Արթուր Ալեքսանյան «ԵՍ ՀԱՐՈՒՍՏ ՉԵՄ…»

Artur-Aleqsanyan

Ես… Ես հարուստ չեմ գրպանի գունավոր ու կուռք դարձած՝ կուռքերի պատկերը կրող թղթիկներով, որ մթում լույս են տալիս բուժում և սպանում՝ կաշին քերթելով, խնդալ ու լալ ստիպում՝ մոր աչքերի աղոտ ջրերով:

Ես հարուստ չեմ, չունեմ շքեղ տուն, բայց ունեմ օջախ, որը նման չէ հանրակացարանի, ուր մարդիկ միայն հանդիպում են, երբ քնել են ուզում: Ունեմ մի գողտրիկ, մի հարուստ անկյուն՝ լի հուշերով ու մտքերով, ցավով և ատելությամբ, սիրով ու խինդով: Երբ գիշերն է գալիս, դրանք խառնվում են իրար, ստեղծում մի մշուշ, որում դժվար է տարբերել գոնե մի փոքրիկ, մի փոքրիկ գիծ, դառնում են կորեր, խճճվում իրար մեջ ու ստիպում խորհել ու խորհել կրկին: Եվ երբ ձանձրանում ես անվերջ մտորումներից և սկսում ծխել, անգամ ծուխն է ավելի շփոթում մտքերդ, թաղում դրանք մշուշում ավելի խորը, ավելի հեռուն: Այդժամ ակամայից մտածում եմ մահի մասին, թե կարող է փրկել, ազատել հոգիս հիվանդ, սերս խեղճ ու կյանքս կարճ: Բայց ուշքի գալով մտքերի թոհուբոհից, մտքերից խելագարված, մտածում եմ կյանքի մասին: Պայքար է: Պայքա՛ր է, այո՛: Պետք է պայքարել և հեռանալ պատվով, հեռանալ գեղեցիկ և անսպասելի: Գիտեք ինչ, չեմ կարող ինձ թույլ տալ ապրել անկազմակերպ, չնայած որ բավականին փնթի եմ: Հարկավոր է սովորել կազմակերպված լինել: Քանի որ, իմ պարագայում, կամայական ոչ ճիշտ կազմակերպած քայլից կբխի մեկ ավելի, ավելի թույլ կազմակերպած քայլ: Եվ այդպես շարունակ… Ա՛յ այսպես: Ես ընկել եմ երջանկության հետևից: Մեկ թվում է, թե փողի մեջ է, մեկ էլ՝ մարդկանց, իսկ մեկ էլ, ամեն օր արթնանալ և տեսնել ծավի ծովի, կապույտը երկնքի: Իսկ միգուցե կարելի է համադրել: Կրկին ծխում եմ… Կրկին փորձում ամեն ինչ ներդնել գլանակի մեջ, բթացնել ինձ: Մթագնեցնել այն անասելի զգացմունքը, որ տանջում է ինձ շուրջ մի քանի տասնյակ գիշեր: Քեզ հետ զրուցելիս, ֆեյսբուքյան հավերժ երջանիկ չաթում հասկանում եմ օր օրի, որ պետք ես ինձ: Չնայած, որ նեղացել եմ քո մտքերից, քո՝ այսօրվա ցինիկ մտքերից: Ամեն օր սկսում եմ քեզ հետ, ավարտում՝ քեզ հետ, թեկուզ մտովի: Ես քեզ շատ եմ ցավեցրել ու իմ բարդ բնավորության պատճառով ակամայից ավելի կցավեցնեմ դեռ, եթե դա քեզ դուր է գալիս, եթե սիրում ես ինձ: Սակայն պետք է սպասել… Պետք է սպասել շինծու «պատահականությանը», որպեսզի տեսնել քեզ, նայել աչքերիդ մեջ ու սուզվել դրանց խորության մեջ, կամ ընդհակառակը՝ վանվել դրանից ու դրանով հանդերձ քեզ սիրել ավելի: Քեզ թվում է, թե մեղմելու համար է ամենը: Սխալվում ես սիրելիս: Ես չգիտեմ մեղմել, գիտեմ միայն ամեն ինչ սրել ու ցավեցնել: Հաճախ լռում եմ, հաճախ ներսից ինքս ինձ կրծում, իսկ ավելի հաճախ չեմ արտահայտում այն ամենը, ինչ կա իրականում: Ուզում եմ գրկել քեզ… Խենթի պես: Ուղղակի գրկել: Բայց դեռ շուտ է խոսել զգացմունքների մասին: Դեռ երկար ուղի կա անցնելու: Իսկ ես կսպասեմ: Հավատով ու սիրով, կսպասեմ, որ մի օր դու կարտահայտվես, կասես այն, ինչ ես ուզում եմ լսել: Կասես երեք բառ:

Comments

comments