, որով նախաճաշում էի, Քրիստոֆ մակնիշի մաքուր արծաթից գդալը հալվեց ձեռքիս մեջ: Մեծ կարևորություն չտվեցի եղածին և փչացած գդալի փոխարեն մեկ ուրիշը գնեցի՝ նույն ձևի, որպեսզի թերի չմնար գդալների սպասքը և կարողանայի հավուր պատշաճի տասներկու հյուր ընդունել: Նոր գդալը մեկ շաբաթ դիմացավ. նրա հետ միասին հալվեց նաև դանակը: Դրանց փոխարեն գնված նորերը միայն յոթանասուներկու ժամ գոյատևելուց հետո դոնդողի վերածվեցին: Անշուշտ, ստիպված էի բաց անել դարակները և ստուգել. բոլոր գդալներն անշարժ ընկած էին դարակների խորքում՝ խիտ ու գորշ խյուսի վերածված: Որոշ ժամանակ մտածում էի, թե այդ երևույթները եզակի են: Այդպիսի արժեքավոր իրերի երջանիկ տերերն այնքան խնամքով էին թաքցնում կատարվածը, որ հետո իմացվեց, որ դեպքը համընդհանուր է: Երբ սկսեցին հալվել գույնը գցած, աշակերտական և այն թիթեղյա գդալները, դանակները, պատառաքաղները, որոնցից օգտվում են հիվանդանոցներում, ճաշարաններում, զորանոցներում ու չունևորները, այլևս հնարավոր չեղավ թաքցնել մեր գլխին եկած պատուհասը: Բողոքի ալիք բարձրացավ. արդյունաբերողները պատասխանեցին, որ հսկայական ջանքերի շնորհիվ հնարավորություն ունեն բավարարելու պահանջարկն այն աստիճան, որ հարյուր միլիոն ընտանիքների խոհանոցային պարագաները կարող են փոխվել յուրաքանչյուր քսանչորս ժամը մեկ:
Հաշվարկը ճշգրիտ դուրս եկավ: Ամեն օր իմ թեյի գդալը (միայն դա էր ինձ մնացել՝ ամենաէժան իրը խահանոցային ամեն տեսակի գործածությունների համար) նախաճաշից հետո փոշիանում էր: Բոլորս հապշտապ դուրս էինք գալիս հերթ կանգնելու նորը ձեռք բերելու համար: Որքան գիտեմ, քչերն էին մեծ քանակով գնում, բոլորս էլ կասկածում էինք, որ այսօր գնված հարյուր գդալը վաղը խմոր է դառնալու, կամ գուցե հույսը, որ դրանք կարող էին քսանչորս ժամ գոյատևել, նույնքան մեծ էր, որքան և անհիմն: Մարդկանց ջերմ հարաբերություններն ամբողջովին փչացան. ոչ ոք այլևս չէր կարողանում որևէ տեղ հրավիրել ընկերներին, և կարճ կյանք ունեցավ սխալ հասկացված և բաղձալի հասարակական առաջընթացը՝ հօգուտ վերադարձը վիկինգների սովորույթների:
Որոշ չափով հաճելի այս իրավիճակը հազիվ վեց ամիս տևեց: Մի առավոտ, երբ արդեն ատամներս լվացել-վերջացրել էի, զգացի, որ ատամի խոզանակը, որ դեռ բերանիս մեջ էր, պլաստմասսե օձ է դառնում և, կտոր-կտոր դուրս թքեցի այն: Այսպիսի ձախորդությունները սկսեցին կրկնվել գրեթե անընդմեջ: Հիշում եմ, որ այդ նույն օրը, երբ բանկում մտա իմ պետի առանձնասենյակը, նրա գրասեղանը պողպատյա կտորների բաժանվեց, մինչ ֆինանսիստի հավայական սիգարները հազում էին և թել-թել մասնատվում, իսկ կտրոններն իրենք իրենց տարօրինակ անհանգստության նշաններ էին ցույց տալիս… Տուն վերադառնալիս կոշիկներս վարդի պես բացվեցին, և ես ստիպված ճանապարհս ոտաբոբիկ շարունակեցի: Տուն հասա համարյա մերկ. հագուստիս եզրամասերը պատառ-պատառ ցած էին թափվել, փողկապիս գույները բաժանվել էին իրարից և թիթեռների պար բռնել օդում: Այդ ժամանակ մի ուրիշ բան էլ նկատեցի. փողոցով սլացող մեքենաները կտրուկ կանգ էին առնում, և մինչ վարորդներն իջնում էին, նրանց պիջակները մեջքների վրա փոշի էին դառնում՝ լվացքատան ու թևատակերի իրար խառնված հոտ արձակելով, իսկ մեքենաները, կարմրավուն գազերի մեջ կորած, ցնցվում էին: Ստացած տպավորությունից ուշքի գալով՝ աչքերս հառեցի մեքենաների թափքերին. ամբողջ փողոցը փոթորկվում էր զավեշտական խառնաշփոթի մեջ՝ T մոդելի ֆորդեր, 1909 թվականի դրանդուլետներ, Տին Լիցիեներ, մաս-մաս եղած թրթուրավոր կցորդներ, մոդայից դուրս եկած ավտոմեքենաներ:
Այդ օրը մարդկանց ներխուժումը հագուստի և կահույքի խանութներ, ավտոմեքենաների վաճառքով զբաղվող գործակալություններ աննկարագրելի էր: Ավտոմեքենա վաճառողներն արդեն պատրաստել էին ապագայի մոդելը (մի բան, որ կարող էր կասկած հարուցել), որը մի քանի ժամվա ընթացքում միլիոններով վաճառվեց: Հաջորդ օրը բոլոր գործակալությունները հայտարարեցին ապագայի նորագույն մոդելի հայտնվելու մասին, քաղաքը լցվեց նախորդ օրվա de՜mode՜ մոդելի հայտարարություններով (որից, անշուշտ, արդեն նավթալինի հոտ էր փչում), և գնորդների մի նոր հեղեղ թափվեց գործակալությունների վրա:
Այստեղ պետք է նկատեմ, որ դեպքերի շարանը, որը նկարագրում եմ աստիճանաբար, և որի վերջնական արդյունքները երբեք էլ հավուր պատշաճի չգնահատվեցին, հեռու էին զարմանք կամ տհաճություն պատճառելուց և մեր երկրների բնակչության կողմից աղմուկ-աղաղակով, երբեմն էլ զառանցանքով ընդունվեցին: Գործարաններն աշխատում էին ամբողջ թափով, և վերջ դրվեց գործազրկության հիմնախնդրին: Ամեն անկյունում տեղադրված բարձրախոսները լուսաբանում էին այս նոր արդյունաբերական հեղափոխության իմաստը. ազատ ձեռնարկության եկամուտներն այսօր առավել, քան երբևէ, գրավում են առավել ընդարձակ շուկաներ, առաջընթացի այս մարտահրավերի համաձայն մասնավորի նախաձեռնությունը մարդու ամենօրյա պահանջմունքները բավարարում է աննախադեպ մասշտաբներով, սպառման առարկաների մշտական նորացմամբ բնութագրվող շուկայի բազմազանությունը խոսում է ազատ, հիգիենիկ և հարուստ կյանքի մասին: ՚Կառլոս Մեծը մահացավ՝ հագին հնամաշ կիսագուլպաներՙ,- հայտարարում էր մի գովազդային պաստառ,- ՚Դուք կմահանաք Էլաստո-Պլաստեքս մակնիշի ֆաբրիկայից հենց նոր դուրս եկած կիսագուլպաներովՙ: Հաջողությունն անհավատալի էր. բոլորն աշխատում էին արդյունաբերության մեջ, հսկայական աշխատավարձ էին ստանում և այն ծախսում ամեն օր` անպետք իրերը նորերով փոխարինելու վրա: Հաշվարկ էին արել, որ միայն իմ համայնքում յուրաքանչյուր տասնութ ժամը մեկ կանխիկ և ոչ կանխիկ երկու հարյուր միլիարդ դոլարից ավել գումար է շրջանառություն արել:
Գյուղատնտեսական աշխատանքները ստիպված փոխարինվեցին և համապատասխանեցվեցին քիմիական, շարժական գույքի և էլեկտրատեխնիկական իրերի արտադրությանը: Հիմա մենք վիտամինների հաբեր, դեղապատիճներ և գնդիկներ էինք ուտում՝ առողջապահական խիստ նախազգուշացումով, որ անհրաժեշտ էր դրանք շոգեգոլորշու վրա նախապատրաստել և ուտել խոհանոցային պարագաներով (մոմանյութով պատված վիտամինի հաբերը ձեռքով վերցնելիս դուրս են պրծնում մատների արանքից):
Պետք է խոստովանեմ, որ ես հանգիստ հարմարվեցի իրավիճակին: Առաջին անգամ սարսափի զգացում ապրեցի մի երեկո, երբ մտա իմ գրադարանը: Թանաքե շերեփուկների նման հատակով մեկ ցիրուցան փռված էին բոլոր գրքերի տառերը: Արագ-արագ մի քանի հատոր ստուգեցի, ապարդյուն՝ էջերը դատարկ էին: Մի դանդաղ, ցավագին, հեռավոր երաժշտություն պարուրեց ինձ: Ցանկացա գրերի ձայները տարբերակել, մի ակնթարթում հանգան, մոխիր դարձան: Փողոց դուրս ելա ծարավ՝ իմանալու, թե ինչ նոր բան էր նախազգուշացնում այդ ամենը: Օդի միջով վամպիրներին հատուկ համառությամբ սլանում էին բառերի ամպերը, որոնք իրար միանալով ստեպ-ստեպ էլեկտրական կայծեր էին արձակում… Սիրո մաշված խոսքերը մի պահ փայլատակում էին երկնքում, որպեսզի հետո տարրալուծվեին հեծեծանքի մեջ: Դրանց առկայծումների լույսի մեջ այլ բան տեսա՝ բարձրահարկ շենքերը սկսում էին ճաքճքել, նրանցից մեկում երկաթբետոնի երկայնքով մեկ բացվող ճաք նկատեցի: Նույն բանն էր կատարվում նաև մայթերի, ծառերի, թերևս նաև օդի հետ: Առավոտը վերքերից փայլող մաշկ հրամցրեց մեզ: Բանվորների մի մեծ խումբ ստիպված եղավ լքել գործարանները քաղաքի նորոգման աշխատանքներով զբաղվելու համար, սակայն անօգուտ, որովհետև ամեն կարկատանի վրա նորանոր ճաքեր էին հայտնվում:
Եվ այստեղ ավարտվեց այն ժամանակաշրջանը, որը թվում էր, թե ղեկավարվել է քսանչորսժամյա ճակատագրի կողմից: Այդ պահից սկսած մեր գործածության պարագաներն սկսեցին ավելի կարճ ժամանակում կազմալուծվել՝ երբեմն՝ տասը, երբեմն էլ՝ երեք կամ չորս ժամում: Փողոցները լցվեցին կոշիկների ու թղթերի սարերով, կոտրատված ամանեղենի, դնովի ատամների ու պատառոտված վերարկուների անտառներով, գրքերի կազմերով, շենքերով ու մորթիներով, կահույքով ու թառամած ծաղիկներով, ծամոններով, հեռուստացույցներով ու մարտկոցներով: Ոմանք փորձում էին հնազանդեցնել իրերը՝ վատ վերաբերվել դրանց, ստիպել շարունակել իրենց ծառայել, սակայն շուտով լսեցինք մի քանի կանանց և տղամարդկանց տարօրինակ մահվան դեպքեր, որոնք խոցվել էին գդալներով կամ հատակ սրբելու խոզանակների ձողերով, խեղդամահ եղել իրենց իսկ բարձերով, կախվել փողկապներով: Այն ամենն, ինչ աղբը չէր նետվել իր ստույգ գործառույթները կատարելուց հետո, այդպես վրեժ էր լուծում թերացող սպառողից:
Աղբի կուտակումներն անանցանելի էին դարձնում փողոցները: Այբուբենի փախուստից հետո արդեն չէին կարող հրահանգներ գրվել, բարձրախոսները հինգ րոպեն մեկ դադարում էին գործել, և ամբողջ օրն անցնում էր դրանք նորերով փոխարինելով: Արդյոք կարիք կա՞ նշելու, որ աղբահավաքները հասարակության պատվավոր խավն էին դարձել, իսկ Վեռերեի գաղտնի եղբայրություն կուսակցությունը դե ֆակտո, գործող իշխանությունը` հանրապետական կուսակցությունից հետո: Բերանացի տարածվեց մի կարգախոս՝ ՚հասարակական շահը պահանջում է, որ իրավիճակը փրկելու համար իրերն օգտագործվեն և սպառվեն օր-օրի ավելացող արագությամբՙ: Բանվորներն արդեն դուրս չէին գալիս գործարաններից: Այնտեղ էր կենտրոնացել քաղաքի կյանքը՝ բախտի քմահաճույքին թողնելով թե՜ շենքերը, թե՜ հրապարակները և թե՜ բնակարանները: Ես հասկացա, որ գործարաններում աշխատավորը հեծանիվ էր սարքում, դրանով շրջում բակում, հետո հեծանիվը փափկում էր ու նետվում օրեցօր ավելի ու ավելի մեծացող աղբատար մեքենայի մեջ, որ կաթվածահար արյունատար անոթի հոսքի նման սլանում էր քաղաքով մեկ: Նույն բանվորն անհապաղ վերադառնում էր մեկ այլ հեծանիվ պատրաստելու, և գործընթացը կրկնվում էր առանց լուծում գտնելու: Նույն բանն էր կատարվում նաև այլ ապրանքների հետ. բանվորի վերնաշապիկը, որը հենց ինքն էր արտադրում, անմիջապես մաշվում էր և նույն րոպեին դեն նետվում, ալկոհոլային խմիչքները ստիպված խմում էին նրանք, ովքեր շշալցնում էին, ցավազրկող դեղամիջոցները՝ դրանք արտադրողները, որոնք երբեք հնարավորութուն չունեին գինովնալու: Նույն բանն էր կատարվում բոլոր բնագավառներում:
Բանկում իմ աշխատանքն այլևս անիմաստ էր դարձել: Փողը դադարել էր շրջանառության մեջ լինել այն ժամանակից ի վեր, երբ առևտրական գրասենյակներում փակված արտադրողներն ու սպառողները երկու գործողությունները մեկ էին արել: Ես դա հասկացա աշխատանքային գործունեության մի նոր վայրի՝ զինագործական գործարանի օրինակով: Իմացա, որ զենքը տարվում է ամայի վայրեր և այնտեղ օգտագործվում, որ օդային մի կամուրջ հանձն էր առել ռումբերն արագ, նախքան դրանց պայթելը, տեղ հասցնել և այդ սև ձվերը թաղել այդ խորհրդավոր վայրերի ավազների մեջ:
Այժմ, երբ մի տարի է անցել այն օրվանից, երբ իմ առաջին գդալը հալվեց, բարձրանում եմ որևէ ծառի ճյուղին և ծխի ու սուլոցների մեջ աշխատում ինչ-որ բան նշմարել աշխարհի երեսին: Գոյության ձև դարձած աղմուկը ոռնում է թափոնների դաշտերի վրա: Վախենում եմ, թե իրերի պիտանության ժամկետը նվազած լինի մինչև վայրկյանի տասնորդական մասերը, քանի որ իմ վերջին փորձերն այն փոքրաքանակ պիտանի առարկաների հետ, որ դեռ գտնում եմ, դա են վկայում: Ռումբերով բեռնավորված օդանավերը պայթում են օդում, սակայն քաղաքի վրա շարունակ մի լրատու ուղղաթիռ է պտտվում՝ հին կարգախոսը հայտարարելով. ՚Օգտագործե՜ք, օգտագործե՜ք, սպառե՜ք, սպառե՜ք, ամե՜ն, ամեն ի՜նչՙ: Բայց ի՞նչ է մնում օգտագործելու: Անտարակույս, շատ քիչ բան:
Արդեն մեկ ամիս է թաքնված ապրում եմ այստեղ՝ իմ հին տան ավերակների մեջ: Փախա զինապահեստից, երբ գլխի ընկա, որ բոլորը՝ բանվորներն ու տերերը, կորցրել են հիշողությունը և ապագան կանխատեսելու ունակությունը… Ապրում են տվյալ օրով՝ պաշարված վայրկյաններով: Եվ հանկարծ զգացի, որ անհապաղ պետք է վերադառնամ այս տուն, անհապաղ պետք է ջանամ ինչ-որ բան հիշել, գոնե այս ամենը, ինչ գրառում եմ, որոնք չեն կարող ամեն բան պատմել բազմաթիվ փաստերով առատ մեկ տարվա մասին, և որևէ ծրագիր կազմել:
Ի՛նչ ուրախություն: Նկուղում տպված տառերով մի գիրք գտա՝ Treasure Island, և դրա շնորհիվ վերականգնեցի հիշողությունս ինքս իմ մասին և շատ բաների ընթացքը… Ավարտում եմ գիրքը («¡Pieces of eight! ¡Pieces of eight!ե) և նայում շուրջս՝ իրերի կմախքներ և նրանց ժանտախտային թաղանթները: Իսկ որտե՞ղ են դեռատի օրիորդները, երեխաները, նրանք, ովքեր երգել գիտեին, ինչու՞ եմ նրանց մոռացել, ինչու՞ ենք մոռացել այս ամբողջ ընթացքում: Ի՞նչ է եղել նրանց, մինչ մտածում էինք (ես էլ՝ գրում) միայն առարկաներ փչացնելու ու ստեղծելու մասին: Հայացքս ուղղեցի դեպի աղտեղությունների կույտերը: Կպչուն պղտորություն նշմարեցի հազարավոր ուրվագծերի մեջ. անիվներն ու լաթերը, գարշահոտ իրերը, քայքայված միսը հոսում էին՝ ասֆալտե առվի մեջ թաղված: Տեսա նաև ինչ-որ սպիներ, որոնք գրկախառնված մարմիններ էին, ցցված ձեռքեր, բացված բերաններ և իմացա, թե ինչ են եղել նրանք:
Չեմ կարող գաղափար կազմել այն այլաբանական հուշարձանների մասին, որոնք կառուցվել են այդ աղտեղությունների վրա՝ ի պատիվ անցյալ ժամանակների տնտեսագետների: Դրանցից մեկն առանձնահատուկ գրոտեսկային է:
Սթիվենսոնի գրքի էջերի արանքում կանաչիի սերմերի փաթեթ գտա: Ի՛նչ գորովանքով ցանեցի դրանք հողում… Այդտեղ կրկին անցավ լրատու ուղղաթիռը.
՚Օգտագործե՜ք ամեն ինչ, ամեն ի՜նչ… ամե՜ն ինչՙ:
Իսկ այժմ, այժմ կապույտ մի գլխարկ, որի փետրափունջը երևում է ստվերում և խեղդում է ինձ ջարդված ապակիների աղմուկի մեջ…
Նստած եմ լողափին, որն առաջ (եթե ինչ-որ բան հիշում եմ աշխարհագրությունից) ոչ մի ծով չէր ողողում: Աշխարհում այլ կահավորանք չկա, միայն երկու աստղ, ալիքներն ու ավազը: Մի քանի չոր ճյուղ վերցրի, շփեցի երկար-երկար… ա՛հ, առաջին կայծը…

Իսպաներենից թարգմանեց ԿԱՐԻՆԵ ՉՈԲԱՆՅԱՆԸ
Նարցիս 4, 2007

Comments

comments