ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

hqdefault

ՊՈԵԶԻԱՆ

ԲՈԼՈՐ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԱԿՈՒՆՔՆ Է

 Զրույց նկարիչ Վարուժան Վարդանյանի հետ 

Ձայնը բանաստեղծի կայացման «ախտանիշն» է, ցավոք, հետագայում նա հաճախ սկսում է կրկնել ինքն իրեն: Արդյո՞ք նույն խնդիրն ունի նկարիչը:

 

– Չեմ կարծում ախտանիշ է:  Այնուամենայնիվ, նկարչի կայացման համար կարևոր է անհատականությունը. և ոչ միայն նկարչի, նաև՝ գրողի,   երաժշտի և այլն: Սակայն նկարչի համար առանձնահատուկ է գույնի զգացողությունը և գեղեցիկի ընկալման ու պատկերման ունակությունը: Թերևս սա է Ձեր ասած ախտանիշը: Կան շատ նկարիչներ, ովքեր կրկնում են իրենց, օրինակ, Գառզուն: Ճիշտ է, նա տաղանդավոր է և առանձին տեսակ, սակայն կրկնություններից չի կարողացել խուսափել: Կարծում եմ, վառ անհատականությունը միշտ նորի փնտրտուքի մեջ է:

 

Լռությունը գրողի համար իմաստի ծննդյան ու նաև մահվան վայրն է, ուր կարող է կայանալ տողը: Լռությունը միտքը բառային ոլորտից շրջում է դեպի սիրտը` հոգու տարածքը: Կա՞ այլ կամ առավել բեղմնավոր նախապայման կերպարվեստում:

 

– Սրտի և հոգու տարածքն, անշուշտ, կերպարվեստի մեխանիզմի մաս է կազմում, բայց, կարծում եմ, նկարչի համար առավել կարևոր նախապայման է գեղեցիկի յուրովի ընկալումը և տեսողությունը: Օրինակ, ես տեսնում եմ անձրևի տակ թրջված գեղեցիկ կնոջը և ուզում եմ այդ պահը նկարել, հավերժացնել և իմ ընկալումն եմ հանձնում նկարին: Բեղմնավոր նախապայմանը, կարծում եմ, սա է: Նկարչի համար տեսողությունը չափազանց էական է: Նկարելով` ինքս ինձ ազատագրում եմ, իմ միջից ազատում եմ այն ցավը, որը ինձ հասցնում են մարդիկ, կյանքը: Ինչ-որ տեղ ցավը նույնպես դառնում է բեղմնավոր նախապայման: Ընդհանուր առմամբ, նկարչության մեխանիզմը բարդ ու դժվար է: Սիրում եմ բարդ ու հաղթահարելի ճանապարհը, դրա համար էլ ընտրել եմ կերպարվեստը: Երբեմն նայում եմ կտավներիս և մտածում, թե նրանք նեղանում են ինձանից, որ բարդ ու դժվարին եմ կոչում նրանց: Չէ՞ որ ինձ շրջապատել են հոգատարությամբ, բարությամբ, հասկանո՞ւմ ես: Այնուամենայնիվ, նրանք իմ հարազատներն են, ես գործ ունեմ հարազատներիս հետ: Երբ որ կտավին մոտենում եմ, մոտենում եմ այնքան սիրով, այնքան քնքշանքով, այնպիսի ակնածանքով ու հարգանքով… նա էլ ինձ, և այդ բարդությունը երկրորդ պլան է մղվում:

 

Դանիել Վարուժանը, ինչպես նաև Թ. Ռյոթքեն, կարծում էին, որ նմանակումը ինքնուրույն ճանապարհի սկիզբ կարող է հանդիսանալ: Այդ առավել նկատելի է նկարչության մեջ, սակայն գայթակղիչ է դառնում «գունագողությունը»

 

– Ինչպես գրագողությունը գրականության մեջ, այնպես էլ գունագողությունը կերպարվեստում ցավալի երևույթ է: Նկարչական աշխարհում ինձ բազմիցս են նմանակել: Իմ թե՛ վրձնահարվածների տեխնիկան, թե՛ գույների դերաբաշխումն ու գունային ճաշակը և թե՛ թեմաները մեր մի շարք նկարիչներ կիրառել են: Այ, օրինակ, քրիստոնեական թեմայով երբ սկսեցի նկարել (ի դեպ, միջնադարյան մանրանկարներից հետո, եթե ուշադրություն եք դարձրել, մեր կերպարվեստում գրեթե չկային նման նկարներ), սկսվեցին նմանակումներն ու կապկումները: Ես ցուցահանդես կազմակերպեցի «Խաչելություն» խորագրով, որն էլ վերջ տվեց այդ նմանակումներին, որովհետև տեսնողը, դիտողը արդեն կասեր, որ տեսել է, իմն է միտքը, գաղափարը: Դա իմ տարածքն էր, և ես էլ այն փակեցի այդ ցուցահանդեսով: Իմ նման մի շրջան նկարում էին գրեթե բոլորը. կտավի ֆակտուրան, գունային հարաբերությունները, կանացի կերպարների տիպը, որը ես էի բերել: Քույրս շատ գեղեցիկ էր, և նրան նկարում էի, հասկանո՞ւմ եք, ուղղակի թալան էր… ես բերել եմ նաև ասպետական թեման: Գուցե այդ բոլորը չանեի, եթե ուրիշ տեղ ապրեի: 20 տարեկանում արդեն անցել էի վերացական արվեստին, բայց վերացապաշտական ու գերիրապաշտական արվեստի համար Հայաստանը պատրաստ չէր. հայկական ոչ միտքն էր պատրաստ դրա համար, ոչ շուկան: Իսկ անհայտության մեջ քաղցած ապրելը առանձնապես լավ բան չէ: Ուրեմն` կարելի էր անել, այսպես ասած, ֆիգուրատիվ նկարչություն, որը նույնքան ազդեցիկ լիներ, նույնքան տպավորիչ, և ահա այդ ընդօրինակումները. խայտառակ բան էր: Նույնիսկ անվանումներն ու խորագրերն էին ընդօրինակվում: Ֆակտուրաների շողշողուն մակերեսները, որոնք իմն էին, մեկը օգտագործել էր և բացատրում էր իրենց գյուղի քարերով, իբր այնտեղից է գալիս: Իմ նկարներն իմ մարդկային տիպն է ստեղծել, բայց այդ մարդիկ, որոնք ինձ նման էին նկարում, ինձ նման չեն:

 

Սառուցյալ ժամանակներում մարդկային ցեղը հայտնվել է վերանալու վտանգի առջև, իսկ մեր օրերում սառչում է մարդու հոգին, որը կարող է տիեզերական հետևանքներ ունենալ: Եվ ունենում է: Հոգու գաղափարի սնանկացման  մեր նևրոտիկ օրերում գնալով ավելի ակնառու է դառնում մարդու վախը  գոյության կորստից, դատարկությունից, վերջից: Այս վախը նաև արվեստի շարժիչ ուժերից մեկն է համարվում: Կարելի՞ է ասել, որ գոյության հակառակը հենց հոգու գաղափարի կորուստն է, թե՞ նկարիչը հակված է վերջին օրվա  ավետարանական, առավել գունեղ տարբերակին. արվեստ հանուն արվեստի՞, թե՞… 

 

– Սա հարց չէ, բանաստեղծություն է ինքնին: Դարձյալ գալիս ենք այն ելման կետին, թե ինչի համար է արվեստը: Վերջին օրվա` ապոկալիպսիսի զգացողության համա՞ր, թե՞ ինչ-որ մի ուրիշ բանի: Չէ, դժվար է այդպես մտածելը: Մարդը ուղղակի նկարիչ է և նկարում է, ուզում է ստեղծել իր աշխարհը և այդտեղ պատսպարվել: 20 տարեկանում իմ օրագրում գրել եմ. «Արվեստն իմ ռմբապաստարանն է»: Իմ արվեստում ես պատսպարվում եմ ճակատագրի հարվածներից:

Արվեստի զգացողություն ունեցող մարդու համար, երբ նա նայում է Վեռների կտավները, հավերժության զգացողություն է ունենում: Հիշում եմ, երբ Մոսկվայում հիվանդացել էի, այցելեցի Միքելանջելոյի  գրաֆիկական գործերի վերատպությունների ցուցահանդես: Նայեցի այդ հանճարի ստեղծագործություններին և զգացի, որ իմ հիվանդությունը չնչին բան է. այդ պահին այնքան հոգևոր վերելք ապրեցի, որ հասկացա, թե իմ հաջորդ քայլն ինչ է լինելու: Վան Գոգի «Արևածաղիկները» և «Անձրևից հետո» կտավները նման զգացողություն են հաղորդում: Ուրեմն արվեստը թերևս միակ ուժն է աշխարհի կործանման վտանգի դեմ, այն փրկիչ ուժ ունի:

 

. Ակնհայտ պատկերավոր մտածողություն ունեցող գրողի մասին ասում են, թե «նա նկարիչ է, որը լավ պատկերներ է խզբզում»: Ձեր գործերն իմ մեջ բանաստեղծական տողեր են ծնում: Կարո՞ղ ենք նույնը  հակառակ ձևակերպել:

 

– Իմ նկարները համարում եմ պոետիկ էքսպրեսիոնիզմ, ինչ-որ շատ տարօրինակ երևույթ: Տիպիկ էքսպրեսիոնիստ եմ և նկարչության  լավագույն  կետերի մեջ: Քանի որ տիպս է մարդկային, ուզեմ թե չուզեմ` էդ է: Դա ես ցանկացել եմ, ոչ ստեղծել եմ, ոչ էլ կամեցել: Ցանկացել եմ լինել հանդարտաբարո, խաղաղ կյանքով ապրող մի մարդ, բայց Աստված էլ դա չկամեցավ:  Խռովահույզ ծովը նետված նավակի նման կարծես ալիքից ալիք եմ շպրտվում: Մի խոսքով, միշտ էլ ասում եմ, որ պոեզիան բոլոր արվեստների ակունքն է: Նույն ձևով  կարելի է  Ադանի «Ադաջոյի» տակ մի բանաստեղծություն գրել ու լաց լինել: Իսկական արվեստները իրար մղում են ինչ-որ մի բանի:

Պոեզիա կարդում եմ: Մի ժամանակ  անընդհատ էի կարդում: Դրանք նույնն են: Իհարկե, նկարչությունից պետք է բանաստեղծություն ծնվի, բանաստեղծությունից` նկարչություն, երաժշտություն: Աշխարհի բանաստեղծական ընկալումը   դրված է բոլոր արվեստների հիմքում: Եվ այն մարդիկ, ովքեր այդ չեն զգում, չեն կարող դառնալ իսկական նկարիչ, արվեստագետ, քանի որ նկարչության մեջ ամենակարևորը գեղեցիկի զգացողությունն է, ոչ թե գեղեցկացնելու հմտությունը: Ինչ ուզում ես արա, լավ արվեստը դասական է, նույնիսկ ամենաավանգարդը, եթե որակ ունի: Ոչ ոք այսօր թող չպարծենա, որ ինքը ավելի համարձակ նկարիչ է, քան Վան Գոգը իր ժամանակին, բայց Վան Գոգն այսօր դասական է, և հանգիստ կարելի է դնել Ռեմբրանդտի կողքին: Նշանակություն չունի, որ մեկը մի քիչ պայծառ գույներով է մտածել, մյուսը` լույս ու ստվերով: Դրանք ինձ համար հավասար արժեքներ են: Գեղեցիկի զգացողությունը և ճշգրիտ ընկալումը տանում է դասականության:  Ասենք` Պաուլ Քլեեն, որքան ինքնատիպ նկարիչ է, չէ՞: Կամ Անրի Մատիսը, որին վայրի էին կոչում` ֆովիստ, հայերեն` բարբարոս: Նայում ես նրա նկարած դիմանկարներին ` դասական են:

 

Ձեր գործերում բացի գունային եզակի լուծումներից, մշտապես առկա է միտքը: Առկա է ձեր կենսական կապը դիտողի հետ: Կտավները կամ հուզական հարցեր են ծնում կամ դառնում են պատասխանները հուզական հարցադրումների: Մոդեռն նկարչությունը մերժում է այսպիսի կապը և հենց դրանով իսկ տանում է արտիստիկ նևրոզի` թե՛ նկարչին և թե՛ դիտողին: Անհասկանալին դարձել է ոճ, նպատակկարծես թե: Եթե արվեստը չի օգնում ապրել կամ հաղթահարել ներքին հոգեբանական քաոսը, ապա այն պետք է զբաղված լինի առավել միստիկ  ու առավել նուրբ մի այլ գործով, որի հետքը անձամբ ես չեմ նկատում մոդեռն նկարներում: Ո՞րն է ձեր մոտեցումը

 

– Միտքը հիմքն է ամեն ինչի: Ես միշտ սիրում եմ կրկնել մեր մեծ վարպետի` Մ. Սարյանի խոսքերը. «Է՜հ, տաղանդ բոլորն ունեն, խելք չունեն, խե՛լք»: Սարյանը մտքի նկարիչ էր, նա հույզի նկարիչ չէ, ռացիոնալիստ է, որը չի ասվել, և քչերը գիտեն, բայց ես դա գիտեմ, և այդ մասին խոսել եմ մեր լավագույն սարյանագետի` լուսահոգի Վիլհելմ Մաթևոսյանի հետ: Այսինքն՝ մտքի շարժը ծնում է ամեն ինչ և, եթե հիմքում միտք չի ընկած, անհեթեթություն է ստացվում: Հիմա ես Սարյանի խոսքը կարող եմ ասել իմ շատ գործընկերների մասին. ես նրանց խելքով եմ «կրում»:  Խելքն է, որ մի նոր գաղափար է ծնում: Եթե ծնվում է գաղափարը, այն պատճենելը դատարկ բան է, և հայ նկարիչների մեծ մասը զբաղված է պատճենելով և՛ իմ, և՛ դրսի հանրահայտ նկարիչների ստեղծագործությունները: Դա մտքի պակասից է գալիս:

Մոդեռնիզմը շատ լայն, տարածական հասկացողություն է: Նայած ինչ տեսակ մոդեռն: Կոշուտը սև մակերեսների վրա սպիտակով մտքեր է գրում, և ասեմ, որ նա անտարբեր պիտի թողնի դիտողին: Համենայնդեպս,  լավ մոդեռնը, որտեղ վերևում ասված միտքը կա, չի կարող անտարբեր թողնել դիտողին: Հիմա չգիտեմ, Մարք Ռոթքոյի՞ն պիտի համարենք մոդեռն, թե՞ Ռոշին: Մարկ Ռոթքոն ինձ անսահման հուզում է: Եթե իմ «Այս վերադարձը» գըրքում 15 տարի առաջ գրել եմ. «Գեղեցիկ վերջալույսների, մայրամուտների երգիչ Մարկ Ռոթքոն», ապա ապշում եմ, որ այս տարի արվեստի մասին խոսող միանձնուհու զգեստով կինը այդ ֆրազն է ասում, բնականաբար, ինքը չէ հեղինակը, այլ ետևում կանգնած լուրջ մի արվեստաբան: Ապշում եմ, որովհետև Ռոթքոն ինձ ավելի է հուզել, քան, ասենք, հենց այդ մայրամուտը լավ նկարող նկարիչը: Մի խոսքով… ես չեմ կարող սահման դնել մոդեռնի և դասականի միջև: Մի բան կարող եմ ասել, ինձ ավելի հարազատ է, եթե որևէ գործ իմ ժամանակակիցն է ստեղծել: Լսում եմ երաժշտություն և ինձ թվում է, թե այն ես եմ գրել: Կամ նայում եմ ժամանակակից  նկարչություն և տեսնում եմ, որ կա և՛ ճշգրիտը, և՛ կեղծը: Օրինակ, մի հոլանդացի լուսանկարչի ինքնալուսանկարում գլուխը վերցված է ափերի մեջ և արցունքներ են հոսում աչքերից: Տակը գրված է. «Դուք չեք պատկերացնում, թե որքան ցավալի է ինձ համար»: Մի քանի տարի անց այդ լուսանկարիչը ինքնասպան է լինում, իսկ նկարն  արժևորվում է: Բայց նա մոդեռնիստ է: Եթե մոդեռնի ետևում  կանգնած է մեծ  անհատականություն, նա էլ կարող է օգնել հաղթահարելու ներքին հոգեբանական քաոսը: Ես կարող եմ զատել այսպես` վատ, սուտ արվեստ և իսկական արվեստ, սուտ, դատարկ արվեստագետ և խորը, մտածող արվեստագետ:

 

Նարցիսի ֆենոմենը, որը նաև կերպարանափոխության պատմություն է, հուզել է բոլոր մեծ արվեստագետներին: Վստահ եմ, որ այն նաև ձեզ է անհանգստացրել: Այն արտացոլվե՞լ  է  ձեր գործերում:

                 

–  Հեռուստատեսությամբ իմ վերջին հարցազըրույցում ես խոսել եմ Նարցիսի մասին, և նույնիսկ, երբ ասացին, որ այդպիսի ամսագիր է տպագրվելու, ես քթիս տակ քմծիծաղ տվեցի: (Հետաքրքիր է, չէ՞, ուրեմն տիեզերքում այդ գաղափարը ինչ-որ մի տեղ թևածել է:) Հաղորդավարուհին ինձ հարցրեց. «Ինքնադիմանկարները ինչի՞ արդյունք են»: Ես պատասխանեցի, որ շատ հանգամանքներ կան,  և կա նաև նարցիսիզմի տարրը դրանում, չէ՞ որ նկարիչը նայում է հայելու, իսկ  Նարցիսը` ջրի մեջ և պատկերում ինքն իրեն: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ բոլոր նկարիչները ինչ-որ բանով տառապել են, ինձնով վերջացրած կամ ինձնից սկսած (մեծամտություն թող չթվա): Նկատել եք, երևի, որ նկարիչները նկարում են ոչ թե իրենց, այլ այն պատկերացումը, որ ունեն իրենք իրենց մասին: Կան դեպքեր՝ սկսած Ռեմբրանդտից, Վելասկեզից, երբ նկարիչներն իրենց հումորով են նկարել, բայց դա էլ խաղ է:

Ինչպես հունական դիցաբանության ամեն մի հատվածը, Նարցիսը ևս գործող, կենդանի ջիղ ունեցող մի բան է, և աշխատում է անընդհատ:

Ինձ զանգահարում է մի կին, որը շատ տգեղ է   (ես գիտեմ), բայց նա չգիտի (հուսով եմ, որ այս հարցազրույցն էլ չի կարդա): Ինքը նարցիսիզմով է տառապում, քանի որ մտածում է, թե գեղեցիկ է: Շատ քիչ մարդ կա, որ ճշմարիտ է ասում,  և նա գեղեցիկների մեջ է: Սա արդեն նմանվում է խաղի: Նարցիսիզմը միայն արտաքինին չի վերաբերում. կան ապաշնորհ մարդիկ, բայց տուր նրանց երկու բաժակ օղի, և ապաշնորհ մարդը ամենամեծ նկարիչն է կամ պոետը…

Այստեղ այլ խնդիր կա, եթե մարդն իրեն համարում է ամենալավը, նրա հոգն էլ չէ, թե ինչ կհամարեն իրեն ուրիշները: Սակայն ինքը պետք է նկատի նաև թերությունները, որոնք բնորոշ են իրեն և այդ դեպքում ճշմարտության կհանգի: Ճշմարիտ մարդն իր բացահայտմանն է ուղղված:

 

Զրույցը վարեց ՍՈՆԱ ՎԱՆԸ

Comments

comments