Անուշ Վարդանյան «ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ԶԲՈՍԱՅԳՈՒՑ»

Anush Vardanyan

ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ԶԲՈՍԱՅԳՈՒՑ

Սփյուռքահայուհին ֆոտո քաշեց Կոմիտասի սև հուշարձանի մոտ,

Կոկետ ձեռքն այրեց`հրաշեկ մետաղը,
Խենթ կինը բարձրագոչ կռիվ էր տալիս ստվերների հետ,
Ոտանավորիս մեջ համաչափ քայլերով մտավ
Տարեց զույգը`ափ ի ափ բռնած,
Իհարկե, զբոսաշրջիկ էին հերթական:
Ես գետնից վերցրի գորշ փետուրը,
Որպես Պուշկինի գրչընկեր թաթախեցի մելանի մեջ,
Փորձեցի կերպ տալ փոթորկվող հույզերիս,
Դե, մտքերս բզզում են մեղուների հանգույն:
Ինչ երկիր բաժին կհասնի զավակներիս, չգիտեմ,
Բայց գոնե ես արժանի զավակներ մեծացնեմ
Հանուն Երկրի, հանուն լույսի Արեգական…
ԷՊԻԼՈԳ
Իմ վերջին հյուրը` հրեշտակը ցասման,
Կգա լուսե դիմակով.
Կդիմավորեմ ժպիտով Մոնա Լիզայի:
Եվ լռություն…

ԿՈՒՌՔԵՐ-ԱՍՏՎԱԾՆԵՐ
Ո~վ մաորի ցեղի միակ վկաներ`
Զատկի կղզու վեհ արձաններ.
Ձեր դատարկ ակնախոռոչները
քննում, դատում, դատապարտում են
21-րդ դարի քաղաքակրթությունը`
Բարձրակարգ
Դուք անշարժ կանգնած եք հարթակին
Բայց օժտված եք կենսական ավելի
հզոր ռիթմերով, քան մենք ու աստվածները մեր…
Մենք անզոր ենք տարերքի,
Գրավիտացիոն դաշտի փոփոխման
Գլոբալ տաքացման ու
Գլոբալիզացիայի դեմ հանդիման…
Ո~վ հրաբխային ապարից քանդակված
Կուռքեր, Ձեզնից կողոպտել են
մարդիկ միայն աչքերը`զմրուխտ, օնիքս
և էլ չգիտեմ ինչ…
Երբ տեղադրեցին աչքերը տեսանող
հնագետները քարացան:
Ով Մաորի մարդիկ անհետացած վաղուց,
Ձեր կուռքերը`աստվածներ են
հզոր, անմահ, արդարադատ
և հավիտենական…
ԱՆՍՊԱՍԵԼԻ
Ամենաքաղցր ձայնը, հնչյունը, դա զվարթ
ծիծաղն է մանկան:
Թափանցիկ օդը հորդում է առտվան շաղին,
Թափանցում ծակոտկեն մաշկից ներս,
Ալվեոլներն ուռչում են և ես թռչում եմ…
Թռիչքն անսահմանություն`կտրում է թթվածնային շերտը,
ինչպես մետաղե լարը`կարագը սերուցքե:
Ամեն տեղ, ամենուր երեխաների լացը
հնչում է նույն կերպ…
Մենք աշխարհ ենք գալիս առանց
հարց տալու, անակնկալ,
Շնչում ենք առաջին ումպ օդը` անհագ:
Մարդն հեռանում է աշխարհից ունայն`
Անսպասելի…

24 ԺԱՄՈՒՄ
Հասցնել 24 ժամում գործերը բոլոր…
մտածում է տնային տնտեսուհին.
հարդարել անկողինը, երբ արդեն ընտանիքը
խոհանոցում` գրգռիչ բույրերով պարուրված նախաճաշում է, հետո
շուկա, խանութ, պատրաստել ճաշը համեղ…
հասցնել 24 ժամում գործերը բոլոր…
մտածում է գործարարը ինքնաթիռում սեփական
դեպ օտար, ծանոթ-անծանոթ ափերը չվելիս:
Լսել առաջարկները գործընկերներ-հակառակորդների
Օրն ամփոփել սառույց-վիսկի բաժակով բյուրեղապակե
գեղեցիկ աղջիկներին տնտղել ու աչքերով հանել
շերտ-շերտ շքեղ զգեստները թավիշում ետաքսե…
Հասցնել 24 ժամում գործերը բոլոր…
Տենդագին սլանում են մտքերս, վարգում հանց
զամբիկը` փայլուն-թիմարած, գարնան հուռթի մարգագետնում:
Անցյալի հուշերից, հանց խորամիտ, ընտրել ոսկե հատիկները
Եվ վճռորոշ պահին գտնել պատասխանը գլխավոր…
Հասցնել ձեռքերով սեփական կերտել դղյակը ապագայի.
Դղյակ-ամրոցը հույզերի, պատրանքների ու սիրո…

ԳՈՅ
Որն է թիվը վերջին.
Այն չկա, որովհետև միշտ,
միշտ կարելի է գումարել ևս
մեկը և այդ մեկը`
ես եմ…
Նաև դու, նաև դու…
անցիր տիեզերական չափումներով,
և վերածվիր գույնի, համի, հոտի:
Գույների պայթյունը`լույսից խենթացած,
Սև խոռոչի ձգողականությունը`
անսանձ:
Այդ բոլորը քոնն են`
Նվիրում եմ
Ես:

ԷՊԻԼՈԳ
Արծաթե գրիչը ստեղծում է տողեր,
Սեղանին թափված են թղթե տրցակներ:
Դրանք նամակներ են, որ փորձում են
Լողալ համացանցի էլ. Փոստերի միջով:
Հոգու և մտքի պարունակներում
Արդյոք կգտնեն հանգրվան:

ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՈՏԱՆԱՎՈՐ
Որպես թխկի փայտից Թավջութակ
Տանում եմ իմ հետ նազերը, հույզերը,
Անցյալի հուշերի պատառիկները.
Մայրս ծնվել է Էջմիածնում,
փախեփախից հինգ տարի անց:
Ծնողները գաղթի ճամփեքից հյուծված
հեռացել են լավագույն աշխարհը,
Մորս խնամել է կաղ հորաքույրը
և հորեղբայրը`Պետրոս:
Խառնիխուռն հուշերից
իմն է դարձել միայն
Տատիս անունը Օղիկ և
ՎԱՆ ՊԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ
հարուստ օջախի զավակ
գիտակցումը…
Կտավե փաթթոցից հանում եմ
Թավջութակը, լաքապատում,
Օծում խեժերով անուշաբույր և
Տաճարի բարձրունքից հնչում է
Թավ ձայնը, երբեմն խզվելով հույզերի
Առատությունից, երբեմն
հնչյուններով տիրական…

ԱՆԳՈՅ
Քո սերը հանց աղբյուրի բյուրեղ ջուրը`
Սառը, կտրող, չհագեցնող:
Իմ սերը հանց հուրը բորբ, անկեզ մորենի`
Բոցավառ ու չայրող:
Միացումից ծնվում են տարերքները չորս`
Հող, հուր, ջուր և օդն աննյութ:
Ապա թե
Փառաբանումն
Արարչագործության:
ԿԱՄՈՒՐՋ
Մելանով դաջված բառերից
Գցեցի կամուրջ,
Կամուրջ
Սրտից-սիրտ,
Կամուրջ
Խոհից-խոհ:
Կուզեի տեսնեիր,
Թե մաքուր օդում ապրիլյան
Ինչպես է դողում բառը…
Կլսես դու, արդյոք,
Կլսես,
Ձայնը` նուրբ թրթիռով,
Պատում է լռության շղարշը,
Եվ հնչում է խմբերգը լուսե.
Սիրում եմ….

ՇՈՒՇԱՆԸ
Անսպասելի ջերմ փետրվար, պատուհանին ծաղկել է
Վառ, կրակագույն շուշանը…
Որպես նորօրյա Պենելոպե հյուսում եմ
Գորգը, կարկատաններով բազում:
Ահա փաթուսխան ճոճուն և փայլուն` մանկությունն է.
Մորս փաղաքուշ խոսքերը, անուշս, Անուշ:
Մյուսը` ջինսե կարկատանը, ուսանողությունն է ջահել
«Բիթլզ», սիրո կարոտ, կյանքի ու խոսքի հրճվանքը
Անափ:
Որդիներս որպես բատիստ ու մառլյա կաթնաբույր բարուր:
Մետաքս ժանյակի կտորները նուրբ, մեր սերն է բորբ`
Աստված իմ, լինել կինը բանաստեղծի,
Գուրգուրել գրականությունը նրանից հորդացող,
Եվ չնկատել կենցաղի ոչ մի գորշ գույն:
Վերմակը հասավ կյանքիս նոր շրջափուլին.
Պատուհանին բոցկլտում է շուշան-պոեզիան….
Ինչ մեծ պատիվ է վառել բոցը բանաստեղծության,
Տեսնել կրակի սպեկտորը բազմաձև,
Խայտաբղետ գորգ-վերմակը` որպես ավազե ժամացույցը,
Կսորա նրբին խշշոցով….
Ահա և վերջ:

ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրել եմ փոփոխությունների ժամանակում` բարդ
Երջանիկ եմ, քանզի տեսել եմ կործանումը կայսրության`
Աթեիստ, անգամ ոչ հեթանոս, այլ անաստված:
Կտակարանին ծանոթ եմ եղել «ծիծաղաշարժ Աստվածաշնչի»
Անհեթեթ պատկերների և մորս աղոթք մրմունջով:
Ապրում եմ բոլորից լավ, շնչում եմ լիաթոք
Ազատության երգը իմ հիմնն է անանց.
Ես կնայեմ մահվան աչքերին պայծառ
Եվ ակնթարթում հրաշալի կտեսնեմ
Ապագան.
Այն չեմ կարող վերարտադրել,
Բայց զգում եմ նյարդերով, բջիջներով բոլոր,
Տիեզերքը կպահպանի ամեն կերպ կյանքը փխրուն.
Կյանքը հրաշալի է…

ՈՍԿԵ ՕՂԱԿ

Որպես նորօրյա Ագաթա Քրիստի
Ափսեները լվալիս գրում եմ,
Գրում եմ բանաստեղծություն:
Ձեռքիս ռետինե դեղին ձեռնոցը
Չի թողնում զգալ մաքուր ափսեի ճռռոցը,
Ինչ նոր հաճելի միակ կետն է
Առօրյա միապաղաղ գործի…
Մտքիս տախտակին հառնում են
ճարտարապետական հոյաշեն կառույցներ.
Հոնենցի տաճարը, Այա Սոֆյան և
Վարագա վանքի որբ քարերը`
փոքրիկ դաս-դաս աղյուսների շարքը
Կործանված տաճարի…
Այն օրը, երբ նորօրյա ուխտագնացները
մտան հայոց անշունչ կառույցները և
բիբերի հիացիկ սլացքը դիպավ
Անի քաղաքի պարսպի անսահմանության
խորհրդանիշ կեռ խաչին.
շինվածքները
շունչ քաշեցին և հույս հայտնվեց
մոռացության
100 երկարուձիգ ամյա ժամկետից…
Երբ հոմոսապիենսը հիանում է
ճարտարապետական կառույցով.
Քարերը վերազարթնում և վերակառուցվում են
Տաճարները`բազում մարդկանց մտքի և հոգու
ձեռակերտ կառույցները…
Բիբլիոս քաղաքի պատ ու սալահատակները
սպասում են հնագետների և զբոսաշրջիկների
հիացիկ հայացքին…
Գենետիկ կոդը որպես փոխանցիկ դրոշ
Ինձ են հանձնել,
Վանա հազարամյա տարածքի բնակիչներից`
Վարդան պապս և Օղիկ տատս:
Հանկարծ հայտնվեցի Վանա լճի հրաշեկ արևից գոլ,
աղի, ծիծղուն ջրերում:
Ես ոսկե օղակն եմ, կապում եմ
Վանա լճի աղի ջուրը, պայծառ երկինքը
և տառեխ ձկան լողը…

ՍԿԻԶԲ

Կանգնած եմ անտառում, ծառերի աղմուկը
քամուց…
թե չլինեի այստեղ այս պահին, ով կտեսներ այն`
փոթորիկը…
Նստած եմ ափին Միջերկրական առասպել
ծովի…
Ալիքները Միստրալից բարձրանում են, բարձրանում`
ճերմակ Պատը ջրե…
Զարդարուն զգեստներ, ոսկի ու արծաթ, փիրուզ ու
ջնարակ…
Ուր է իրականությունը և ուր մտքերի բույլը բզզացող…
Գրամեքենաների ստեղները թափվում են արագ
հարվածներից:
Հոգուս փոթորիկը խախտում է
Պատրանքը.
կյանք`բարեկեցիկ, իրեր, մարդիկ-
միգուցե ինձ սիրող, միգուցե թանկ:
Դռան ետևում կանգնած է ուրու
միայնությունը…
Մենության ճերմակ թերթերի միջից ես գտա քեզ
ընթերցող:

ՃԱՆԱՊԱՐՀ-ԿՅԱՆՔԸ
Նայիր հայելու մեջ
Եվ տուր մի հարց
Դե, կարելի է ասել.
հարցերի հարցը.
Ինչ ես ուզում դու
Կյանքից քո, այն հատվածից,
որ տրվել է քեզ.
օրինակ. 1999-2079
Ախ այդ գծիկը,
Որ կոչվում է կյանք.
Բազում, խելագար ընթացքներից,
մեքենա, սուզանավ, օդանավ`
ավելի սրընթացը:
Օրերը թռչում են, ձուլվում եթերին.
Ահա մանուկ օրերը, հուշեր`քաղցրիկ.
դպրոց-ուսանող արկածը հրաշալի:
Մի օր կարթնանաս, երբ 40-ամյակդ է,
հյուրանոցում, տանը, աստված մի արասցե
հիվանդանոցում…
Եվ առավոտյան հիգիենայի ժամանակ կնայես հայելուն.
Եվ կհնչի հարցը.
Ինչ եմ ուզում ես….
Անցյալի հուշերը դառն ու քաղցր
քեզ չեն օգնի, չես կարող
թաքնվել նրանց ետևում…
Նոր օր կբացվի և ընթացքը քո`
թող լինի վերընթաց,
երբ հնչի հարցը`պատասխանը` միակն է
-Ես սիրում եմ կյանքը….

ԿՅԱՆՔԸ
Պաստերնակին

Փշրվեց սկահակը նրբագեղ,
Գաուդիի խեցեղեն պատկերներով զարդարուն:
Ապրել կյանքը, այնպես ասես անցնում ես
դաշտով գարնայնի…
Միմոզան բուրում է քաղցր դեղինով,
Թիթեռները ճախրում են բազում գույն-ձևով,
Բողբոջները խոստանում են հուռթի ծաղկումը գարնան,
«կյանքը ապրել չի նշանակում դաշտն անցնել»…
Փշրված խեցիների գունավոր պատկերները
Հավաքում եմ մի մեծ պաննոյի վրա.
Աչքի առաջ հառնում է դաշտ գարնայնի.
Ապրել կյանքը ասես կտրում-անցնում ես
տարածքով
գարնանաշունչ…

ԼՈՒՍԱՆԿԱՐ ՓԱՐԻԶ ԵՎ ՎԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻՑ

Ինչ հրաշք է լուսանկարը
Փարիզ քաղաքի հրաշքների ֆոնին,
կանգնած եմ`ես
երջանիկ, զվարթ քան երբևէ:
Դե Մոնմարտրի մանուշակներ,
Տուլուզ Լոտրեկի Մուլեն Ռուժ,
Մոդելյանիի Մոնպառնաս 19,
Ինչպե ՞ս միավորվեցինք ես և Փարիզը նորօրյա,
Ինչպե ՞ս:
Ախ, թե կարելի լիներ
միավորվել կարմրաշեկ ֆոնին Սուրբ Ախթամարի,
Կարսի սալահատակին տկտկացող,
զարմացած կոշիկներս թողնեի
դռան շեմին` մի մեծ թանգարան,
որի վրա մնացել է, ով զարմանք, հայոց գիրը…
Իհարկե, դա ավելի հեշտ և սրընթաց
կլիներ անշուշտ:
Չէ որ նախնյաց վանեցի տոհմս
կանգնած է թիկունքիս…
Քառասուն հոգի կին և այր
որոնցից փրկվեցին
կամ…
նրանց մեջ էր
մայրս Արփենիկ,
և հայրս Միսակ`Մալաթիա նահանգից:

ԲԻԲԼՈՍ

Անցյալի փառքերի կոթող ես
Բիբլոս
Սիրտս կծկվում է 7000 մշակույթի
անտեր անտերունչ, անմռունչ
լռությունից, համրությունից.
Ոչ ոք չի հասկանում զինվոր
քարե արձանները քո մոռացված որդիների,
փյունիկյան մայրաքաղաք, հույները
անվանեցին քեզ գիրք քաղաք,
առաջին տառերը քանդակված են
Թագավորական դամբանին հպարտ …
Անկապ կույտը մշակութաբեկան
խեղդում են պոեզիան, որ
թափվում է գրունտային քչքչացող
Կարմիր ջրերում Ադոնիս
Աստծո, Աֆրոդիտեն իր
սիրելու մահը լացեց և
վերազարթնեց բնությանը մինչ օրս
կարմրում են ջրերը հուռթի
գարնանային, լեռներից քերելով
կարմիր գրունտը,
գետի ափին ծաղկում է
կարմիր անեմուկը միայն
այլևս չկան հսկա մայրիները
իսլամական շուկան սարքված
է թավ անտառի գլխատված
հողերին …
Օ Բիբլոս դու ապրում ես
քո կյանքով խորհրդավոր,
Այսօր քայլող ոտքերը քեզ
ոչինչ չեն ասում:
Իսկ ինչքան է բերել իմ
բախտը.
առկայծեց միտքը
Տիգրան Մեծ կայսրը
Վան քաղաքում բնակեցրել է
մի քանի հազար հրեա:
Ինձ հաճախ կոչում են
հայի հրեա …

Comments

comments