Սուսաննա Հարությունյան «ՏԻԵԶԵՐՔԻ ԲԵՌՆԱԿԻՐԸ»

Susanna

Երկրագնդի կյանքում այն օրերն էին, երբ մարգարեներից սկսած ու անընդմեջ իրար հաջորդող երկրաշարժ-փոթորիկով վերջացրած, բոլորն ավետում էին աշխարհի վերջը:

Ընկերուհուս Վանա ազնվացեղ կատուն փողոցային մի կատվի հետ քաք էր կերել և հանած չորս ձագերից, բոլորն էլ իրենց փողոցային հոր կերպարանքով, երեքին արդեն ցրել էր… Չորրորդ ձագը բերել էր ինձ` ցույց տալով, թե մեծ լավություն է անում. «… Որովհետև,- ասել էր,- եթե կատվի հետ խաղում ես, արյանդ ճնշումը կարգավորվում է»:
Կատվին լողացրել փաթաթել հին գիշերանոցի մեջ, սանրում էի մեկ էլ տեսնեմ եղբայրս արագ-արագ գալիս է, Գաբրիելն էլ ետևից` հմայիչ, գեղեցիկ տղամարդ. սիրահարվել կարելի էր: Հոգեառ հեշտակին էդպես տեսնելով շատ զարմացա, որովհետև իմ երևակայության մեջ նա զարգացած, մկանուտ ոտքերով և կոր մեջքով էր. ի վերջո, տիեզերքի բեռնակիրն է և ծանրությունը մեջքին անընդհատ վազքի մեջ է` դեպի երկիր և ետ. էն կողմից մահն է բերում, էս կողմից` կյանքը տանում:
Վախեցա. եղբայրս մեքենան խփած չլինի՞: Պարզվեց` եկել էր ասելու, որ մեր հորեղբորը տեղափոխել են հիվանդանոց, և ես, որպես ազգական, ուղղակի պարտավոր եմ նրա ետևից գնալու` ՙՀաց սարքիր տար՚։ Հիշեցրի, որ հորեղբայր չունենք, որ նա մեր պապի հոր հորեղբոր տղայի թոռն է.
– Ինչ որ է` հարազատ է. ընտանիք չունի ծնողները վաղուց են մեռել եղբայրը Ռուսաստանում կապնվել է մի լրբի հետ ու ռսացել` ոչ հայրենիք է ճանաչում ոչ էլ հարազատություն… Կարճ ասած հրեշտակն արդեն եկել է ետևից… Տիրություն պիտի անենք մինչև մեռնի: Փող կա՞ մոտդ թե՞ տամ… մսով մրգով` կարգին հաց սարքիր տար։ Ուրիշ բան չկա անելու, տասը օրվա գումարն էս գլխից մուծել եմ բայց թանկանոց դեղերն էլի ուզում են։ Ասացիր` փող ունես չէ՞։
Նրա պարտադրող տոնից ըմբոստացա.
– Հենց հիմա չեմ կարող հլա կատվիս մազերը պիտի ֆենեմ թե չէ որ գրիպ կպավ կսատկի:
– Կատու է վերջին հաշվով առյուծ չէ մի հինգ-տասը րոպե հազիվ տևի… համենայնդեպս էսօր կհասցնես հացը չէ՞։
– Հա բայց ուրիշ օրերի համար չեմ խոստանում։
– Պիտի խոստանաս,- պնդեց եղբայրս:
– Էս ի՞նչ բան է քաքն եմ ընկել ձեր ձեռը. ձեր էրեխեքից սկսած տատ ու պապով հոր ու մորով` բոլորին ես պիտի հասնեմ հիմա էլ բարեկամ` եսիմ ով` քեռու եզան գեղից… Ախ Աստված լրիվ դու ես մեղավոր. թե որ էս բախտն էիր տալու էս խելքն ո՞ւր էիր տալիս… մի հատ բութ անասուն ստեղծեիր` որ կողմը քշեին քշվեի,- խռոված, գնացի խոհանոց:
– Դե լավ Աստծո հոգին մի հանի,- մխիթարեց եղբայրս,- բժիշկն ասել է` երկար չի տևի չարորակ է կայծակնային տեսակը քառասուն օրվա մեջ տանում է մի տասը տասնհինգ օր էլ տանն է պառկել տակը բան չի մնում… Քսան-քսանհինգ օրն ի՞նչ է որ յոլա չտանենք։
– Քսան-քսանհինգ օրն ահագին բան է… էս ձմեռ օրով մեկ շուկա վազի մեկ հիվանդանոց… Իմ ինչ գործն է` հիվանդ է թե առողջ. ի վերջո ամեն մարդ Աստծուց ստանում է էն ինչին իրոք արժանի է: Մի տարի է` կոպեկ-կոպեկ փող եմ հավաքում որ կոշիկ առնեմ էն էլ հիվանդանոցի ճամփեքին պիտի մաշեմ ջա՛ն: Հո մենակ մեր հարազատը չէ՞ մյուսներին էլ կասեմ,- վճռեցի ես։
– Դե լավ գլուխ չունեմ կանանց հետ դու պայմանավորվիր` օրը մեկդ հաց տարեք տղամարդկանց էլ ես կասեմ` ամեն անգամ մեկը դեղորայքն առնի։

Եղբորս ճանապարհելուց հետո ջղային-ջղային մոտեցա հեռախոսին: Որպեսզի հաջողությունն ապահովեմ, վերցրեցի աշխարհի ամենակատարյալ աղոթագիրքը` Նարեկը, մի գլուխ ընթերցեցի, խաչակնքեցի ու գործի անցա:
Քեռուս աղջիկը ՙալլո՚-ից հետո նախահարձակ եղավ.
– էնքան կատաղած ենք էնքան… որ էլ չասած։ եղբորս էլ էր զանգել… Ասել ենք` էդպիսի հարազատ չունենք։ Կյանքում մի անգամ երեսը տեսած կա՞մ։ Հարցը հո գնա՞լը կամ տանե՞լը չէ հարցը մարդկությունն է։ Որ ամառները անտառներում ու լճափերում գառներ էր տժժացնում ուտում բա մենք ո՞ւր էինք… Կամ գնամ բոլորովին անծանոթ մեկին ի՞նչ ասեմ։ Ես էլ զբաղված։ Քիթ սրբելու ժամանակ չունեմ։ Լսեցի՞ր եվրախորհուրդը հայոց ցեղասպանության մասին է խոսել Թուրքիայի անդամակցության հետ կապված հոդված եմ գրում։
– Իզուր գլուխ մի տրաքացրու- նրա միամտության վրա ծիծաղեցի,- հայոց հարցի լուծումը դարձել է ահեղ դատաստանի պես մի բան. երբ պետք է` դրանով գայթակղում են միամիտներին երբ պետք է` անմիտներին սպառնում բայց այն այդպես էլ չի գալիս։ Հիմա ի՞նչ որոշեցինք հիվանդի հետ կապված։
Ու գնա՛ց` հակատանկային կրակահերթի տակտով.
– Բայց դու էլ լավ դոդ ես։ Բա ասում եմ չէ՞. 2005 թվականի Ամանորի գիշերը Հռոմի պապը կարդաց ամենակարճ ուղերձը ինչը նրա առողջության տեր մարդու համար ուղղակի հերոսություն էր… Դրանից առաջ Ցունամի անունով փոթորիկը երեսունմետրանոց ալիքներով սրբեց հարավասիական ափերն ու մարդկանց ձկների պես լցրեց օվկիանոս ինչի հետևանքով զոհվեց ամենաքիչը երկուհարյուր հիսուն հազար մարդ մի Էդքանն էլ համարվեց անհետ կորած այսինքն` ձուկ ու գազանների կողմից կերված… Իրաքում պատերազմը շարունակվում է… Ռուսաստանը առաջվա պես պոռնիկներ է մատակարարում աշխարհին ու Ամերիկա-Եվրոպաների հետ համաձայնության է գալիս աշխարհի նոր վերաբաժանման մասին… Ու էդքանից հետո ուզո՞ւմ ես որ ես մտածեմ ինչ-որ չեղած հարազատի մասի՞ն։ Ես հո՞ քո նման տնային տնտեսուհի չեմ լրագրող մարդ եմ հազար հարց ունեմ լուծելու։
Թերթեցի հեռախոսագիրքը։ Այբբենական կարգով հաջորդը գալիս էր մորաքրոջս աղջիկը։ Սա նվնվաց.
– Վա՛յ չեմ հասցնի դասերս… Դե գիտես մանկավարժությունը ծանր գործ է ժամանակ չունեմ բայց որ խղճիս դեմ չգնամ մի հիսուն դոլար ուղարկեմ դու ճաշ եփիր տար։
– Հիսուն դոլարն անում է երեք անգամվա ճաշ` մրգով մսով-բանով,- վայրկենական հաշվեցի ես,- դրանից հետո…
– Լավ հլա էդքան դիմանանք կտեսնենք։
Շուտ պարտվողներից չեմ. առավելևս` Նարեկի զորությունը նախկինում հազար անգամ փորձած: Հասկացա իմ սխալը: Պետք էր հենց սկզբից կարդալ, թե չէ թարս ու շիտակ, ետ ու առաջ. բա իհարկե՞` արդյունքն էս պիտի լինի: Տեղը-տեղին` խաչակնքեցի, միջնադարյան մանրանկարներով զարդարված կազմին նայեցի, նորից խաչակնքեցի` ՙԵս քո սուրբ զորությանը մեռնեմ՚: Բացեցի առաջին էջը, կատվին դրեցի գիրկս ու կատվի մազերի հետ խաղալով` կարդացի:
– Գիտե՞ս,- ասացի ես նրան,- Գաբրիել հրեշտակն արդեն եկել է:
Որից հետո մորաքույրս առանց շունչ քաշելու գնա՛ց.
– Էն էլ էդ մարդասպանը… մոռացե՞լ ես, կնոջ սիրեկանին սպանեց… թող իրեն կարգին պահեր, հիմա կողքին հարազատ ունենար: Ես դրա դատին մասնակցել եմ, դատավորի հարցին ի պատասխան փիլիսոփայում էր. ՙԵս գորդյան հանգույցը սրով կիսելու կողմնակից եմ, իմ կյաքնը կարճ է մարդկությունը վերադաստիարակելու համար՚: Տերտերն առաջին շարքից կանչեց. ՙՈրդիս, դարձի եկ՚: Պատկերացնո՞ւմ ես, մարդ էնքան լկտի լինի, որ տեր հորը ձեռ առնի: Ասեց. ՙՄիամիտ չլինենք տեր հայր, մենք գիտենք, որ դարձի բերելու հարցում նույնիսկ Աստծո հնարավորություններն են սահմանափակ՚: Էդ տեսակ մարդու համար էլ զանգել ես… Կամ դու ինչի՞ ես քեզ կոտորում, դրա տաք ու սառից բերանդ վառվե՞լ է: Մեծ բան` չարորոակ բա որ իմ հաստ աղիքն է բորբոքվա՞ծ… Չէ չէ չէ ես չեմ կարա տանից դուրս գամ էս ցրտին երեխեքս էլ դրսից գան` հաց դնող չլինի։ Այ մարդ կյանքն էս ո՞նց է փոխվել ո՞նց էլ էդպես ստից բանի համար դիմացինին նեղություն են տալիս:
Փորձեցի համոզել.
– Մարդասպան է, ինչ է` քո խղճի հանգստության համար…
– Ինչի՞ ես քեզ բողոքել եմ, թե խիղճս անհանգի՞ստ է։
-էդ մի անգամով աշխարհը չի քանդվի երեխեքդ էլ քառասուն տարեկան առողջ տղամարդիկ մի անգամ որ ճաշի փոխարեն բուլկի ուտեն` ոչինչ իսկ նա մեռնող հիվանդ է` խղճի հարց։ Գաբրիելն արդեն մի շաբաթ է` եկել, չոքել է դռանը:
-Հրեշտակով էլ մի վախեցրու… Ոնց որ առաջին անգամն է, էլ ոչ հրեշտակ է եկել, ոչ էլ տեսել ենք… Մեծ բան` չարորակ տնաշենը բա որ իմ փոխարեն լիներ ի՞նչ կաներ` հաստ աղիքիս ցավից աչքերիս դեմը սևանում է… բայց որ որոշեցի գնալ քեզ իմաց կանեմ։
ՙԱյո,- մտածեցի` չհանձնվելով,- Նարեկացին բոլոր դեպքերում մարդ է եղել, ոչ թե Աստված՚: Ուրախ, որ գտա անհաջողության պատճառը, գնացի Աստվածաշնչի ետևից:
Հորաքրոջս աղջիկն հավատացյալ էր պարտաճանաչ եկեղեցի էր գնում աղոթք անում տոն օրերին սուրբ ջուր ու սուրբ կրակ էր բերում եկեղեցուց բաժանում։ Նրա հետ հույսեր էի կապում։
– Գիտե՞ս,- ասացի ես նրան,- Գաբրիել հրեշտակն արդեն եկել է: Տերտերն էլ կողքին նստած ՙՀայր մեր՚ է արտասանում ու երկնավորին համոզում` Տեր ներիր նրան, ընդունիր նրան:
– Դու հասկանո՞ւմ ես` ի՞նչ ես ասում… էս պայմաններում երբ Հայաստանը Վրաստանի տարածքով բեռներ փոխադրելու համար չորս անգամ թանկ է վճարում քան մյուսները բեռներն էլ գալիս են մինչև վերջ թալանված ու հիմա նույնիսկ էդ ճամփան է փակ ես ի՞նչ տանեմ հիվանդանոց։ Հիվանդանոցի հացն էլ ընտիր պիտի լինի տան նման չէ որ մի դույլ ջրի մեջ երկու կարտոշկա գցես անունը դնես սոուս պիտի տեղը-տեղին արվի` յուղ ու կարագով մրգով, մսով-բանով… իմ ուժերից վեր է թող Աստված հասնի նրան։
Հեռախոսը ցած դրեցի, սարսափած, որ կյանքի կատաղության առջև այլևս անզոր են աղոթք ու Աստված, աղաչեցի. ՙՏեր ջան ինձ երբեք չթողնես մարդու բարության հույսին՚:
Ելք իրոք չկար: Շուկայից կաղամբ առա մի երկու կտոր միս միրգ գազար… բորշչանման ինչ-որ բան եփեցի` դիետայով` անգույն առանց տոմատի թարմ կանաչիով, ու գնացի հիվանդանոց:
Հիվանդը պառկած էր աչքերը փակ: Սիրտ չուներ, աչքերն այդպես էլ չբացեց: Տարածս դասավորեցի դարակի մեջ, նստեցի, նստեցի թողեցի եկա:
Տասներորդ օրվանից սկսած արդեն անմիս ճաշ էի տանում որովհետև դեղերի վրա շատ էր փող ծախսվում: Վերջին անգամ դեղը բժշկին հանձնելիս սրտնեղեցի.
– Բժիշկ շա՞տ կա…
– Ամեն օրգանիզմ իր առանձնահատկություններն ու ներքին պաշարներն ունի ինչ իմանամ` ինչքա՞ն կդիմանա։ Բայց… նման դեպքերում` էսօր-էգուց,- մահվան գալու ժամկետը ճշտեց բժիշկը:
– ճիշտը որ ասեմ շատ եք տանջում ձգձգում բա աղանդավորները ճի՞շտ չեն անում որ բժիշկ ու բուժում չեն ընդունում։
– Դուք դիմել եք իմ օգնությանը և ես իմ պարտքը կատարում եմ մինչև վերջ։ Հո՞ չեմ կանգնի նայի` ոնց է մեռնում։ Եթե շատ եք շտապում դուրս գրեմ տարեք տուն բայց քանի այստեղ է ես պետք է պայքարեմ։
– Բան չունեմ ասելու- ամոթից հումանիստ ձևացա,- ուզում եմ իմանալ ինչն-ինչոց է մենակ մարդ է կողքին հարազատ չկա թաղում է բան է պիտի կազմակերպվի ես իմ անելիքն եմ ուզում ճշտել թե չէ հո՞ չեմ վռազում էդ մարդու մեռնելու վրա։
– Վաղվա համար դեղորայք բերեք հետո կտեսնենք,- միակ հաստատ բանը, որ ասաց բժիշկը։

Եղբայրս ողջ օրը վազվզել էր գերեզմանի տեղի հարցով: Սպասածից շատ էին փող ուզել, գումարը պակասել էր, ինչ-որ մեկից էր ճարել, բայց էլի ուզած լավ տեղը չէին տվել, քարուքռայից էին հատկացրել: Տրակտորը փորելիս ապառաժների վրա կոշը կոտրել էր: Տրակտորիստը զայրացել էր, ասել.ՙՀարամ է էս տեսակ փողը, տասը էդքան էլ պիտի տամ, որ սարքեն՚: Եղբայրս նորից ետ էր գնացել, նոր տեղի համար նոր փողեր էին ուզել, մոտն էլ արդեն կոպեկ չէր եղել… Հողի և փողի սակավության պատճառով քաղաքաշինությունը թափանցել էր անդրշիրիմյան աշխարհ` որոշվել էր մեռելներին թաղել իրար վրա, և մեր բարեկամին բաժին էր հասել տատիս գերեզմանի երկրորդ հարկը։
Եղբայրս հենց նոր էր տուն մտել` հոգնած ու անտրամադիր, և սրտի նեղությունից տշեց կատվիս: Կատուն մլավելով թռավ օդ, ծեփվեց բազկաթոռին, ու խռոված փախավ պատշգամբ` լիզելու ցաված կողը:
– Օրվա վերջում մտա հիվանդանոց քո տարածից բան չէր կերել… վատ էր եղել միզել էր տակը կեղտոտել, սանիտարկան փնթփնթում էր բժիշկն ասեց` խնամող է պետք։
– Տղամարդ չե՞ս- կատաղեցի,- ասեիր` հիվանդը մեզնից դեղը մեզնից հացը մեզնից խնամողը մեզնից բա էդքան փողն ինչի՞ համար ենք մուծում։
– Արդարությունը վերականգնելու ժամանակ չէ. դրա վրա դարեր են ծախսվել և` ապարդյուն, մի բան արա` տակը կեղտոտել մնացել է կեղտի մեջ մեղք է խնամող է պետք։
– Ես չեմ կարող,- աչքերս նրա վրա չռած` ձեռքս վճռական խփեցի սեղանին։
– Դե մեկին գտիր օրը երկու-երեք հազարով… մի շաբաթ է թող յոլա տանի։
-Պահ,- ‎ֆ‎ռթացրի եղբորս միամտության վրա,- երկու-երեք հազարով քեզ հեչ բարև չեն տա։ Ո՞վ քո ծանր հիվանդի գարշոկը կթափի էդ գումարով… հինգհազարից պակաս չեն ուզի։
– Թեկուզ հինգ հազար հո մարդուն չե՞նք թողնի կեղտի մեջ։
… Մտքումս խնամող եմ փնտրում ու Գաբրիել հրեշտակի վրա զայրանում` այ մարդ, հո՞ տուրիստ չես եկել, ամիսներով մնաս… գործդ արագ վերջացրու, գնա:
Հիշեցի, որ ինչ-որ մեկը գալիս, մուտքից չոր հացեր է հավաքում, տանում, վաճառում խոզատերերին: Անմիջապես սկսեցի որոնումները: Հեշտ գտա. կողքի շենքից էր: Ճարպիկ, քոքված մի մայրիկ, որն ուրախ-ուրախ ու մեծահոգաբար վճարի չափը պայմանավորվեց. ՙԴու գիտես` քո խիղճը, ինչ կտաս` կտաս՚: Առավոտյան ժամը վեցին ճաշն եփեցի, ութին պառավի հետ գնացի հիվանդանոց:
Երեկոյան դարձյալ զանգեց եղբայրս.
– Էդ խնամողն անգրագետ պառավ է վատ էլ տեսնում է ինքը տարածն ուտում է հիվանդը մնում է սոված… ոչ էլ դեղերի անուններն է կարողանում կարդալ:
– Օտարից ի՞նչ պահանջես։
– Ուրեմն ասում ես` դու չես կարող… բայց ինչի՞ չես կարող` հիմա ճաշն ես չէ՞ եփում տանում էլի նրա վրա ժամանակ ես ծախսում։ Դու գնա մոտը նստիր ես ճաշն եփել կտամ կբերեմ։
– Ո՞վ կեփի։
– Հիմնարկում մեկը կա հետս դզվելու միտք ունի որ խնդրեմ կանի։
– Լավ է՞ էդ մի աման ճաշի համար քեզ տաս լրբի ձեռքը… պետք չէ առավոտ շուտ կեփեմ հետս կտանեմ։

Հենց հիվանդանոցի մուտքի մոտ հանդիպեցի եղբորս:
– Գիտե՞ս,- ասաց,- Գաբրիել հրեշտակն արդեն քիփ կանգնած է կողքին: Տեղափոխեցին բոքս շատ ծանր է ինձ ուղարկեցին տուն… ասում եմ` ինչի՞ սպասենք մեռնի նոր խառնվենք իրար բերեք թաղման փողը հիմիկվանից հավաքենք որ երբ մեռնի, էլ դեսուդեն չընկնենք։
– Դե լավ,- բաժանեցի աշխատանքը,- աղջիկներից` ես տղաներից` դու։

Աշխատանքի գնալուց առաջ եկավ եղբայրս:
– Մոտդ հեչ փող հավաքվե՞լ է,- իր հավաքածի մասին բան չասաց, բայց անտրամադիր էր, երևի սպասելիքները չէին արդարացել:
Գրպանիցս հանեցի ցուցակը.
– Հիսուն ժաննան է տվել հիշո՞ւմ ես հիսուն էլ տվել էր, որ հաց-մաց սարքեի տանեի։ Ընդհանուր հաշվով`տվեց հարյուր։ Հարյուր էլ Կարան։
– էդքան տվե՞լ է էդ աղքատ հալին` մալադեց։
– Հասոն քառասուն ուղարկել է քառասուն էլ կճարի կուղարկի… Երեսուն մորաքույրը…
– Ամոթ իրեն միլիոնի վրա նստած` երեսուն։ Իրեն էլ նեղություն չտվեց մի անգամ գնա հիվանդանոց, գոնե ճաշ տանի։ Ետ ուղարկի։ Ետ ուղակի ասա` էնքան շատ է հավաքվել որ էլ պետք չէ։
– Դե լա՛վ…- մատս սահեցրի ցուցակի վրայով,- Անուշ-Մանուշ զույգերն արդեն դուրս են եկել հարյուր դոլար էլ սրանք են բերում։ Որ պակասեց, մի քիչ էլ ես իմ հավաքած կոշիկի փողից կդնեմ: Մի խոսքով, հոգեհացին հաստատ կհերիքի, մնացածն էլ` հետո կերևա:
– Լավ հավաքիր մինչև վաղը առավոտյան բեր հիվանդանոց,- հանձնարարեց նա։
– Հիվանդանոց ինչի՞։
– Եսի՞մ։ Բժիշկը կասկածներ ունի ասում է. ՙԲժշկության բոլոր օրենքներով հիմա պիտի մեռած լիներ դիագնոզի հարցում սխալված չլինե՞նք մարդ ենք էլի վերջապես կյանքում էլ ինչ ասես հնարավոր է…՚։ Անալիզները պիտի տակից ծեր նորից արվի գումարած` հետազոտություն ինչ-որ գերժամանակակից սարքով որը նոր են բերել Եվրոպայից։ Ընդհանուր հաշվով` չորս հարյուր դոլարի ծախս։
– Վայ Աստված ջան- էլի կախվեցի Աստծո փեշերից,- գոնե սխալված լինեն էսքանից հետո փրկվի գոնե մեր չարչարանքը ինչ-որ կերպ արդարանա,- բժշկի կասկածից ուրախացած` թղթի վրա գրեցի ու նորից հաշվեցի հավաքածս ու հավաքելիք գումարի չափը։

Մի թեթև միրգ ու բանջարեղեն, մածուն ու թթվասեր. էնքան որ` դատարկ ձեռքով չգնամ, շտապեցի հիվանդանոց։ Հետո անալիզների պատասխանից կերևա` վաղն ինչ տանեմ: Աստիճանների վրա հանդիպեցի բուժքրոջը. ՙԴեռ անալիզների պատասխանը չեկած Ձեր հիվանդը մահացավ՚,-ասաց անտարբեր ու վազելով իջավ նոր հիվանդ ընդունելու։ Ետ դարձա: Հիվանդանոցի պատին փակցված ավտոմատից զանգեցի եղբորս.
– Գաբրիել հրեշտակը վերջապես արդարացրեց իրեն: Մեռավ,- տեղեկացրեցի առանց ցավի։- Գիտե՞ս, Հռոմի պապն էլ է մահացել: Նա մեռավ Հռոմի պապի մահվան օրը, ինչից իմ հարգանքը նրա հանդեպ մեծացավ, ուրեմն կարգին մարդ էր, իզուր էլ փնթփնթում էի:
– Մոտդ փող մնացե՞լ է,- հոգնած ձայնով հարցրեց եղբայրս։
– Հիսուն…
– Ուղարկի` տանք հերձելուն:
– Բա թաղո՞ւմը։ Նորի՞ց հավաքենք։
– Ամոթ է։ Էդքանն էլ մարդիկ որ իրենցից կտրել, տվել են էլի շնորհակալ ենք։- Նա մի պահ լռեց ընկալուչի մեջ,- մաման քո մոտ մի բրիլյանտի մատանի էր, չէ՞, թողել։
– Դա բացառված է դա քո կնոջ համար է թողել` հազար մուրազով ու թանկանոց է ոնց ուզում ես` թաղումն արա դրան ձեռք տվող չկա։
– Հենց վաղը չսիրահարվեցի… Հետո կառնենք, տեղը կդնենք։
– Բա որ սիրահարվե՞ս… Կյանքն անկախատեսելի բան է,- փիլիսոփայեցի,- ո՞վ է տեսել երեսուն տարեկան տղա պսակեն` առանց ոսկեղենի։ Ուրիշ բան մտածիր. տվող չկա։
– Դու հո խայտառակչի չե՞ս։ Փաստորեն` կինը չկա դիակը կա… Մեր արյունն է պիտի չթաղե՞նք։ Էսքան բանն արեցինք մատանի՞ն պիտի ափսոսենք։ Տար ոսկու շուկա գնահատել տուր, մինչև գամ։
Ինձ սարսափեցնում էր մատանին վաճառելու հեռանկարը.
– Բեր հեռագիր տանք եղբորը,- առաջարկեցի:
– Մինչև Նովոսիբիրսկից գա՛,- եղբայրս սուլեց,- էն էլ եսիմ` գա՞…
– Թող չգա թող փող ուղարկի։
– Բեր ուրիշի հետ հույսեր չկապենք։ Դու հլա մատանին տար…
– Մատանիով չես պրծնի… էդ մենակ հացուջուրը բա դրան շոր-մոր էլ է պետք առնել, մեռելին պիտի նոր հագցվի։
– Մաման մոտդ էլի բան էր թողել, չէ՞ ինչքան հիշում եմ…
– Լա՛վ էլ հիշում ես եթե քո նշանդրեքի կոստյումն ու վերնաշապիկը նկատի ունես` հա՜։
– Նասկի ու թաշկինակ էլ կար հետը։
– Կա՜ր բայց կճղեմ ու չեմ տա դա ուրիշ նպատակով է պահված… էն խեղճ կնիկը իր չապրած կիսատ գործերը ինձ է վստահել գնացել որ հանեմ հագցնեմ ուրիշի մեռելի՞ն,- մտքից, որ էն աշխարհում մորս հուսախաբ եմ անելու, լաց եղա։
– Հիմա ինչ ես առաջարկում. խայտառակ լինե՞նք… խեղճի տարածն էս աշխարհից էդ երկու փետի կտորն ու մի պիջակն է, դու եկել ես` ժլատություն ես անում: Եթե ուզում ես ճիշտն իմանալ` հիմա ո՞վ է հագնում էդ տեսակ օձիքով շոր հիմա դրանք հեչ մոդա էլ չեն…
– Քեզ որ մնա, մորս պահած ֆրանսիական դուխին էլ կտանես կցանես ուրիշի մեռելի վրա։
– Չէ այ էդ մեկն ափսոս է էդ պահիր լեվի գնալուց հետս կտանեմ։ Հլա սպասի պրծնենք…
– Հավատս չի գալիս` թե կպրծնենք,- հոգոց եմ հանում։
– Պրծանք էլի բան չմնաց…- ինձ ու իրեն հույս տվեց եղբայրս,- ի՞նչ մնաց որ` մի թաղում-էգնահող մի յոթ ու մի քառսունք զատիկ սբխեչ երկու մեռելոց, տարի ու քար քաշել…

Նարցիս 1, 2007

Comments

comments