Տիգրան Գրիգորյան «ՏԱՌԱՊԱԼԻ ԱՌԵՂԾՎԱԾ»

tigran

ՉԳԻՏԵՄ ԵՍ Ի՞Մ,
ԹԵ՞ ՔՈ ՓՈԽԱՐԵՆ

Երբ ես չլինեմ,
Եվ դու ինձ անչափ,
Շատ-շա~տ կարոտես…

Այնպես`
Որ շուրջդ ամեն առարկա
Լցվի ինձանով…

Ու ես` իրական,
Ավա~ղ, անմարմին,
Քո անուրջներում
Հա’ քեզ հոտոտեմ…

Եվ մեկ էլ, ասես,
Նվաղած հույսիդ
Փայփայանքներից,
Հրաշքի նման
Թև-մարմին առած`
Առանց հարցերի
Քո գիրկը նետվեմ…

Եվ դու ինձ…
Ցավո~ք,
Կարո’տդ գրկես…
Այնպես պի~նդ, ամու’ր,
Ինքնամոռացած,
Որ երկվորյակիս
Թվա, թե ինքը
Միայն քո սիրո
Համար է ստեղծված
Ու սկսի սիրո խոսքեր շշնջալ…
Հիմարի~ նման…

…Չքվի’ տեսիլքը:
Եվ դու սթափվե’ս…
Մահանալու~ չափ:
Ու…
Ես…
Չգիտե’մ…
Միայն այս գլխից
Լրի~վ դատարկված`
Անիծու’մ եմ քեզ,
Ապրելո~ւ ծարավ…
Որ ամե~ն ինչ էլ
Դու’
Հորինում ես…

ՏԱՌԱՊԱԼԻ ԱՌԵՂԾՎԱԾ
Հո՞ղն է շատ տանջվում,
Թե՞ այդ հողի հետ գգված այն խոտը,
Որ չորանում է…
Ինձ թվում է, թե
Հո’ղն է շատ տանջվում…
Բայց ինչու՞է սա
Նրանից հետո հա~ծլարձակում…

Այդ էլ եմ, կարծես,
Ես լավ հասկանում.
Տանջում է նրան հիշողությունը:
Հիշողություվ~նը…
Որ չի’ կրկնվում.
Միայն հին ցա~վը նորացնում է…
Է’հ,
Գուցե խո՞տն է ավելի տանջվում,
Որ չորանալիս`
Հողի հետագա ցավե~րն է տեսնում:

Ա’խր, ինչու՞ եմ այսպիսի խրթին
Հարցեր միշտ դնում:
…Եթե արմատին ձա’յն տային մի պահ`
Հաստատ կըոռնար`
Ապրե~լ եմ ուզում…

ԵԿ Ու… ՀԱՎԱՏԱ

Իմ պատանեկան տենչանքնե’ր վսեմ
Ու տղայական առաքինության
Անձնուրա~ց հողմեր…

Աշխարհում ոչի’նչ
Դուք չփոխեցիք.
Լոկ փշու~ր-փշուր անելով
Փխրուն իմ էությունը`
Ինձ կորուստներիս գերին դարձրիք…

Որ ունեցածս անդա~րձ կորցրած
Մի անբուժելի ցավագարի պես`
Այժմ պատրանքներ կարկատանելով`
Ինձ պիտի իբրև կոչեմ բանաստեղծ…

Իսկ իմ խենթօրոր դիմացկունությանն
Անվանեմ ես կյա~նք…

…Հիմա թվու’մ է,
Թե միլիո~ն տարի առաջ է եղել,
Երբ խենթ պատանի’ս
Քեզնից թռցրած մի սուտ թաշկինակ
Բարձի երեսի շոր է դարձրել

Եվ խոստումնալի բուրմունքից արբած`
Այնպե’ս է շշմել հուզի~չ մի գիշեր…
Որ թերահավատ գլու’խը նրա
Անմահությանը հավասարազոր
Մի եդեմական քու~ն է պաշարել…

Ու եթե հիմա,
Համայն աշխարհի տիկնանց հետ մեկտեղ
Գլուխ գլխի տան
Բուրաստաննե~րն էլ բոլոր դարերի
Չե’ն կարող,
Երբե~ք,
Ո’չ մի հնարքով,
Վերծանել բու~յրն այն լույս-թաշկինակի,
Որի վրա ես,
Իմ սենտիմենտալ գլուխը դրած,
Քնե~լ եմ մուշ-մուշ…

Իսկ առավոտյան
Արթնացել այնպես վեհ ու շփոթված`
Ասես` այդ գիշեր
Ի լուր ամենքի`
Ինձ կարգե~լ էին մի նոր տիրակալ,
Որ խնամարկե’մ…
Ո~ղջ տիեզերքին:

ՀԱՎԱՏԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Ինչու՞ գողացար սարսու~ռն իմ արյան,
Ինչու՞ փախցրիր անդո’րրը խղճիս,
Ինչու՞ մատնեցիր գոյագարության
Իմ անրջագույն կյա~նքը երբեմնի…

Սերը դարձրի’ր մեղսալի հոգոց,
Հայրությունն` անել վշտի խառնարան,
Հիշողությունը` մորմոքի’ հնոց,
Իսկ մայրությունը` գութի~ց կախաղան…

ԿԱՐՈՏԱԽՏ
Նվիրում եմ կնոջս`
Անժելային

Քաղցրանու¯շ, լուռ գիշեր է լուսնո’տ…
Գրգա~նք է ծործորում աստղերից…
Էլի նույն խելա~ռն եմ երազկոտ`
Չի’ փոխել այս կյանքն ինձ գեթ մի քիչ:

Ինձ գգվող կարոտնե~րը կանանց
Հուլացած իմ հոգին բարուրել,
Ուզու’մ են համոզել, որ իրենց
Հմա~յքն է այս կյանքը հորինել…

Փաղաքուշ հույզերից մանկացած
Ու, ասես, անտեղյա~կ փորձանքին`
Պատրաստ եմ վերստին խենթացած
Հավատալ սե~ր կոչված պատրանքին…

Աստղազա’րդ, լու~յս գիշեր է լուսնոտ…
Ախ, ու~ր էր` միշտ մանուկ մնայի`
Աստծո չափ գթառա~տ ու սրտոտ,
Սրբի չափ միամի’տ լինեի…

ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ

Հուզաթաթավ ու հոգեմաշ մտմտանքով
Պարուրվել եմ աստեղազարդ
Անդորրությամբ գիշերային…
Ու ջանում եմ եռուզեռը
Խորհրդավոր երևացող այս անհունի`
Տնտղելով
Հասկանալի տեսքի բերել…

Սակայն սուտ-մուտ նիրհող քամին
Մի փորձառու կավատուհու
Վայելչագեղ քնքշությամբ
Իմ մազերն է հատ-հատ շոյում,
Նու~րբ, ծուլաշարժ
Կնոջ քնկո~տ երանությամբ
Փշրվելով
Իմ ինքնիշխան,
Գորովալի կրծքի վրա:

Ու երբ,
Կարծես թե տաքացած,
Իր վավաշոտ ձեռքն է սկսում
Սողոսկելով մե’ջքս տանել`
Սարսռու~մ եմ…

Մտածելով.
«Ախր, չէ՞ որ
Այս ճպճպան լռության մեջ
Ոչ ոք էլ իր անուշ քնից
Ամենևի’ն էլ
Դժգոհ չէ.
Միթե՞ միայն
Ինձ պես ժլատ հաճախորդի`
Արդարության գոյությունն է
Ավելորդը…»:

ԿԵՆԱՑԱԽՈՍՔ
Պատերազմներ դաժա՞ն…
Ես որ`
Չե°մ տեսել:

Սո՞վ…
Համաճարա՞կ…

Ինչու՞ սրտմտել`
Փա’ռք ժողովրդիս
Հարատևության հանճարին վսեմ:

Կասեն`
Ես նաև իրավունք չունեմ
Բաժակն իմ ձեռքին
Ու այս հուզառատ սեղանի վրա,
Որպես անպատեհ անախորժություն,
Ինչ-որ մի տարտամ լրջություն դեմքիս`
«Ապրե’ք, երեխե’ք,
Բայց մեզ պես չապրեք»
Նույն «Հին օրհնության»
Պատգամն ուղղել,
Պապերիս նման,
Նորեկ սերնդին…

Չգիտեմ` դուք ո՞նց,
Իսկ ես իմ ապրած ամե~ն օրվա մեջ
Իմ ինքնությունը մի կերպ եմ փրկում
Ինձ շրջապատող այս շա~տ նորատիպ
Ճարպաժպտակուլ ժանտ պատերազմում:

Սովից չե°մ նեղվում,
Բայց, դժբախտաբար,
Ամեն օրվա հետ,
Հակառակ կամքիս`
Լույսի իսկական հա~մն է անընդհատ
Իմ էությունից հեռանալ փորձում:

Իսկ իմ օրվա լուրջ համաճարակով,
Այս ջնարակված սնափառությամբ
Թե չե~մ վարակվում`
Անճարակվու’մ եմ:

Այնպես որ`
Լսե’ք.
– Ապրե~ք, երեխե’ք,
Բայց իմ օրերի
Այս անմխիթար տրտմությա~մբ մթար`
Ցանկանում եմ ձեզ`
Երբևէ չապրե’ք…

Comments

comments