Արտակ Վարդանյան «ՎԵՐՋԻՆ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ»

Artak Vardanyan

ՎԵՐՋԻՆ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ

Մանկության ընկերոջս՝
Օնիկ Մարտիրոսյանի հիշատակին

Քամոտդարի փեշերից Փանդամի աղբյուրը հսկող նարնջագույն ժայռերի ստվերները վաղուց ձգվել-երկարել էին:

Աշնանային ծիրանագույն մայրամուտն արագորեն վերածվում էր միայն այդ առեղծվածային-խորհրդավոր վայրերին հատուկ մանուշակագույն երեկոյի:
Գրեթե խուճապի մեջ հայտնված տղան ստուգում էր խաղողի այգու թփաշարերը: «Որտե՞ղ կարող են լինել նռնակները, ախր թփերն էլ այնքան նման են իրար»,– մտածեց և սկսեց արագացնել փնտրտուքը, քանի որ Ղարաբաղլարի ճերմակ բլրի հակառակ կողմից արդեն լսելի էին չարագույժ աղաղակները: Տղան որոշել էր միայնակ դիմակայել հայրենի գյուղի վրա գրոհող խառնամբոխին, քանի որ լավ գիտեր՝ խորհրդային զորքը և համայնավարական արժեհամակարգով դաստիարակված գյուղի ղեկավարությունը խոչընդոտելու էր հարձակվող ամբոխի հետ ակնհայտ առճակատման ցանկացած փորձ՝ չնայած գյուղի երիտասարդների զինված ջոկատը պատրաստ էր ամեն ինչի:
Մի պահ զարմացավ, երբ անընդմեջ ուժգնացող աղմուկը անսպասելիորեն հանդարտվեց: «Հաստատ Ասմո աղբյուրի ջուրն են լակում»,– ակամայից շշնջաց, ապա հայհոյախառն փութկոտությամբ մի կողմ շպրտեց հերթական թփի ճյուղերը, և ձեռքը վերջապես հաճելիորեն զգաց նռնակներով լի սառը ուսապարկի ներկայությունը:
Ասմո աղբյուրը Սեմի աղբյուրն էր: Ասում էին՝ հազարամյակներ առաջ, երբ Նոյը իջել էր Արարատից, հաստատվել բլրից այն կողմ տարածվող սարալանջին, կառուցել հետջրհեղեղյան առաջին տունն ու մշակել խաղողի առաջին այգին, նահապետի անդրանիկ որդի Սեմն էր եղբայրների հետ կառուցել այդ զարմանալի աղբյուրը՝ հեռավոր լեռներից այնտեղ հասցնելով սառնորակ ջուրը…
Հազարամյակներ շարունակ նոյաշեն այդ բնակավայրը Ագարակ էր կոչվել: Սակայն ավելի ուշ, երբ ճակատագրի հեգնանքով այս նվիրական հողին և նոյակառույց աղբյուրին տիրացել էին քոչվոր ցեղերի նորօրյա շառավիղները, իրենց ճաշակով Ագարակն էլ Ղարաբաղլար վերանվանել, այսօր ուզում էին հենց այնտեղից էլ գրոհել տարածքի վերջին հայաբնակ մեծ բնակավայրի՝ իր հայրենի Ազնաբերդի վրա:
Երեք օր ուղեղի մեջ պտտվում էր երազը՝ իբր կանգնած է Սևերի լանջին և հանկարծ նկատում է, որ դիմացի Քամոտդար սարը հիմքից երերում ու դղրդում է: Հետո անսպասելիորեն լեռան ուղիղ կեսը պոկվում, ձորն է թափվում՝ իր մեջ առնելով առափնյա տները, ավտոմեքենաներն ու մարդկանց…
Եվ ահա՝ ուղիղ երեք օր անց ցերեկը լուր տարածվեց գյուղում, թե շրջկենտրոնի հանրահավաքից հետո ադրբեջանցի խառնամբոխը որոշել է հարձակվել գյուղի վրա: Տարածքը հսկող զինված ջոկատայիններն իսկույն հավաքվեցին ակումբում և որոշեցին հնարավոր և անհնարին անելիքները: Համատնտեսության նախագահն ու մի քանի ուսուցիչներ հորդորում էին առճակատման դեպքում միայն վախեցնել հարձակվող ամբոխին: Տղան նստել էր ակումբի դահլիճի ամենավերջին շարքում և հստակ որոշում էր հենց այս պահի անելիքը:
Ձեռքով շոշափելով ցերեկն այնտեղ թաքցրած ուսապարկը՝ կարծես մի աներևակայելի զորություն ստացավ, թեև ուսապարկի կապն արձակելուն զուգահեռ ուժգնանում էին դիվական աղմուկ-աղաղակները, հստակ լսելի էին կրկնվող ու կրկնվող «Մահ հայերին» վանկարկումները: Անգամ աղջամուղջի մեջ՝ բլրի գագաթին, սկսեցին նշմարվել ելուզակների գլուխները, թափահարվող մահակներն ու ինքնաշեն զենքերը, վառվող ջահերը:
Այդ աշնան բերքը այնքան առատ էր, ընկուզենիներն ու նշենիները, խաղողի ու դեղձի այգիները, ցորենի ու գարու արտերն այնքան շռայլորեն էին բարիքներ պարգևել, որ գյուղի պառավները տարին միաբերան «գլխակեր» էին կոչել: Մեհրաբենց շունը ամիսներով գիշերները գայլահաչ էր տալիս: Ասում էին՝ դա էլ է վատ նշան: Գյուղում նաև այնպիսի տարօրինակ-չարագուշակ դեպքեր ու իրադաձություններ տեղի ունեցան, որ երբևէ մարդու մտքով չէին անցնի…
Մոլեռանդ ամբոխն արդեն ներխուժել էր այգիների միջով դեպի գյուղ տանող խճուղին և սկսել արագորեն առաջ շարժվել:
«Տե՛ր Աստված, այս ի՞նչ ուժ է սրանց այսպես տանում դեպի ուրիշի հողն ու ուրիշի տունը, ուրիշի սրբություններն ու հիշատակները…»: Եվ անմիջապես էլ համոզվեց, որ այդ ուժ կոչվածն ընդամենը քոչվոր-ավարառու նախնիներից նրանց փոխանցված ժառանգական հիշողությունն է…
Դիմացի սարալանջին նկատեց զինված յուրայիններին: «Տղանե՛ր, միայն օ՛դ կրակեք, միայն օ՛դ»,– բղավում էին տարեց ուսուցիչները:
Տղան առանց տատանվելու, գրեթե վարպետորեն քաշեց առաջին նռնակի օղակը: Քանի-քանի անգամ էր Սրանոցի ճերմակ սարի կիրճում թաքուն փորձարկել ինքնաշեն նռնակները: Անսպասելի հզոր պայթյունից ամբոխը մի պահ քարացավ, և անմիջապես որոտաց երկրորդ պայթյունը: Համընդհանուր վայնասունից լսելի էին գետնին տապալվածների՝ մորն օգնության կանչող ճիչերը՝ «Ամա՜ն, անա՛», «Օլըրա՜մ, անա»: Իրարով անցած ամբոխը մթության մեջ մի պահ կրետների խառնափնթոր պարսի նմանվեց, մի քանիսը մեքենաբար ներխուժեցին այգին: Արագորեն փոխելով նետման դիրքերը՝ տղան վերջին նռնակները շպրտելիս զգաց, որ մեկը սուր զենքով խփեց ուսին, բայց չհասցնելով տապալել՝ բռնեց իր ոտքերից: Սակայն տղան ճարպիկ շարժումով ազատվեց ելուզակի ճանկերից, և միայն մարզակոշիկները մնացին նրա ձեռքին…
Երբ շրջանցելով այգիներն ու խճուղին, տղան ուսի սաստիկ ցավն արհամարհելով՝ տղան անկոշիկ մագլցում էր Քամոտդարն ի վեր, հեռվից կիսամթում տեսավ արդեն տեղ հասած խորհրդային «խաղաղարար» տանկերը, զոհերին ու վիրավորներն դեպի տանկերը քարշ տվող ելուզակներին և իր մոտոցիկլետը՝ ծխի թանձր քուլաների մեջ ամբողջովին այրվելիս…
Այդ պահին նա բոլորովին չէր կարող պատկերացնել, որ հենց ինքն է հայաթափ Նախիջևանի վերջին փոքրիկ հերոսամարտի միակ հերոսը, թշնամու դեմ ելած միակ զինվորը, իր հայրենի եզերքի միակ իրական պաշտպանն ու տերը…
Առավոտյան, երբ «զանգվածային անկարգությունների հետևանքով» երեք զոհերի և շուրջ մեկ տասնյակ վիրավորների գործը քննող դատախազության խումբը զինվորականների ուղեկցությամբ գյուղ եկավ, գյուղի ծայրին բնակվող Շուշան ազին դուրս եկավ դարպասից, թևերը կանթած կանգնեց վիլիսի առջև և իր իմացած ռուսերենով ասաց. «Ո՞ւմ եք փնտրում: Ավազակների դատաստանն անողները մեր գյուղը պահպանող երեք սրբավայրերն են՝ Սուրբ Հովհաննեսը, Սուրբ Թովմա Առաքյալն ու Սուրբ Հակոբը: Մեռնեմ նրանց զորությանը»:

2015, օգոստոս

Comments

comments