Արամ Պաչյան «ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՆՈՎԵԼ»

aram pachyan

Hello Karen is everything ok? (.sms.)

-Դա նման էր լինել-չլինելուն, ինչպես ամեն ինչը, ոչ ոք չգիտեր, որ նա կա, բայց կար, այդպես Աստծո հետ է լինում.

ոչ ոք չգիտի, որ նա կա, բայց հիմա խոսում է, համոզված եղիր, ծխելու բան ունե՞ս, ես թունդ ծխախոտ եմ սիրում: Ծերուկին սլիմս հյուրասիրեցի, դժգոհեց, բայց ճար չուներ, վերցրեց ու միանգամից վառեց այն: Գիտե՞ս, ես աղմուկ չեմ սիրում, ներվային մարդ եմ, ինձ լռություն է պետք, որպեսզի հաշվեմ քայլերս: Իսկական ձայնը լռության ներսից է գալիս, դատարկությունից, սևից, զրոյից. զգույշ է գալիս, լուցկու հատիկներ վառելով, ուշադիր պիտի լինես, որ որսաս, պինդ բռնես, ինչպես արմունկիդ կանգնած ճանճին, չկասկածես, եթե հաջողացրիր, նա երբեք չի խաբի քեզ, դու կրկին կլսես ձայնը, որը հնչում էր, բայց չէիր լսում և դրանից հետո միայն կկատարես քո հռչակավոր քայլը: Ծերուկը լռեց: Նրա` հաստ շրջանակներով ու մեծ ոսպնյակներով ակնոցը կախվել էր արևից կլպված սուր քթին: Սարյանի այգում անցուդարձ էր, նստարանները լիքն էին մարդկանցով: Նա շագանակագույն տաբատի գրպանից հանեց անլվա, ճմրթված թաշկինակը, ձեռքով մի քանի անգամ տրորեց, փափկացրեց, հետո ողջ եռանդով ու բծախնդրորեն անցավ քթին. ներսի պարունակությունը քամեց, դատարկեց մեջը, թաշկինակը մի քանի տակ կոլոլեց ու նորից խոթեց գրպանը: – Ասում են, տղան չորս տարեկանում հաղթել է հորը, իսկ հայրը հավաքականի թեկնածու է եղել: Այն ժամանակ, երբ օրորոցիդ մեջ փորացավից լաց էիր լինում, երկրում ծանր վիճակ էր, ու ամենազարհուրելին աղմուկն էր: Կարելի է հասկանալ. պատերազմ էր, պահանջատիրության խնդիր կար, մենք անկախացման ճանապարհին էինք, մեզ ոչ ոք չէր օգնում, մնում էր գոռալը, ինչը շատ լավ ենք անում. մենք ազգովի խնդրելիս ևս գոռում ենք, կամ ուղղակի, հենց այնպես, տես,- Նա գոգից ցած դրեց շախմատն ու բացելով անատամ բերանը` գոռաց,- ա ա ա ա ա ա ա ա ա ա ա ա ա ա ա ա ա ա ա ա ա ա ա ա…ա ա ա ա ա ա… Կիտրոնագույն այգին դողաց: Ծերուկը տանջված թաշկինակով սրբեց շրթունքներին կուտակված կաթնագույն պղպջակները: Նա ծիծաղեց առանց բերանը բացելու, ինչպես ծիծաղում են կատուները: -Տեսնու՞մ ես, բոլորը, չգիտես ինչու, սարսափեցին, արձանը գույնը գցեց, բայց այն օրերին աղմուկը կյանքի անբաժանելի մասն էր դարձել, հիմա ինչպես եմ ես խոսում, լսու՞մ ես, այնպես էլ աղմուկը խոսքի պես բան էր, և մենք հարմարվել էինք նրան ու առավել ևս այգիներում նստած` խաղում էինք հանրահավաքների թնդյունների տակ ու լավ էինք խաղում: Հավատա, հայերս, ետ չենք մնում, նույնիսկ հնդիկներից ու արաբներից, եթե մի օր հավաքվենք հին տղերքով ու մեկնենք, Կալկաթա, մասնակցելու փողոցային առաջնությանը, կհաղթենք, որովհետև կարողանում ենք կենտրոնանալ աղմուկի մեջ, աղմուկը դարձնել լռություն, քայլ: Ահա այդպիսի մի օր, երբ այգում հավաքվել էինք և հետևում էինք էլեկտրիկ Հուսիկի ու Սմբատի պարտիային, միջադեպ տեղի ունեցավ: էնդշպիլի* ընթացքում Հուսիկը նավակով քայլ արեց ու կիսաայրված մատներով սկսեց գլխի մազերը պոկել: Նույն պահին մի երեխա, ով գլուխը դուրս էր ցցել քրտնած ու բրդոտ տղամարդկանց արանքից, շշնջաց. – Սխալ քայլ էր: Բոլորը շրջվեցին: Տղան ամաչեց: Թևի տակ սեղմեց փայտե շախմատը: Անդուր պահ ստեղծվեց: Այստեղ հավաքված էին փողոցների շախմատային արքաները` Կոնդից, Կոմիտասից, Բանգլադեշից, Երրորդ մասից, Սարի թաղից, իսկ սեղանին նստած էր արքայից արքա էլեկտրիկ Հուսիկը, ում անունը թնդում էր քաղաքում: Նա ամառ-ձմեռ վերնաշապիկների երկար թևերը ծալում էր իսկ, երբ հակառակորդը քայլ էր անում, երեք անգամ արտաբերում էր մնյա, մնյա, մնյա… Գրպաններից մեկը` լցնում էր արևածաղկի սերմով, մյուսում` տեղավորում էր գործիքները: Բացառիկ մարդ էր Հուսիկը, հազար ողորմի, հոնի օղի էր սիրում, երբ ինչ-որ մեկի տուն էր գնում հոսանքագծերը սարքելու, շախմատն էլ հետն էր վերցնում: Գործը ավարտելուց հետո պարտադիր մեկ բաժակ օղի էր խնդրում, երբ խմում- վերջացնում էր, տախտակն էր բացում ու տանտիրոջը պարտիա առաջարկում, բայց վայ նրան, ով մերժեր. սկսվում էր մշտական կռիվը: Տուրուդմբոցների համար Հուսիկին մի քանի անգամ ոստիկանությունում նստեցրել են, բայց այստեղ էլ նա հերթապահ մասի տղերքի հետ շախմատ էր խաղում: Միակ մարդը, ում Հուսիկը աշակերտում էր իր կինն էր: Ասում են քնելուց առաջ Հուսիկը լրիվ մերկ կնոջ որովայնին ջրաներկով խաղատախտակ էր գծում և պարտիա սկսում: Կաթնագույն մաշկը կնոջ շնչառությունից ալեկոծվում էր` մակույկի պես ճոճելով խաղատախտակը, որը հոյակապ էֆեկտ էր հաղորդում քայլերին: Էլեկտրիկ Հուսիկը ինքնույս էր, պարծենում էր, թե յոթ ամսեկանում արագ և ճիշտ կարողացել է շարել շախմատային խաղաքարերը: Քիչ հավանական է, բայց գուցե այդպես էլ եղել է, միանգամից խաղում էր տասնըհինգ հոգու հետ, լինում էր, որ քայլ էր անում, ապա թողնում գնում էր վնասված մալուխները վերականգնելու ու նորից օրվա երկրորդ կեսին վերադառնում էր, շարունակում պարտիան: Սակայն նրա կյանքի ամենակարևոր և նշանակալից օրը հանդիպումն էր Տիգրան Պետրոսյանի հետ, դրա մասին պատմում էր բոլորին և խոսելու ընթացքում հուզմունքից իրար հետևից ծխախոտ էր կպցնում: Եղել են դեպքեր, երբ Հուսիկին տեսել են երեխաների հետ նստած, որոնց նա լուրջ դեմքով պատմում էր, թե ինչպես է ոչ-ոքի խաղացել աշխարհի չեմպիոնի հետ, և բարձր գնահատականի արժանացել նրա կողմից: Հուսիկը հպարտանում էր, որ չեմպիոնին ինքնաթիռով տոլմայի թուփ է ուղարկել: Նա երազում էր, որ մահից հետո դին մեծ, փայտե շախմատային խաղատախտակի մեջ դնեն, պինդ կողպեն երկու արծաթաջուր փականներով և այդպես թաղեն: Այս ամենը պատմում եմ, որպեսզի պատկերացնես, թե ինչ տիպ էր նա: Փողոցների արքա: Ի դեպ` նաև թունդ խաշ ուտող: Եվ այսպիսի մարդու քայլին անուն դնի նիհար երեխա. զավեշտ էր: Հուսիկը տաքացավ. – Ոն՞ց, թե սխալ է: – Մի քանի քայլից կպարտվեք,- շարունակեց տղան: Հուսիկը ափերից դուրս եկավ, ծալովի մահճակալի պես խնամքով դարսած երկար իրանը բարձրացրեց տեղից` անճոռնի ձեռքը պարզեց տղայի ուղղությամբ: – Միչև էս լակոտը չգնա, չեմ շարունակի խաղը: Բոլորը խառնվեցին, համոզում էին վերջ տալ նեղացկոտությանը, երեխայի ասածները պետք չէ բանի տեղ դնել, բայց հաջորդ պահին լսվեց ձայնը: – Իսկ կլինի՞ Սմբատի փոխարեն ես շարունակեմ խաղը: Արդեն շատ եղավ: Հուսիկը պայթեց: – Դու…Դու… Դե շուտ նստի, նստի, նստի, տեսնեմ` ինչ ես ասում… Եվ սա վերջն էր, չեմպիոնի վերջը, քանի որ որոշ ժամանակ անց շշմեցուցիչ գրոհով երեխան ծնկի բերեց Հուսիկի քրտնած թագավորին: Ազատության Հրապարակը պայթում էր աղմուկից, ազգը գոռում էր, և այդ անդադար վժվժոցի մեջ` դիմացի այգում, մեռելային լռություն էր տիրում, արգանդային լռություն, և այս լռությամբ մենք ճանապարհում էինք մեր անպարտ արքային և նոր արքա էինք հռչակում տասը տարեկան անծանոթ մանչուկի: -Ծխախոտ տուր,- ծերուկը արցունքոտված աչքերով կպցրեց սլիմսը, ծուխը լցրեց թոքերի մեջ, կումով թքեց գետնին, ոտքով լղոզեց այն: Ես ընդհանրապես չեմ ափսոսում, որ պատերազմի տարիներին տղերքով չէինք մասնակցում հանրահավաքներին, այլ ավելի լուրջ գործով էինք զբաղվում` շախմատ էինք խաղում, մեր կյանքն մեր խաղն էր, առանց արյան ու փամփուշտների, առանց սպանությունների ու բռնաբարությունների, առանց քյաբաբների ու հերոսների, ձգտումը` ակմեն*: Մենք կողմնակից էինք մտքի պայքարին` քայլի փնտրտուքներին` փակ աչքերով, լարված գիտակցությամբ: Այստեղ հավաքվում էին տաքսու վարորդներ, Էլեկտրիկներ, գաջ քսողներ, թոշակառու մանկավարժներ, և բոլորն էլ մեծ ուղեղներ էին, բայց մեզ արհամարհում էին, վիրավորում, ձեռ էին առնում, Սյուլլի** պես արգելում էին շախմատ խաղալ, ասում էին` պարապ մարդու զբաղմունք է, գնացեք կռվի դաշտ կրակելու, չի կարելի ողջ օրն անցկացնել տախտակների դիմաց: Բայց շարունակեմ: Նորընծա արքան ապրում էր Կոնդում: Տարօրինակ երեխա էր` ֆլեգմատիկ ժպիտը դեմքին: Մասնագետներն ասում էին` շախմատային նոր աստղ է ծնվել, ոմանք վերապահումով էին մոտենում` մտածելով, թե տարիքի հետ կանցնի, բայց ժամանակը ցույց էր տալիս, որ երեխան գնալով աճում է: Երբ սպիտակ կաթը խառնվում էր սև ցեխին, չեմպիոնը փակում էր աչքերը, ու հեռանում խաղից, մարդկանցից, սրահից, իրենից, կենցաղից, գնում էր քայլը լսելու: Տես, թե ինչպես է այս կապտագույն ծուխը բարձրանում` սկզբում ուղիղ` հետո գլանաձև, կտրտված, տանգո պարողների պես ողջագուրված` պտտվելով-պտտվելով ցրվում է, չքանում, միայն մշուշն է մատնում ներկայությունը. դու հենց նոր տեսնում էիր ծուխը, չէ՞, այդպես էլ տեսնում էիր չեմպիոնին և հետո չէիր տեսնում, նա անհետանում էր իր մեջ, աննկարագրելի կոնցետրացիայով դուրս թռչում ժամանակից ու տարածությունից: Բայց հանկարծ խաղի կեսից, զարթնում էր, ու սկսում անկանխատեսելի կոմբինացիաների շարքը` տեղատարափ գրոհներով ու մեծ զոհերով: Հակառակորդը չէր հասցնում ռեալ հաշվել քայլերը, և շուտով թագավորը գտնում էր անժամանակ մահը: Նա հաղթում էր բոլոր գրոսմայստերներին: Մեր քաղաքում քչերը գիտեին նրա մասին, փոքրաթիվ ինտելեկտուալներ, որոնց հանդիպում էիր էժանագին սրճարաններում, թերթի կրպակների մոտ, գրախանութում և նրանք շշուկով էին խոսում միմյանց հետ: Ամաչում էին: Ես պատանի արքայի հոր հետ մտերմություն էի անում և մի անգամ կանգառում, նա մտահոգ պատմեց որդու անհասկանալի վարքի մասին: Հայրն ասում էր, որ չեմպիոնը տարօրինակ ձևով է ապրում, բացարձակ չի խոսում ոչ մեկի հետ, հրաժարվում է յուրաքանչյուր մսային ուտեստից, ողջ երեկո անշարժ նստում է շախմատային տախտակի դիմաց, առավոտյան նրան տեսնում են նույն դիրքով` ժպիտը երեսին: Սուրճի հետ ուտում է` ծանոթ հրուշակագործի կողմից պատրաստած` շախմատային ֆիգուրների տեսքով կիսաքաղցր բլիթներ` խնամքով է ուտում` առանց փշուրներ կորցնելու: Այդ ձիու կազմվածքով տարեց հրուշակագործը վերջին ժամանակներում նրա միակ հյուրն է և խաղընկերը, կարծես անլեզու լինի, դուռը ծեծում է և բլիթներով լի տուփը ձեռքին, լուռ կանգնում շեմին, հետո ցատկոտելով անցնում է չեմպիոնի սենյակ: Նրանք պարտիա են խաղում, առանց շախմատային խաղատախտակի ու ֆիգուրների:Հարյուր իննսուն մեկ օր է չեմպիոնը ոչ մի բառ չի արտասանել: Սկզբում անհանգստանալով կարծել են, թե լեզվի ու ձայնալարերի հետ կապված խնդիր ունի, սակայն բժիշկը ոչ մի ախտանիշ չի հայտնաբերել, մեկ-մեկ մատիտով գրառումներ է անում: Մի անգամ հայրը նկատել է, որ տղան, խորասուզված նիմցոյի*** վրա է աշխատում: Շատ էր անհանգստանում: Ծերուկը լռեց: Թաշկինակով սրբեց ակնոցի քրտնած ոսպնյակները, այդպիսի ակնոցով կարելի էր տեսնել լուսնի վրա քայլող մարդկանց: Սարյանի այգում լռություն էր: -Գլուխդ ուռեց, գիտեմ, բայց համբերիր` քիչ մնաց,- ասաց նա և շարունակեց,- այդ օրը շաբաթ էր, զանգ էին տվել արքային աշխատակազմից և հրամայել էին երեկոյան ժամը քսանին լինել նախագահի ընդունարանում: Տղան զոլավոր պիջակ էր հագել: Երբ ներս մտավ աշխատասենյակ, նախագահը չերևաց: Չենպիոնը քայլեց: Շուտով ոտքերի մկանները հոգնեցին: Պիջակը գցեց ուսերից: Հանգստանալու համար մի փոքր կանգ առավ: Շարունակեց քայլել: Քրտնել էր: Հեռվում սև կետ երևաց: Նշմարվեց երկրի ղեկավարը:Տղայի Ճերմակ ատամները փայլեցին: Հեռուստացույցով նախագահը բարձրահասակ էր երևում: Նա օրորվելով, մոտ եկավ, դեղին, թորշոմած ձեռքով բարևեց և անթարթ աչքերով ցույց տվեց խաղատախտակը: Փղոսկրե ֆիգուրները անհամբեր սպասում էին հրամանատարներին: Նրանք նստեցին: Պարտիան սկսվեց: Խաղը լարված ստացվեց: Երկրի ղեկավարը վատ չէր պատրաստվել: Նրա կոմբինացիաները տրամաբանական էին և զգուշավոր, սկզբում ի շնորհիվ փորձառությանը` կարողանում էր ֆիգուրներին թելադրել իր կամքը, բայց դա կարճ տևեց: Մարտի կեսից նախագահը կորցրեց ինքնատիրապետումը, կենտրոնացում թուլացավ, սխալ սխալի հետևից, քայլերն աննպատակ դարձան. անվճռականությունից խճճվեց, եզրահանգումները տարան փակուղի: Իսկ արքան խաղ էր անում, ամեն րոպե կարող էր վերջ դնել պայքարին, սակայն նախագահի անզոր ճիգերից անկեղծորեն մեծ հրճվանք էր ապրում: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի, չնայած ավելի լավ էր տղան հաղթեր. նախագահը լրիվ գունատվեց, հասկացավ, որ չեմպիոնը միտումնավոր արեց, փորձեց ժպտալ, չստացվեց: Ամաչեց: – Բոբին**** մի առիթով ասել էր, որ Աստծո հետ խաղում իր պարտիան ոչ ոքի կավարտվեր … Իմ խնդրանքը քեզ` սրա մասին ոչ ոքի չպատմես,- նախագահը ուզում էր դուրս նայել, բայց սենյակում պատուհան չկար…,- Մարդիկ նմանվում են շախմատային ֆիգուրների, նրանք ինձ չեն հավատում…,- Հնդկաստանում ռաջաներն ավելի շատ մտքով էին հետևում շախմատիստներին, նրանք շատ քիչ էին նստում խաղատախտակի դիմաց, իսկ ես չեմ կարողանում չխաղալ, իմ ուժերից վեր է,- շարունակեց նա…,-Ես չկարո..,- Շախմատ խաղալ ինձ մայրս է սովորեցրել… Նախագահի կնճռոտ դեմքը թախծից ցամաքեց: Նրանք անխոս հրաժեշտ տվեցին միմյանց: Արքան ժպտում էր: Վերջին օրը նրան տեսել էին սրճարանում` մի անծանոթի հետ նստած: Հեռախոսի վրա պատահական զանգ է գալիս, վերցնում է լսափողը: – Բարև, ո՞նց ես,- ես Աստվածն եմ և գարեջուր եմ սիրում, հանդիպենք այսօր, Թումանյանի վրա, քեզ կյուրասիրեմ, համ էլ կխոսենք: Աստված գեղեցիկ դիմագծեր ուներ, նույնիսկ կաշվե դրամապանակ, նա պատկառանքով բարևեց տղային, կոմպլիմենտ արեց չաղլիկ մատուցողուհուն և աշխույժ, գարեջուր պատվիրեց: -Գիտես, ես տխուր եմ, շատ տխուր: Ինձ մենակ եմ զգում: Ինքս իմ խաղից ելք չեմ գտնում: Այստեղ` ներքևում ինձ մոռացել են: Ես չեմ կարողանում տարբերել նրանց դեմքերը, միայն հառաչանքի ու լացի ձայներ եմ լսում. խելագարվել եմ ձայներից, ինձ լռություն է պետք հասկացիր` կոկորդս չորացել է: Ես հոգնել եմ չեմպիոնական դափնիներից: Դրախտի ու դժոխքի բոլոր շախմատիստներին հաղթել եմ, լուրջ, ազնվորեն, չնայած դժոխքի թիմը վատը չէ: Բայց դու ներխուժում ես մտքերիս մեջ, քո լռությունը հանգիստ չի տալիս ինձ … Ինձ պետք է այն… Դու փորձում ես լսել քայլերս: Ճիշտը, որ ասեմ, ուզում էի մոռանալ քեզ: Ինձ ամեն օր զեկուցում էին, որ երկրի վրա հայ արքա է ապրում, շախմատի անպարտելի չեմպիոն, որը հրաժարվել է բառերից … Ներիր, չկարողացա մտքիցս հանել, թույլ չտվեցիր, իմ ներսում կասկած ծնվեց, ես կասկածեցի… Այդ պատճառով էլ այստեղ եմ: Լսիր, այժմ քեզ պարտիա եմ առաջարկում, պարտիա… Աստված հուզվեց: Պատասխանի սպասումից լարված` գարեջրից ախորժակով մեծ կում արեց, աղի ձողիկ կերավ, խորը արտաշնչեց, հետո շարունակեց, – Դեհ, այնտեղ ամեն ինչ պատրաստ է, մեզ սպասում են` 1440 գրամն ընդդեմ տիեզերքի, համաձայնիր տղա, կատարիր քայլդ, այսպիսի մրցամարտ դեռևս չի եղել, չի եղել… Հեռվից տեսել էին, որ նա երկար նայում է երկնքին, արցունքները հոսում էին աչքերից: Թափանցիկ ամպ էր դառնում: Այնտեղ բոլորը փետրավոր էին: Զոլավոր պիջակով տղան, ձեռքերը գրպանում, առաջանում էր: Ամպերի մեջ երևաց շախմատային շքեղ խաղատախտակը: Աստված վազեց ընդառաջ: Նրա ուրախ ձայնը բարձր հնչեց: – Ճանապարհ տվեք, հայ արքան է գալիս, շախմատի արքան…
Հավերժ եղբորս` Կարեն Ասրյանի հիշատակին…
Արամ Պաչյան

* Էնդշպիլ- գերմ. շախմատում վերջնախաղ
** ակմե – արաբ. կատարելիություն:
*** Աիդ Սյուլլի –ֆրանսիացի եպիսկոպոս, որը 1208թ արգելեց հոգևորականներին շախմատ խաղալ:
**** նիմցո – շախմատում պաշտպանական մարտավարություն, որի ստեղծողն ու գաղափարախոսը Արոն Նիմցովիչն է` (1886-1935:)
***** Ռոբերտ Ֆիշեր – շախմատի աշխարհի առաջնության տասնըմեկերորդ չեմպիոնը:

Նարցիս 2, 2009

Comments

comments