«ԼԵԶՈՒ, ԿՐՈՆ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ»

hovnanyan

ԽՈՐԱԳՈՒՅՆ ՑԱՎՈՎ ԻՄԱՑԱՆՔ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ, ԲԱՐԵՐԱՐ ՎԱՀԱԳՆ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԼՈՒՐԸ:

ՆԱ ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ ԿԱՆԳՆԵԼ Է ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿՈՂՔԻՆ ԵՎ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՆԱՐՑԻՍ» ՀԱՆԴԵՍԻՆ: ՀԱՆԴԵՍԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄՆ ԻՐ ԽՈՐԻՆ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՎԱՀԱԳՆ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ, ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ…

Հարցազրույց Վահագն Հովնանյանի հետ

«ԼԵԶՈՒ, ԿՐՈՆ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ»

Բեմ հրավիրողներն ընկերներն էին: Կանչում էին երգելու: Դեպի բեմ գնալու պահին սահող հայացքը նկատեց բարում նստած աղջկան: «Ի՞նչ է խմում» հարցը ինչու՞ ծնվեց, ինքն էլ չիմացավ: Երգելու ժամանակ տեսավ, թե ինչպես է աղջիկն առաջանում դեպի բեմ: Երբ շատ մոտեցավ` հայացքը «բռնեց» ու այլևս վստահ էր, որ «նա է», այն միակը, որին գտնելու երջանկությունը մարդկության նվազ մասին է տրված: Նույն պահին էլ հասկանում է, որ ամբողջ կյանքի համար է գտածը ու… «Վստահ ասացի՝ սա է քո բախտը»: Մինչդեռ նույն այն երեկույթին եկել էր ընկերուհու հետ, որի հետ արդեն երկու տարի էր, ինչ հանդիպում էին: Բայց լուրջ մտադրություններ, հեռահար նպատակներ և այն ամենը, ինչ կարևորել էր մինչ այդ մի քանի րոպեում, հօդս ցնդեցին: Մինչդեռ հենց նրա` Նոյեմի հետ էր եկել երիտասարդական այդ հավաքին: Դրանից առաջ երկուսով Նյու Նորք էին մեկնել ու շատ էին հավանել ՀՅԴ նախաձեռնությամբ իրենց հասակակիցների հետ անցկացրած օրերը: «Ամեն մեկս մի տեղեն եկած էինք: Ամերիկյան տարբեր համալսարաններից, տարբեր երկրներից եկած հայազգի երիտասարդներ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին ՀՅԴ նախաձեռնությամբ հավաքվում էինք որևէ մի քաղաքում և դա առիթ էր միմյանց ճանաչելու, ազգային արժեքների շուրջ խոսելու, ազգային խնդիրների շուրջ մտորելու և, իհարկե, նաև ուրախ ժամանցի համար: Երիտասարդության համար շատ կարևոր հավաքներ էին: Ես կուսակցության անդամ չեմ, բայց վստահ կարող եմ ասել, որ հայությունը Սփյուռքում դաշնակցությունը պահեց այն տարիներին»:

Վահագն Հովնանյան անուն, ազգանունով երիտասարդի ճակատագրական հանդիպումը հենց այդ հավաքույթներից մեկի ժամանակ եղավ` երբ տեսավ ՆՐԱՆ: Մի քանի րոպե անց երկու տարվա` Նոյեմ անունով իր ընկերուհուն անկեղծորեն պիտի խոստովաներ, որ սիրահարվել է, ու նրան էլ նոր սեր մաղթելով հեռանար: Թեթևացած հոգով, որ չի խաբելու, չի կեղծելու ոչ մեկին, ոչ էլ մյուսին:

Իր կենսագրության շրջադարձային այդ օրվա բոլոր իրադարձությունները նա հիմա էլ հիշում և պատմում է երիտասարդական այնպիսի ոգևորությամբ, այնպիսի պատկերավոր մանրամասնությամբ, որ տարիները նահանջում են և ունկնդիրներս գրեթե «տեսնում ենք», թե ինչպես է Վահագն Հովնանյան անուն, ազգանունով երիտասարդը մոտենում և ամուսնության առաջարկ անում այն աղջկան, որի հետ ընդամենը մի քանի րոպե առաջ է ծանոթացել, որի հետ նույն տանիքի տակ ապրելու, կյանքի ճանապարհն անցնելու խոստումը տարիների մեջ պիտի պահեր:
­

Բախտավորություն է, չէ՞, որ կաս, որ ապրում ես, որ տուն ես շտապում, որովհետև քեզ սպասողը ճիշտ քո կեսն է,­ խոսքը շարունակում է Վահագնը,­ ապա կրկնում,­ բախտավորություն է, չէ՞…
­

Տուն ասելով, ես հասկանում եմ այն վայրը, որտեղ մարդն իրեն ներդաշնակ է զգում իր ու արտաքին աշխարհի հետ և որտեղ որևէ անլուծելի խնդիր ու պահանջ չունի,­ այսպես է կարծում աշխարհի մեծագույն արվեստագետներից մեկը` Թեոդորոս Անգելապուլոսը: Դուք, որ տարվա մի մասը Հայաստանում, մյուս կեսը` Միացյալ նահանգներում եք լինում, որտե՞ղ եք այս ներդաշնակությամբ ապրում, ո՞րն է ձեր տունը:
­

Ինձ համար տունը Հայաստանն է:
­

Երբվանի՞ց ունեք այդ զգացողությունը:
­

Առաջին անգամ, երբ ոտք դրեցի հայրենիք:
­

Դա ե՞րբ էր:
­

1967­ին. վախենում էի հողի վրա կանգնել, կկարծեի, թե պատմության վրայով կքայլեմ: Այդքան զգույշ էի ոտքերս առաջ տանում:
­

Սովետմիության տարիներին դրսում հայտնված մեր հայրենակիցներից քչերին էր հաջողվում հայրենիք գալ: Ինչպե՞ս եղավ, որ նման որոշում ընդունեցիք:
­

Առաջին անգամ, որ արձակուրդ ունեցա, Հասմիկի հետ (առանց նրա տեղ չեմ երթար), որոշեցինք Հայաստան գալ: Նախ Ռուսաստան եկանք: Կարգն էր այդպես: Մոսկվա մտանք, ասի. «Հասմիկ, էս ու՞ր եկանք»: Աստված իմ, առաջին զգացողությունս վախն էր: Հասմիկը հանգստացրեց. «Հոգ մի ըներ, ամեն ինչ կարգին է»: Բայց ի՞նչն է կարգին.. Նախ օդակայանում մեզ այնպե՜ս քրքրեցին. «Որտեղե՞ն առած ես», «որտեղե՞ն բերած ես» չընդմիջվող հարցերից հետո, մաքսապետ մարդը հարցրեց. «Որքա՞ն դրամ ունես»: Ասի` «Չեմ գիտեր»: Բարկացավ. «Ինչպե՞ս չես գիտեր»: «Երբեք չեմ իմանում, թե որքան դրամ ունեմ»,­ պատասխանս նրան բարկացրեց: Բարկությունը, կարծեմ կրկնապատվեց, երբ ունեցածս հանեցի, դրեցի սեղանին: «Հաշվիր»,­ ասացի: Նույն պահին նկատեցի, որ դրամն այլևս ուշադրությունից դուրս է, աչքերը հառել է Հասմիկի զարդեղենին: Հաշվեց` մեկ առ մեկ: Այդ հաշվելու ընթացքը կյանքում երբեք չմոռացա: Ժամացույց կար կնոջս թևին, որի չորս կողմը ադամանդներով զարդարված էր, այդ քարերն էլ մեկիկ­մեկիկ հաշվեց:
Ասի. «Ջանիկս, երկար թռիչք ունեցանք, թող գնանք, կուզե՞ս վաղը կգանք, նորեն շարունակիր գործդ»: Մերժեց: Երբ ամեն բան վերջացրեց, ասաց. «Արդեն գիտեմ, թե որքան կտոր ոսկի ունես, երբ ետ գաս, պակաս լինելու պարագային պիտի հաշվետվություն տաս, թե որտեղ և ում տված ես»: Ամբողջ այդ «արարողակարգը», որ մեկուկես ժամեն ավելի տևեց, ոչ միայն հոգնեցուցիչ էր, այլև վիրավորական էր: Զզված, հոգնած էինք արդեն, վերջապես տարան «Մինսկ» կոչված հոթելը:
Հաջորդ օրերին ավելի զարմացանք դատարկ խանութները մտնելով: Մարդկային հոծ խումբ կար մեծ մի խանութի առաջ, մարդիկ մեկը մյուսի վրայով կուզեին թռչիլ: Երբ ասին, թե հեծանիվի մասերի համար է հերթը, ավելի զարմացանք: Ի՞նչ է Սովետը, այդ ամենը տեսնելով, հասկացա:
­

Հայաստանը, ուր պիտի ուղևորվեիք Մոսկվայից, նույն այդ Սովետմիություն ասվածի կազմում էր այն ժամանակ: Նույն դատարկ խանութներն էին, նույն հերթերը: «Առաջին հանդիպման» տպավորությու՞նն էլ էր նույնը:
­

Եկանք Հայաստան, կարծես ամենեն մռայլ ետնախորշերեն ետք դրախտ ոտք դրինք: Գույներ, գույներ` բազմազան, շքեղ: Գեղեցիկ հագուկապով մարդիկ` դեմքերին ժպիտ: Փառք Աստծո,­ ասացինք: Եվ առաջին այդ այցելությունից հետո արդեն երկու տարին մեկ գալիս էի Հայաստան: Նույն Սովետն էր, բայց բախտավոր էինք, որ հայեր էին եկած տարբեր տեղերեն ու երկրին գույներ բերած էին, համ ու համեղություն էին ավելցրած: Առաջին տարին, որ եկանք, գնացինք «Անուշ» օպերան լսելու: Գոհար Գասպարյանն էր Անուշի դերում, Սարոն էլ ամուսինն էր` Տիգրան Լևոնյանը: Նույն օրը դահլիճում մեզ հետ արտասահմանից եկած մի խումբ էլ կար: Կարծեմ թե կոմունիստներին հարող մի երկրից էին: Գոհարին և Տիգրանին խնդրեցինք միասին ընթրել, ներկայացումից հետո: «Արմենիա» գնացինք, երկրորդ հարկում նստեցինք: Այս խումբն էլ վարն էր նստած: Գոհարին տեսան, մի շիշ շամպայն ղրկին: Մենք իրենց հինգ շիշ ղրկինք, որովհետև շատվոր էին: Հարցրին. «Ինչու՞ վար չեք գա»: Մենք էլ, թե` «Ինչու՞ մեզ չեք հրավիրում»: Գնացինք: Սրանց ղեկավարը քիչ անց անգլերեն ասաց. «Հավանեցի՞ք Հայաստանը»: Ասացի. «Հայաստանը դրախտ է, բայց դուք խավարի մեջ եք ուզում այն պահել»: Շնորհքով մարդ էր, ես էլ շնորհքով պատասխան տվի: Վստահ էի` ՊԱԿ­ի աշխատակից է: Ասացի. «Ամեն օր սպուտնիկներ եք ուղարկում տիեզերք: Դրանցից մեկը մի ղրկեք, փոխարենը գեղեցիկ շենքեր կառուցեք, ծառեր տնկեք, ծաղիկ ցանեք, գեղեցկացրեք ձեր միջավայրը»:
­

Ուրեմն, հայրենիքում շենքեր կառուցելու ծրագիրը առաջին այցելության ժամանա՞կ եք արդեն ունեցել:
­

Քաղաք կառուցելու գաղափար վաղուց ունեի: Առաջին անգամ երբ եկա, ինքս ինձ ասացի` ես պիտի երկրիս մեջ շենքեր սարքեմ և այս ցանկությունը իրականացնելու ճանապարհը պիտի բացվի: Բացվեց.. Պատերազմի շրջանին հայրենիքում էի, երկրաշարժեն ետք Հայստանում էի, Անկախության հռչակման օրը Երևանում էի: Եվ այդ ժամանակ էլ առաջին նախագահին (որ գիտեր ու տեսած էր իմ գործը), նամակ գրեցի, որ իմ իմ ծրագիրը միայն տուն և թաղամաս շինելը չէ: Կուզեի Սփյուռքում ապրող մարդկանց հայրենիք բերել, կուզեի, որ նրանք իրենց միտքը, տաղանդը, փորձառությունը այստեղ օգտագործեն: Ուզում էի երկիր գան ու այստեղ իրենց տուն ունենան և իրենց ունեցածը հայրենիքի բարօրությանը ծառայեցնեն: Կմտածեի, որ հայերը Ֆլորիդա, Արիզոնա, Լաս Վեգաս գնալու փոխարեն հայրենիքում հաստատվեն ու հայրենիքի մաս դառնան: Այդ մտքով է, որ թենիսի կորտեր, քլաբներ, ջրավազան, գոլֆի խաղադաշտ սարքեցի, որպեսզի դրսի մարդը հայրենիքում էլ զվարճանքների վայրեր գտնի: Այդ էր ամբողջ միտքս, բայց չեղավ: Հետաքրքրություններ կային, բայց վախ կար, Ղարաբաղի պատերազմը դեռ չէր վերջացել: Հաղթանակից հետո նորից վախը չանցավ:
­

Իսկ դուք վախի, անապահովության զգացողություն չունեի՞ք: Ի՞նչ հիմքով կամ մղումով էիք սկսված գործը շարունակում, ուրիշներին էլ հորդորելով համոզում, թե` եկեք Հայաստան:
­

Ասում էի. «Նայիր, ամենքս պիտի մեռնինք: Ի՞նչ տարբերություն, թե որտեղ կմեռնիս»: Ասին. «Մեր երեխաներին ու թոռներին ինչպե՞ս թողնենք գանք»: «Հայոց հողը մագնիսական ուժ ունի, բեր քեզ հետ և կտեսնես, թե ինչպես Հայաստանը կգրավի նրանց: Դու էլ արի, թոռնիկներիդ էլ բեր»: Համառեցին: Ժամանակ կպահանջեր, բայց մենք արդեն սկսել էինք շինարարական աշխատանքները: Առաջին տները` իբրև նմուշ, փայտից էին: Ամերիկացիները կսիրեն փայտե տներ: Ամերիկահայերը` նույնպես: Մտածեցի, ժողովուրդը թող գա փայտե տներ առնի:
­

Հայերի տունը քարե չեղավ, լիարժեք շինություն չեն համարի, վստահ եմ, որ դուք էլ գիտեիք այս չգրված օրենքի մասին:
­

Երեք տարի գովազդներով, ամեն ձևով փորձեցի համոզել թե’ բարեկամներիս, թե’ դրացիներիս, որ սեյսմիկ տեղանքի համար ամենավստահելի տունը սա է: Ասին` ոչ: Կարո՞ղ ես երևակայել, թե ինչպես հիմնավորեցին: Ասին` փայտե տան պատի միջով փամփուշտ կանցնի: Կովբոյական ֆիլմեր տեսել ես, վստահ եմ, իրենք էլ տեսած էին, բայց նորեն մնացին իրենց` «ոչին»: Վերջը, ինքս փոխեցի ծրագիրս: Եթե Հռոմում ես, հռոմեացիների պես պետք է մտածես: Ուրեմն, պետք է հարմարվեի նրանց ճաշակին:
­

Այսինքն, նաև հասցեատերը փոխվեց և ու՞մ համար սկսեցի՞ք կառուցել:
­

Առաջին քարե տունը աղջկաս` Նինայի համար կառուցվեց: Երկրորդը` Հրանտ Թոխատյանի տունն էր: Բայց ասեմ, որ վախ ունեի և Կալիֆոռնիայից սեյսմոլոգ­ինժեներ հրավիրեցի, տեղանքը ուսումնասիրելու, կառուցապատման աշխատանքները ուղղորդելու համար: Լավ մասնագետ էր, դիզայնն էլ ինքը հուշեց: Առաջին տները շինեցինք կամաց­կամաց, գրեթե կրիայի քայլերով, համբերությամբ սկսեցինք գործը առաջ տանել: Խոսք կա` Չինաստան հասնելու համար կարևորն առաջին քայլն է, որ պետք է անես: Հիմա գործը ոչ թե կրիայի, այլ նապաստակի արագությամբ առաջ կշարժվե:
­

Այսինքն, շա՞տ գնորդներ հայտնվեցին, որոնք, պետք է ենթադրել, հիմնականում տեղացի հայեր էին:
­

Մարդկանց 67 տոկոսը, որ այստեղ տուն առնել ուզեց, մեր հայրենակիցներն էին` Ռուսաստանից, Իրանից, Միջին Արևելքից, Ամերիկայից: Փաստաբաններ, բժիշկներ, մի խոսքով` մտավորական խավի ներկայացուցիչներ եկան: Հիմա ուզում եմ, որ ամեն խավի հայեր գան, հայության բոլոր շերտերն ապրեն այս տարածքում: Այդ նպատակով է, որ 7­8 հարկանի բարձրահարկ շենքերի նախագծեր իրականացնել կուզեմ, որոնք ավելի էժան, ավելի գեղեցիկ շենքեր են լինելու: Այդ շենքերի նախագծերը, որոնց հեղինակը մեր տաղանդավոր ճարտարապետներից մեկն է` Արթուր Մեսչյանը, անցյալ տարի առաջնություն շահեց:
­

«Նապաստակը», որ արագ է սկսել վազել, գոնե գիտե՞ք, թե մինչև ու՞ր է նախանշում հասնել:
­

Չեմ ուզում, որ այդ վազքը դադար առնի կամ վերջանա. «Եթե կըրնա բարձրանալ, բայց մինչև ու՞ր, մինչև ու՞ր», ­ Վահան Թեքեյանն էր ասում… Դիլիջանում պիտի կառուցենք, Գյումրիում արդ յունաբերական թաղամաս ենք ուզում սարքել` ամե րիկյան ձևով, ամբողջ կոմունիկացիաները գետնի տակ, ծառերով, ծաղիկներով, մաքու՜ր, սիրու՜ն, որ ժողովուրդը բարեկեցիկ, պատշաճ միջավայրում ապրի:
­

Իսկ Դիլիջանում ի՞նչ եք մտադիր կառուցել:

-Այստեղի պես` բնակարաններ հիմնականում, մի հատվածն էլ հանգստյան գոտի պիտի կազմի` քոթեջներով, որտեղ մարդիկ կարող են անցկացնել իրենց ազատ ժամանակը կամ արձակուրդի օրերը:
­

Դրսում ապրող շա՞տ հայեր կան, որոնք նույն այս հավատով ու վստահությամբ գալիս ու հայրենիքում ներդրումներ են անում:
­

Հարկավ կան: Շատ են: Հնարավո՞ր է, որ ավելի մեծ գործեր իրականացնողներ կան: Ես չեմ ուզում ուրիշի հետ բաղդատվել: Ամեն մարդ իր փաղանգով, իր սահմանի չափով է գործ անում: Եթե գալիս ես արագ դրամ շահելու համար, Հայաստանը այդ տեղը չէ: Եթե գալիս ես հիմնավոր գործ անելու մտադրությամբ, ապա դա արդեն ուրիշ խնդիր է: Ոսկերիչ չես, որ ունեցածդ բերես էստեղ ու ծախելով դրամ շահես ու ետ երթաս: Պիտի նպատակով գաս, հետաքրքիր գաղափարով գաս, սիրով պիտի գաս:
­

Դրսում ապրող մարդիկ կան, որոնք անկախության առաջին իսկ տարիներին իսկապես գաղափարով, նպատակով ու մեծ սիրով շտապեցին հայրենք` ներդրումներ անելու, հայրենիքի կայացմանը մասնակցություն բերելու, բայց տարբեր պատճառներով` հայտնի ու անհայտ, հիասթափվեցին, խռովեցին ու հեռացան ընդմիշտ:
­

Հայրենիքից խռովելն անկարելի է: Եթե մարդը չի գալիս ճկուն, խելացի ձևով գործը կազմակերպելու, այլ ասոր հետ մտերմանալով, անոր թողեց և հիմքում ոչ թե գործը, այլ մարդկային գործոնը կարևորեց, հարկավ հուսախաբ կլինի: Եթե հարաբերություններ կառուցելիս չափանիշներ չպահեց, գործի որակը հաշվի չառավ, մարդուն աշխատանքի արդ յունքով չկարևորեց, այլ նախընտրեց մեկին, որ հաճոյանալ գիտի, որը «անուն», պաշտոն ունի կամ էլ արտաքին ինչ­ինչ դրսևորումներով հարաբերություններ կառուցելու ճկունություն ունի, անշուշտ չի հաջողի: Միայն Հայաստանում չէ, աշխարհի չորս կողմը կսպասեն այդպիսի մարդկանց… որսալու համար: Աշխարհը չգրված օրենքներ ունի: Հայաստանը բացառիկ տեղ չի, ուր միայն դրական մարդիկ կան: Մենք հատուկ լավը չենք, ոչ էլ հատուկ վատը: Մենք նորմալ ժողովուրդ ենք` բարձրն էլ ունենք, ցածրն էլ, բանտի գողն էլ ունենք, ազնիվ էլ ունենք, պարկեշտն էլ ունենք, մարմ նավաճառն էլ .. Սարոյանն է չէ՞ ասել:
­

Գիտեք, դեռևս 90­ականների կեսերին, Իտալիայում ազգային ինքնության նվիրված գիտաժողով էր կազմակերպվել, որին մասնակից սփյուռքահայ մեր հայրենակիցներից մի քանիսը, որոնք իրենց աշխատության շրջանակներում քննության էին առել արմատ­ծննդավայր­հայրենիք հարցը, համոզված էին, որ հայի պարագային հայրենիք պետք է ճանաչվի այն տարածքը, որտեղ ծնվել ու ապրել և որտեղից արտաքսվել են Մեծ կոտորածների ժամանակ իրենց հայրերն ու պապերը: Եվ այս մոտեցմամբ էլ Արևելյան Հայաստանը որպես հայրենիք չի կարող դիտվել սփյուռքահայ այն հատվածի համար, որի արմատը Արևմտյան Հայաստանում է մնացել: Հետևաբար ինքը որևէ պարտավորություն չի զգում և պարտավոր էլ չէ ունենալ ներկա սահմաններով Հայաստանի հանդեպ:
­

Ատիկա փախուստ է ինքն իրենից, սեփական եսը ժխտելու մի եղանակ է: Սխալ մոտեցում է, վստահ եմ: Ես այդ մտայնությունը չունիմ: Ամենալավ Հայաստանը, ամենաիրական Հայաստանը սա է: Արևմտյան Հայաստանը իմ ծնողներիս ծննդավայրն է, իմ սրտի հայրենիքն է, իմ երազանքն է, իմ սերն է: Հորս, մորս ցավն է, որի ոխն առնելու պարտքը իմն է կամ իմ զավակինն է: Տարբեր է: Այսօր սա ունեմ: Ասիկա է իմ Հայաստանը: Սա սկիզբն է այն ամենամեծ բարձունքների, որին դեռ պիտի հասնենք: Այդ հույսով է, որ այստեղ եմ: Հարկավ հուսախաբություններ ես էլ ունեցել եմ, բայց ոչ թե ժողովրդից, այլ` երկրի ղեկին կանգնածներից: Վստահ եմ, սակայն, որ այս ժողովուրդը, ժողովրդի ուսյալ հատվածը կամ բոլորս միասին ձևը պետք է գտնենք իրավիճակը շտկելու:
­

Ժողովրդին վերևից օրենքներ են պարտադրում: Եվ որքան էլ ժողովուրդը փորձում է դիմակայել, դիմադրել կամ խոսքով համոզել դրանց սխալ լինելը, չի հաջողվում: Ի վերջո, հաղթող են դառնում նույն այդ օրենքների հեղինակները, որոնք էլ կանգնած են երկրի ղեկը պահողների շարքերում: Եվ նրանց թելադրանքով, նրանց բարձր հովանավորությամբ և մասնակցությամբ են օտարալեզու դպրոցներ բացելու, ռազմավարական նշանակության կառույցներ վաճառելու, երկրի ընդերքը բացելու և մարդկանց կյանքի համար վտանգավոր հանքավայրերը օտարին վաճառելու, անտառներ հատելու, կանաչ տարածքներ, պատմաճարտարապետական արժեք ունեցող շինությունները վերացնելու օրենքները հաստատվում…
­

Նայիր, ճիշտ ծովի պես է. օր կա ալեկոծ է, օր կա խաղաղ է: Սա կյանքի համն է: Ալեկոծումները նույնպես կյանքի համն են: Եթե չլինեն և ծովը միշտ հանդարտ մնա, ապա նրա տագնապ ու վախ առաջացնող ալիքների զորությունը չես տեսնի, ջրի փոփոխական գույներով չես զմայլվի, ջրապտույտների հզոր ալեկոծումից շնչասպառ չես լինի: Վերջին նման «ալիքի» միջոցով, օրինակ մենք նորեն կզգանք, թե ինչպիսի կարևոր արժեք է մեր լեզուն: Պետք է ժամանակ առ ժամանակ ամեն ինչ խառնել, զորավոր հատիկները զատելու համար: Հողը, որ չփորես, ջուրը չի կարենա կլանել ու կամրանա այնքան, որ ծիլ ու ծառ չի բուսնի: Ջուրը միշտ հոսելու և նոր հունի պահանջ ունի: Արդեն չգիտեմ քանիերորդ անգամ կյանքիս մեջ տնտեսական, ֆինանսական անկումների ականատեսն եմ: Սա էլ պրոցես է, որ դասարանից դասարան փոխադրվելու է նման: Եղբորս երկու զավակները մի օր ինձ ասացին. «Հորեղբայր Վահագն, մեր Ժիրայր հայրն ու Գևորգ հորեղբայրը կյանքից հեռացել են, դուք եք մնացել, ուզում ենք ձեր կյանքի փորձի մասին պատմեք, ձեր փորձությունները փոխանցեք մեզ, որպեսզի իմանանք, թե ինչպես դիմանանք նման ցնցում ներին»: Ժառանգական փորձը կարևոր է, անշուշտ, բայց սեփական կյանքի փորձը դպրոց էլ չէ, ակադեմիա է անհատի համար: Ժողովուրդն ու երկիրը նույնպես սեփական փորձառության ճամփան պիտի անցնեն, ճիշտ հունը պահելու համար:
­

Ցավոք, բոլորը չէ, որ կարողանում են կյանքի դասերը յուրացնել, մանավանդ որ նաև «ֆատում» կամ ճակատագիր կոչված գործոնը կա: Ո՞րն է կյանքի ձեր բանաձևը, որին հետևելով կարողացել եք մասնագիտանալ ընտրած ասպարեզում և նկատելի հաջողությունների հասնել:
­

Առաջին մասնագիտությամբ ես ֆիզիկոս եմ: Ֆիլադելֆիայի համալսարանի ֆիզիկայի բաժինը ավարտեցի ու գործ սկսեցի փնտրել: Օտար մի երկրում, որի քաղաքացին չեմ: Ամեն տեղ նույն հարցը կտային և նույն պատասխանը կստանային. «Ամերիկյան քաղաքացիություն ունե՞ս»: «Քաղաքացի չեմ»: «Քաղաքացիություն ունե՞ս»: «Քաղաքացի չեմ».. Այսպես ամիսներ շարունակ: Մինչև որ չհիշեցի ուսանողության առաջին տարիների Ամերիկայում ծնված ընկերուհուս, որի հետ պիտի ամուսնանայի: Բայց չամուսնացա, որովհետև հանդիպեցի Հասմիկին և ճակատագիրս փոխվեց, կենսագրությունս փոխվեց, ամեն, ամեն ինչ փոխվեց և դրա համար բախտավոր եմ.. Ուրեմն, հերթական անգամ, երբ գնացի աշխատանքի, էլի նույն հարցը տվին, նույն պատասխանը տալու պահին հանկարծ հիշեցի նախկին ընկերուհուս` Նոյեմին: Հիշեցի ու անմիջապես վրա բերի` «Բայց ամերիկացի ընկերուհի ունեմ, որի հետ շուտով պիտի ամուսնանամ»: «Օ՜, ասացին,­ լավ է»: Եվ ընդունեցին աշխատանքի: Առաջին իսկ օրերին իմացա, որ ինձնից առաջ նույն այս տեղում աշխատած մարդիկ ամենաշատը երեք ամիս են դիմացել: Լաբորատորիա էր` խոշոր հաստատության վերջին օղակը, որի «միջով» ստացված արտադրանքը փաթեթավորում և պատվիրատուին էին ուղարկում: Հենց սկզբից հասկացա, որ մինչև փաթեթավորելը տիեզերագնացության անհրաժեշտ արտադրանքի պիտանելիությունը պետք է ստուգեի: Օրվա վերջում երբ հարցրին, թե` «Քանիսը առաքեցիր»: «Երկու փաթեթ ուղարկեցի»: Նրանց տարակուսած հայացքները տեսնելով, բացատրեցի, որ մնացյալը պիտանի չէին: «Ինչպե՞ս իմացար»,­ հարցնում են: «Թեստավորման միջոցով»,­ պատասխանում եմ և անմիջապես ցույց տալիս, թե ինչպես եմ կարողացել զատել պիտանին ոչ պիտանիից: Մի քանի օր հետո, երբ ֆիզիկոսները տուն էին գնում, ես մի քանի ժամ հավելյալ մնում էի, որպեսզի առավոտյան գալով, արդեն ձեռքի տակ պիտանի նյութ ունենան ու այլևս ապարդյուն ժամանակ չվատնեն: Ուրեմն, առաջին բանը, որ արեցի, արդյունավետ աշխատանքի կազմակերպումն էր:
­

Պարզ է, երեք ամսից հետո ձեզ աշխատանքից չազատեցին:
­

Չազատեցին, թեպետ դժվար ժամանակներ էին սկսվել: Ամերիկայում տնտեսական ճգնաժամ էր: Զինվորները վերադառնում էին Կորեայից, և այդ պատճառով էր նաև, որ մեծ կրճատում ներ և մեծ գործազրկություն եղավ: Ում էլ պահում էին, նախկին աշխատավարձի կեսն էին տալիս: Կրճատելու խնդիր չկար, բայց աշխատավաձի նվազեցում կարող էր լինել: Չսպասեցի, որ իրենք կանչեն, ինքս նախահարձակ եղա: Գնացի բաժնի վարիչի մոտ. ­Պիտի ամուսնանամ,­ ասացի,­ ես չեմ կարող ձեր տված չնչին գումարով ընտանիք պահել:
Գիտեի, որ ամուր եմ կանգնած և չեն ուզի ինձ նման աշխատավորից զրկվել: Շաբաթական 98 դոլար էի ստանում, կիսեին եթե, պիտի 48 դոլար դառնար աշխատավարձս: «Հոգ մի անի,­ ասավ,­ գնա գործդ շարունակիր»: «Չէ, ­ասի,­ գործը շարունակելու համար պետք է շաբաթականս ավելացնեք»…
Երեք տարվա ընթացում ութ նորարարության հեղինակ դարձա: Ամեն մեկի պատենտավորումից հետո 1000 դոլար ստացա: Ամերիկացիները, որ Սովետմիությունից ետ էին մնացել տիեզերագնացության ասպարեզում, իմ հայտնա գործությունները ուրախությամբ էին գործածում: Տիեզերագիտությամբ զբաղվող ամենահեղինակավոր հաստատություններից սկսեցի հրավերներ ստանալ: Ավելի վստահ էի արդեն: Մեր հաստատության տնօրենը հատուկ վերաբերմունք ուներ ու հաճախ էր ինձ իր տուն ճաշի հրավիրում: Մի անգամ, ճաշից հետո բիլիարդ խաղալու ժամանակ, անկեղծ մի խոսակցություն սկսեցի. «Չառլի, հիշում ես, որ քեզ ասացի, թե ամերիկացի աղջիկ կա, որի հետ պիտի ամուսնանամ: Բաժանվեցինք: Հիմա ուրիշ մի աղջկա հետ պիտի ամուսնանամ, որ ոչ ամերիկացի է, ոչ էլ քաղաքացիություն ունի: Ես էլ արդեն բավական ժամանակ է երկրից հեռանալու պահանջով թղթեր եմ ստանում: Գրում են, թե ուսումդ ավարտել ես, պիտի լքես Ամերիկան: Ասում են, թե պիտի գնաս այսինչ նավահանգիստը, գտնես այսինչ նավը ու թիվ այսինչ նավասենյակը զբաղեցնելով, ետ երթաս այնտեղ, որտեղից եկել ես: Ասավ. «Էդ նամակները, այսուհետ բեր ու տուր ինձ»: Ամեն անգամ հերթական ծրարը վերցնելիս, ասում էր. «Հոգ մի անի: Հոգ մի անի»: Մի օր էլ պայթեցի. «Ինչպե՞ս հոգ չանեմ, որ արդեն ամուսնացել եմ, դուք էլ ներկա եք եղել Հասմիկի ու իմ պսակադրությանը»: «Լավ,­ ասաց,­ մի վայրկյան..», և բարձրախոսով կապվեց մեր հաստատության փաստաբանի հետ: «Այսինչ մարդը այսպիսի մի խնդիր ունի, ի՞նչ կարող ենք անել, որ մեզ մոտ պահենք»: Հարցրեց. «Վստա՞հ ես, որ ուզում ես պահել»: «Այո»­ն շատ հաստատ հնչեց: Փաստաբանի պատասխանը չուշացավ. «Այդ նամակները թող ինձ ուղարկի, իրեն էլ ասա` հանգիստ մնա»: «Կողքիս է, լսեց ասածներդ»: Էդ օրվանից, ստացված ծրարները ոչ թե Չառլիին, այլ փաստաբանին էի ուղարկում: Մի օր էլ առավոտյան, փոստարկղը բացելու պահին ուշադրությունս շատ բարակ մի ծրար գրավեց: Կարծես մեջը դատարկ էր: Չգիտեմ ինչու, չուզեցի կամ չէի շտապում բացել: Նորից ձեռքս առա, իսկապես բան չկա՞ ներսում: Շրջեցի ու թափ տվեցի, միջից ընկածը «գրին քարտ» ասվածն էր: Աչքերիս չհավատացի: Զանգահարեցի Ժիրայր եղբորս` լուրը հայտնելու համար: Չհավատաց: Իզուր չենք Թովմաս անհավատ կոչել նրան: «Անպայման տունս պիտի գաս»,­ պարտադրեց: Խոստացա, միայն թե աշխատանքից հետո: Գրին քարտն առա ու գնացի հիմնարկ: «Չառլի, «գրին քարտ» ստացա»: Ամերիկայում ծնված, ամերիկյան քաղաքացու բոլոր արտոնություններն ունեցող մարդը ի՞նչ պիտի հասկանա, թե ի՜նչ ապրումներ են ունենում նրանք, ովքեր երկրում ապրելու իրավունք են ստանում: «Տուր տեսնեմ, էդ ի՞նչ է»: Վերցրեց, կողքինին տվեց, կողքինն էլ մեկ ուրիշին ու էդպես` ձեռքից­ձեռք անցավ ու երբ աշխատանքային օրվա վերջում ետ վերցնել ուզեցի, չկար: Սկսեցի փնտրել, բավական ուշ հասկացա, որ ժամանակս իզուր եմ վատնում: Հսկա շենքում «գրին քարտս» անհետ կորավ: Գնացի Ժիրայրի մոտ, պատմեցի գլխիս եկածը, «Հերիք է պատմություններ հորինես»,­ բարկացավ ու էլի չհավատաց: Բայց հավատար­չհավատար, արդեն Ամերիկայի քաղաքացի էի: Այսպես, երեք տարի նույն տեղում աշխատեցի, շաբաթականս ավելացրել էին, նոր գյուտեր էի ներկայացնում, որոնք անմիջապես գործի մեջ էին ներդրվում: Ֆիզիկայի ասպարեզում բավական մեծ համբավ ունեի: Աշխարհի ամեն կողմեն կկանչեին տարբեր առաջարկություններով` դասախոսություններ կարդալու, գիտաժողովների մասնակցելու.. Լավ էր, բայց պահ եկավ, որ մտածեցի ավելի մեծ գործեր նախաձեռնելու մասին:
­

Չե՞ք ափսոսում, որ գիտության ասպարեզը թողեցիք: Չէ՞ որ ինքներդ եք ասում, թե այդ ծիրի մեջ մեծ համարում և ճանաչում ունեիք և նյութապես էլ վստահաբար ապահով կյանք էիք վարելու:
­

Ոչ, որովհետև գնացի այն ճանապարհով, որը հայրս էր ընտրել: Հորս գործի շարունակողը դարձա: Հայրս Իրաքի ամենախոշոր կոնստրուկտորներից մեկն էր: Պարսկաստանից մինչև Բաղդադ ձգվող ճանապարհներն ինքն էր կառուցել: Բաղդադից մինչև Մոսուլ, Քաբուլ ճամփաները, կամուրջները հորս` Ստեփան Հովնանյանի մտքի ու աշխատանքի արդյունքն են:
­

Մշակույթի հանդեպ ունեցած սե՞րն էլ եք ձեր հորից ժառանգել:
­

Հայրս միշտ Նարեկացի կկարդար: Զավակներին ասում էր. «Հայերեն պիտի կարդաք, հայկական մշակույթ պիտի իմանաք»: Նրա վեց երեխաներից (երկու քույր, չորս եղբայր էինք), հայկական դպրոց ամենաշատ գնացողը ես եղա: Ավարտեցի, նոր օտարալեզու դպրոց մտա: Մի քանի բան կա, որ պատկանելություն պահելու համար կարևոր է` ԼԵԶՈՒՆ, ԿՐՈՆԸ, ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԸ: Այդ ամենը պահելով է ժողովուրդը կարողանում շարունակել իր երթը ժամանակի մեջ: Եթե մեկը չունենա այս ամենից, ճանապարհը կխոտորվի: Մենք այդ ձևով կմտածեինք: Փոքր էինք, բայց շաբաթ, կիրակի օրերին անհամբեր կսպասեինք ռադիոյից հայրենիքի ձայնը լսելու: «Երևանն է խոսում, Երևանն է խոսում» խոսքերը հնչելուց առաջ մենք կպառկեինք գորգի վրա ու կպատրաստվեինք նոր երգերի տողերը գրելու: Առաջին տողը մեկս էր գրում, երկրորդ տողը` մյուսը, Անահիտ քույրս էլ լավ լսողություն ուներ, մեղեդին էր սովորում: Հետո «հավաքում» էինք նոր երգն ու միասին երգում: Ընտանեկան երգչախումբ կազմեցինք, երբ տունը հյուր էր գալիս, հայրս ասում էր` երգեք: Մենք էլ սիրով կերգեինք:
­

Փաստ է, որ Հովնանյան ազգանունը նախնական շրջանում միայն «Վահագն» թաղամասի ծնունդով հայտնի չդարձավ հայրենիքում: Զուգահեռաբար նախ` «Սայաթ Նովա» երաժշտական մրցանակաբաշխություն անցկացվեց ձեր հովանավորությամբ: Սրան հաջորդեց «Վահագն» մրցանակաբաշխությունը, որն ավելի խոշոր նախաձեռնություն էր, քանի որ ներառում էր մշակույթի բոլոր ասպարեզները:
­

Առաջին` «Սայաթ­Նովա» մրցանակաբաշխությունը կազմակերպվեց, որովհետև նոր երգերի կարոտ ունեի: Սփուռքի մեջ մեզ պահողը, ինչպես ասացի, նաև հայ երգն էր: Մի անգամ, Երևան վերադառնալիս, ինքնաթիռում հանդիպեցի այն տարիներին Հայաստանի մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանին: «Ինչու՞ նոր երգեր չեն գրվում,­ հարցրի,­ ճիշտ է, որ պատերազմի մեջ ենք, շրջափակման մեջ ենք, բայց նոր հերոսներ ունենք, որոնց քաջագործությունները նոր երգերի հիմք կարող են դառնալ: Երգարանները թարմացվելու, նորոգվելու պահանջ են դնում»: «Եկեք սկսենք այդ գործը»,­ առաջարկը սրտովս եղավ ու քանի որ Սայաթ Նովա շատ կսիրեմ, ուրեմն նրա անունով էլ կոչեցինք մրցանակաբաշխությունը: Վստահեցա, բայց հետո տեսա, որ ուրիշ գաղափարներ ունեին… Իսկ ես ուրիշ նպատակ կհետապնդեի: Ամեն ինչ ապրեցնելով է, որ կապրես: Առանց սիրելու չես կարող ոչինչ սովորեցնել: Եթե երեխայի մեջ գեղեցիկի հանդեպ սեր արթնացնես, նա գեղեցկությունը գնահատել կիմանա: Բախտավոր եմ, որ ծնողքս մեզ մեծացրին գեղեցիկի հանդեպ սեր պատվաստելով: Հրաշք էր իրական:
­

Իսկ հասուն տարիքի հրաշքը ո՞րն էր: Թե՞ հրաշքները միայն վաղ մանկության ու պատանեկության տարիներին են պատահում մարդուն:
­

Չէ, ինչու՞: Ամենամեծ հրաշքը կյանքում կարծեմ քո ճիշտ կեսին գտնելն է: Երկու ոտքով քայլող մարդը շատ հեռու չի կարող գնալ: Անչափ կարևոր է կյանքի լավ ընկեր ունենալը: Ճամփաները, որ կյանքիդ ուղին են նախանշում, չորս ոտքով անցնելը ավելի դ յուրին է լինում: Բախտավորություն է: Ամենամեծ հրաշքը դա է: Հավատա, կողքիդ քեզ սիրելի անձ ունենաս, կյանքիդ ընթացքին ուրիշ հրաշքներ էլ կկատարվեն:

Զրույցը վարեց ՌՈՒԶԱՆՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Comments

comments