Շանթ Մկրտչյան «ՍԱՂՄՈՍ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ»

shant

Սաղմոս փորձության

Քանի որ տարար մեզ ի փորձություն՝
Հաջորդից հաջորդ լյառը հանելով,
Եվ անկումներում ու սև գուբերում կախելով կիրճեր
Իբրև խորություն անիմանալի մի այլ խորության,

Դնելով հոգին եռաչափ դաշտում ամենքին ի տես,
Բարու և չարի դաշնագրի մեջ չեղյալ կետերով
Մղելով ճկման, ջանքի, խոնջության –
Տիեզերագոտի մի խավարամած,
Ուր սե՜րն է սակավ , որքան ելնում ենք
Սիրո սանդուղքով մեր մատնահյուսած,
Ինչպես օզոնի շերտը վերաբաշխ մթնոլորտն ի վար
Թռիչք առ թռիչք մեր հայրենական տներին հասնի,
Գա ի հակառակ-վերընթացությամբ առ Արարիչը,
Քշում ես շնչով դեպի անապատ՝ մենության քուրա,
Երբ անապատներն արդեն հսկում են ոչ կորյուններով,
Այլ՝ տարանշան պետաուժային մահակ ու զենքով,
Իսկ ես գիտեի՝ վա՜րդն է երազում մատս արյունել
Ու ետ եմ եկել ի կյանք և ի սեր մարդեղացումի-

Անհատույց տրված լույսի ճեղքումին չարի զորքերում,
Լույսի ճանկռման, բեկմանն ահալի և առասպելյալ արալեզումին,
Որպես մոխիրը հրաբուխներից Կոլիմա լեռան և կամ Վեզուվի՝
Տեղացած երկրիս տարածումով մեկ, չորս ծագերով և՝ չորս լուսաբացով,
Ու ես փչեցի իմ ներաշխարհի ձյունահողմերը, քաջքաքամիներն ու երգն ամոքող,
Տարա ծովեծով մոխիրը մեռյալ, սփռեցի կենաց ջրերի վրա,
Որ ծլարձակի հողը մեր մարմնի, զորանա, կենա…
Հիմա ծամում եմ հացն իմ վաստակած ու կուլ չի գնում,
Քանզի սովյալներն արև չեն տեսնում գետնահարկերում,
Շորեր եմ հագնում ու մնում եմ մերկ,
Քանզի թզենին այգում եդեմի տերևաթափ է,
Խրախճանում եմ՝ չի՜ խնդում հոգիս,
Քանզի շարանը սգավորների հասնում է արդեն ուրվականներին,
Ձգվում եմ վերև մատնածայրերիս՝շըրըփում եմ ցած,
Քանզի անկումից՝ ապշահարների արձանախումբն է բոլորում անձս,
Պարտառու դարձած՝վարձքս չհասավ,
Քանզի չուզեցին թշվառներն իրենց խորշերում տեղ տալ,
Ծնանում եմ ես՝ խավարն է կալում,
Քանզի նախանձի մաղձալճերն են հայտնվում իմ դեմ…

Բոլոր մարտերի, պատերազմների, հանուն հավատքի
Ճոճվող տեգերը և նիզակները այլևս իմն են, իմ մարմնի մեջ,
Ահաբեկչության բեկորներն իմ մեջ, սադրանքներն իմ մեջ, զոհերը իմ մեջ,
Ես՝ աշխարհական, ես՝ մահկանացու, ես՝ եղբայրացու:
Ես քայլ եմ գցում՝ տոգորված լույսով քո խոհեմության,
Սիրով սիրավոր, որպես վիրավոր հավքը հազարան,
Ինչը դրել ես շրջապարսպում՝ որպես փորձաքար և ինքնազսպում,

Խառնիխուռն նետած մեղքը գետնակոխ-
Զղջումիս միջից աճած խոտերով հոգեբուժական գութո~վ եմ գալիս,
Անվարձ եմ տալիս, անսակարկելի և անվերադարձ:
Իսկ ինձ ինչու ես շպրտում կիրճը խորությունների,
Գուբը նահանջի, անզգայության ապակիներին՝ իբրև հատուցում,
Ու դեռ ելնում եմ ասես թռչունը էպոսի միջից – այդքան հեռավոր,
Ճառագայթն ի վեր, ժամանակն ի վեր և անժամանակ թափառումների…

Ա՜հ կա հոգումս, սրտում իմ, տեսողության մեջ եռաչյա դաշտի.
Ես սո՜ւր եմ, որ կամ՝ կոփված մեղքերի արյան քուրայում,
Եվ ո՜ւ ր շարժըվեմ երեխեքի մեջ, ծերունիների ու ծոցվոր կանաց…
Շնորհ է նրան այս փորձությունը, ով տեսել է քեզ
Իր բևեռային մի լուսապահի – ծովազվարթում,
Մթնշաղերում, ցասումների տակ միգամածության,
Եվ միջօրեիդ զենիթում չվող քո զանգակատան…
Եվ քանզի տարար մեզ ի փորձություն,
Տե՜ր, շնորհ արիր մի անգամ գամել քայլս բարձունքին՝
Ղողանջ հղելով Սարդարապատի երրորդ կամարից
Այնքան մոտ, որ ինձ, թվաց, թե ինքս եմ խփվում պղնձե արգանդին զանգի՝
Նայելով հեռուն՝ տանն իմ տոհմական և Արարատին:
Գիտեմ, թե ինչպես ցասման ընթացքում ողջամտության
Երկու թևերով ոճիր և պատիժ վարել մինչև վերջ,
Բայց առանց ղողանջ՝ երբեք, ոչ մի քայլ.
Քո անեզրական տեսողությունը իմ մեջ կարող է արևամարել
Այն ժամին,երբ որ մահ է շրջասփյուռ,
Զինավառված է աշխարը մարդու,
Եվ ուղեկցում ես մեզ ի փորձություն:

28.01.2015 թ.

Comments

comments