Խաչիկ Խաչեր «ՆԱՄԱԿ ՀԱՄԲՈՒՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

khachik-khacher

Նամակ համբուրելու մասին

Սիրելի ……

Խնդրում եմ  չզարմանաք եթե ես հենց սկզբից  իրականությունը ձեզ ասեմ, որ Ճապոնիայում  մարդիկ իրար երբեք չեն համբուրում:

Ո’չ  ընկերաբար, ո’չ  բարեկամաբար, ո’չ  քաղաքականորեն և ո’չ էլ …  և  ո’չ էլ ծնողներն իրենց երեխաներին, տատիկներն ու պապիկներն իրենց թոռներին, քեռիներն ու հորեղբայրներն ու մորաքույր-հորաքույրերն իրենց  քույրերի և եղբայրների երեխաներին… ԵՎ ոչ էլ հիշածս երեխաներն իրենց՝հայրիկին ու մայրիկին, քեռուն, հորեղբորը, մորաքրոջն ու հորաքրոջը…

Համբուրել բնավ չկա, ո’չ ճակատը, ո’չ  աչքերը, ո’չ մազերն ու ձեռքերը և ո’չ էլ  վիզն ու քիթն ու ականջներն ու շրթունքները և ոչ էլ որևէ պարագայում ձեռքերը:

Համբուրելը հասարակական խաղ չէ:

ԵՎրոպայում համբուրելու զանազան աստիճաններ կան: Ամենացածրը սկսում է շատ սովորական և հարգանքով լի՝ աջհամբույրից և հետզհետե բարձրանալով – վերին աստիճաններին հասնելով – գնում է մինչև երկնքի խորքերի ինչ գիտենամ որ տեղերը…

Ճապոնիայում այսպիսի վերուվար աստիճաններ չկան:

Համբուրելը որպես հարգանքի նշա՞ն: Չէ’, չէ’,  չենք էլ կարող նման  բան պատկերացնել:  Համբուրել բաեկամությունից կամ կարեկցանքից՛ ուղղակի անկարելի է ու անհնար: Իսկ համբուրելը որպես սիրո՞ արտահայտություն… Ես վստահեցնում եմ ձեզ, արդեն իսկ սկսվել է…Բայց երբեք էլ ճապոնական չէ':

Հիմա պիտի փորձեմ փաստել ասածներս:

Համբուրելը որպես սիրո արտահայտություն եթե ճապոնական լիներ ապա պիտի բոլոր սիրային պարագաներում, լիներ դա գրականության մեջ, կինո ժապավեններում,  թե այլուր կնոջ ծոծրակը, ասա՝ պուպուճակը պետք է համբուրվեր: Այն կարևոր պատճառով, որ ճապոնիայում կանացիության ամենանուրբ և ամենահեզիկ նշանը երկար ու շորորուն ծոծրակն է համարվում: Այսպես է եղել շատ տարիներ առաջ և այսպիսին է նաև այսօր: Իսկ ես որևէ վեպ կամ կինոժապավեն չգիտեմ, որտեղ առաջին համբույրը ծոծրակին դրոշմվեր: Մենք ճապոնացիներս համբուրում ենք, -եթե իհարկե, -ապա ամերիկյան կամ էլ մի քիչ խոնարհված, ֆրանսական ձևով:

Այսօր, Ճապոնացիք համբուրում են այնպես ինչպես սովորել են արևմուտքից կամ էլ երբեմն այնպես ինչպես ուզում են:

«Համբուրելը՝ -այսպես է գրված իմ  ճապոներեն բառարանում- տարածված մի ձև է, մեկին հարգանք, բարեկամություն, կամ սեր արտահայտելու համար: Համբուրողը  շուրթերը հպում է համբուրվողի ձեռքին, շուրթերին կամ թշին և թեթև ծծում:

Վատ չէ՞ բացադրված՛ չէ՞: Բայց իսկապես որ փորձառության հույժ պակաս է զգացվում:

Խնդրում եմ ինձ սխալ չհասկանաք: Ես բնավ էլ չեմ ուզում հավակնել, որ ճապոնացիք իրար չեն համբուրել, այլ ասել եմ ուզում, որ Ճապոներենում, համբուրել բառը գոյություն չի ունեցել:

Բայց եթե համբուրվելու միայն մեկ ձև է եղել – պատկերացրեք, որ դա էլ չլիներ, – դա եղե’լ է, սաստիկ սերը արտահայտելու, ասա՝ փաստելու  համար: Ասածներս ցնդաբանություն չեն,  հավատացե’ք:  սա էլ ապացույցն է այն բանի, որ իսկական սերը արտահայտվելու համար ինչպիսի կարևոր դեր է հատկացվել համբույրին:  Խնդրեմ, եթե ձեռքներդ ընկավ, կարդացեք ճապոնական սիրային հին պատմությունները և կտեսնեք թե, համբուրելու աստիճանները մինչև երկնքի որտեղն են հասել – եթե իհարկէ երկինքն ամպամած չէ և բարձունքն անարգել է:

Այսքանից հետո կարող եք արդյոք գուշակել թե համբուրել բառը ինչպես է մուտք գործել Ճապոնիա: Չէ’ ոգուտ չունի, թույլ տվեք ինքս պատմեմ:

Սուրբ գրքի միջոցով: Զարմանալու բան չկա: Սուրբ գրքի թարգմանության միջոցով: Հուդայի դավաճանությունը «մեկ համբույրով» և ներումը կորուսյալ որդու «Սուրբ Բարդուղեմեոսի հրաժեշտը իր հոտից» Հարյուր համբույրներով:

Սկզբում համբուրելը «ծեփփուն» թարգմանվեց –ասա՝ շրթունքների իրար տրորվելը: Բայց այսօր մադիկ այն «Կուխիծուկե» են անվանում: Սա էլ բերանների իրար տրորվելն է նշանակում: Երկու բառերն էլ այն ժամանակ նոր էին և բիբլիական: Հիմա իհարկե երկուսն էլ գործ են ածվում: Բայց ով որ իրեն Նորօրյա և մոդեռն է համարում, կարճ ու կտրուկ “kiss” է ասում և պրծնում:

Բացի այն ճապոնացիներից  որ, համբույրի երկրպագու են, իմ կարծիքով համբուրելը դեռ մինչև հիմա էլ Ճապոնիայում շատ լուրջ խնդիր է: Երկու տարի առաջ մի ճապոնացի ուսանողուհի, որ Գերմանիայում, Գերմաներեն գրականություն է ուսանում դիմեց ինձ հետևյալ խնդրանքով.

-Գերմանացի ուսանող ընկերս որն ինձ հետ ամուսնանալ է ուզում բազմիցս փորձել է համբուրել ինձ…

Ժպտո՞ւմ եք, հա՞: Մի քիչ էլ եթե սպասեք, գուցե հռհռոցի փոխվի ձեր ժպիտը: Ես շատ լավ եմ հիշում իմ առաջին փորձնական ժամը ամերիկյան մի թատերական դպրոցում: Ի տեղեկություն, թույլ տվեք ասեմ թե՝ Ճապոնիայում ես որպես կլասիկ պարուհի բազմիցս եմ բեմ բարձրացել: Բայց այսպիսի բան ինչպես այս առաջին դասաժամում երբեք չէի տեսել:

Մենք շուրջ քառասուն ուսանող – ուսանողուհիներ էինք, ես միակ ոչ ամերիկացին էի: Մենք զույգ – զույգ, տղա – աղջիկ կանգնել էինք բեմում մի կիսակլոր գծի վրա և «Love Scenes» էինք փորձում: Մենք պիտի զույգերով ցույց տայինք թե, որտեղը՞, ինչպե՞ս և ինչ պարագաներում պետք է համբուրել:

«O’key, let’s do it» ասացին մյուսներն ու դիրիժորն իր դիրիժորական ցուցմունքները տվեց: Ինձանից առաջ տասը զույգեր կային կանգնած: «Առաջին սեր», «ջղային ամուսնյակ», «խանդոտ կողակից», (առանց պատճառի, նաև պատճառով, իրավացիորեն), «Տատիկի վերջին սերը», «Պապիկի թառամած համբույրը» և …

Առջևիս վերջին զույգին էլ չեմ հիշում, բայց երբ հերթը ինձ հասավ, տատանվելով առաջ գնացի… ԵՎ ուշաթափ փռվեցի հատակին…

Ախր ես կյանքիս մեջ դեռ ոչ մեկին չէի համբուրել:

Սա իհարկե այն ժամանակ էր: Հիմա ես ամբողջովին ուրիշ եմ: Ես շատ եմ փոխվել: Հիմա ես նույնիսկ ժպիտով եմ ընդունում, երբ ինձ համբուրում են, բայց գիտե՞ք… Միայն ու միայն ճակատիս վրա…

 

Իսակո Մուծուբարա

Գերմաներեն բնագրից թարգմանեց՝

Խաչիկ Խաչերը (այն էլ մի քառասուն տարի առաջ)

 

 

 

 

Comments

comments