Արմեն Սարգսյան «ԹԱՎՋՈՒԹԱԿ ՆՎԱԳՈՂ ԱՂՋԻԿԸ»

Armen-nkar (1)

«Թավջութակ նվագող աղջիկը»

Երեկվա մենությունը կա
վաղվա օրվա մեջ,
խոնավ տխրություն կա,
և ևս մի բուռ

անհանգստություն կա
վաղվա օրվա մեջ,
հին ցավը,
խեղդող կարոտն այսօրվա,
ամեն ինչ նորից վերապրելու վախ,
և տարակուսանք կա
վաղվա օրվա մեջ…

*****
Դողում եմ,
դու չկաս,
ձեռքերս
վառարանին եմ տանում…

*****
Երեկոն ցածրացել է
Երևանի տափակ կտուրներին,
վաղվանից մնում եմ
քո բացակայությամբ կահավորված այս քաղաքում,
իմանալով,
որ ձմռան ամենաերկար գիշերն է,
որ ժամանակն ավարտվել է հիվանդ փողոցներում,
և ինչ-որ մեկը հաշվում է բոլոր քայլողներին…

*****
Դու այնքան մոտ ես,
որ քաղաքը կտեղավորվի մեր արանքում,
ուր ես կարող եմ օրերով սպասել
ու չվախենալ, որ կհասնես ինձ,
անձրևից հետո փոքրացող
ու բարակ այս քաղաքում
դու այնքան մոտ ես,
որ ձեռքդ չեմ կարող բռնել,
որ ներեմ քեզ…

*****
Երբ ծովի սպիտակ ավազին
ագռավներ են հավաքվում,
նայում եմ և չեմ վախենում մեռնել,
որովհետև աշխարհն ապրում է
առանց մեզ…

*****
Աշնան առաջին անձրևը.
ես մինչև ամենախորքը հոգուս թաց,
նստել եմ ավտոբուսը ու գալիս եմ, թե գնում՝ չգիտեմ …
սուպերմարկետի վրա գրված է՝
«Կյանքը միայն առօրյան չէ»,
ավտոբուսը շարժվում է,
չեմ հասցնում կարդալ՝
առօրյայից բացի
էլ որտեղ կարելի է ապրել կյանքը…

*****
Արվարձանի տունն ինչ վաճառել ես,
հասցեդ չեմ գտնում,
անցնում եմ բոլոր շենքերի տակով,
նայում պատշգամբներին՝
գուցե լվացքից ճանաչեմ.
ինչ գնացել ես, կիրակիները
սարի եկեղեցին մենակ եմ բարձրանում,
լավ է նախկինում էլ
մեկ մոմ վառելը սովորություն էր…
Սարի եկեղեցուց քաղաքի արվարձանները
գետնին կպած են երևում,
երևում է նաև թավջութակ նվագող մի աղջիկ,
որ քայլում է տանիքների վրայով,
մարդիկ չեն նկատում նրան,
որովհետև շենքերը կպած են գետնին,
և քաղաքը քայլում է տանիքների վրայով…

*****
Ու որովհետև ես արթնանում եմ
ավելի շուտ, քան կեսօրը
և չեմ հասցնում տեսնել,
թե ինչպես ես ծնվում առավոտյան՝
կապույտ հատակին, հողե երկնքի տակ,
որովհետև աշխարհը շուռ է եկել,
ու թեև մարտ ամիսը վաղուց անցել է,
և գարունը վերջանալու վրա է,
դու մոռացել ես, որ
սովորական օրվա սկիզբ է,
և աշխատավայրում էլի կարևոր գործեր կան,
որոշել ես գրող դառնալ դեղին ավտոբուսում…

*****
Տատս սպիտակ և կապույտ թելեր է մանում,
որ կարի երկնքի պատռված մասերը,
հետը մի երգ է մտմտում
գունատ արշալույսների մասին:
Միշտ արթնանում է առավոտ կանուխ,
բայց արևագալի գույներից ոչինչ չի հասկանում.
երևի տեսողությունը վատացել է…
Հետո արագիլներ եկան.
նրանց ոտքերին առավոտը սառել էր…

*****
Կակաչը գլխիկը բացեց,
ցող կաթեց ծաղկափոշուն,
ծաղկի երակը սառեց:
Հողը սպիտակել էր,
և բոլորն արդեն արթնացել էին,
բայց կակաչը լուր չուներ մարդուց…
*****
Որովհետև դու կոտրեցիր ինձ որպես խաղալիք,
ու որովհետև կոտրված-սարքված խաղալիքով
ոչ ոքի չես խաբի. գուցե մի բան դու ասես
ուրիշ քաղաքների մասին, որտեղ ոչ ոք
չի իմանա, որ խաղալիքը կոտրված է
և հրճվանքով կփախցնի
հանդիպակած գարեջրատնից…

*****
Մենակությունս բարձրացել է լեռները,
և կողքին մի մարդ նայում է,
թե ինչպես եմ սիրում,
երբ անձրև է գալիս…
Գիշերը, երբ կքնեմ,
ու անձրև կգա,
մենք նման կլինենք…

Comments

comments